Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 3:13

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այդ ժամանակ Հիսուս Գալիլիայից գալիս է Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու»։
   
    Տերն Իր ծառաների հետ է, Դատավորը մեղավորների հետ գնում է մկրտվելու։ Սակայն մի՛ վրդովվիր այս պատճառով. հենց այս խոնարհության մեջ է, որ առանձնահատուկ շողշողում է Նրա վսեմությունը։ Եվ ի՞նչ զարմանալու բան կա, որ Նա (Քրիստոս) մկրտություն է ստանում և մյուսների նման Ինքն էլ է գնում ծառայի մոտ։ Նույն Ինքը, Ով բարեհաճ էր գտնվել այդքան երկար ժամանակ (9 ամիս) կուսական որովայնում մնալու, մեր բնությամբ ծնվելու, չարչարանքներն ու խաչը ընդունելու և կրելու այն ամենը, ինչ Քրիստոս կրեց աստվածային տնօրինությամբ: Հրաշքն այն էր, որ Քրիստոս, Աստված լինելով, կամեցավ մարդ դառնալ, իսկ սրանից զատ մնացած ամեն ինչ արդեն սրա հետևանքն էր։ Ահա թե ինչու Հովհաննեսը նախապես իսկ ասաց, որ ինքն արժանի չէ անգամ Հիսուսի կոշիկի կապերն արձակելու (Ղուկ. 3։16)։ Դարձյալ, քանի որ Քրիստոս Ինքն է Դատավորը, Նա յուրաքանչյուրին տալու է այն, ինչին ամեն ոք արժանի է, և ամենքին առատորեն պարգևելու է Սուրբ Հոգու շնորհները, որպեսզի դու, Քրիստոսին մկրտության գնալիս տեսնելով, «չդատես» Նրա խոնարհությունը։
    Տերը եկավ Հորդանան, որովհետև Իմաստության Աղբյուրն (Գանձարանը) անժամանակ և անխոհեմ ոչ մի քայլ չէր գործում, այլ այն ամենը, ինչը որ Տերը ձեռնարկեց մեր փրկության համար, արեց ամենաճիշտ ժամանակին։ Լինելով Աստված և ամբողջ ժամանակի ու ողջ տարածության Արարիչը, Աստված Ինքը սահմանեց ժամանակը, և Իր այդ ժամանակվա բարեհաճ տնօրինություններով Նա արդեն իսկ նշանավորեց Իր գալիք փրկչական առաքելության սկիզբը` մարդկությանը պարգևելով Իր շնորհները` ծաղիկների նմանողությամբ։
    Աստվածային տնօրինության հաջորդ քայլը Հիսուսի` Հորդանան գալն էր։ Իսկ դա ե՞րբ պետք է տեղի ունենար։ Ա´յն ժամանակ, երբ Նա անցել էր մարդկային տարիքի անհրաժեշտ բոլոր փուլերը, երբ բարձրացել էր մարդկային բնության բոլոր աստիճաններով: Ա´յն ժամանակ, երբ փայլատակեց Նրա մարմնի և հոգու կատարելությունը, երբ երեսուն տարիների շրջափուլն անցնելով` Հիսուս կատարյալ (չափահաս) մարդ էր դարձել (համաձայն հրեական ընկալումների` մարդու չափահասության տարիքը 30-ն էր): Ճիշտ այդժամ էր, որ Քրիստոս հասավ Հորդանան, և Անմեղը մեղավորների հետ դիմեց մկրտության ու, Իր գլուխը Մկրտչի ձեռքի տակ խոնարհելով, համակվեց մկրտության արժանանալու բուռն ցանկությամբ։
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու:
   
    Այդ ժամանակ Հիսուսը Գալիլեայից գալիս է Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու նրանից: Աստվածային գործերը չեն կատարվում մարդկայինի նման ակամա շարժմամբ և պատահաբար, այլ կամավորաբար և նախատեսությամբ, ուստի [Հիսուսի] մկրտության խորհուրդն էլ [կատարվեց], ինչպես [աստվածային] բոլոր [գործերը]: Նա երեսուն տարի ապրեց առանց նշաններ ցույց տալու և ուսուցանելու, մինչև մարմնի հասակի կատարյալ դառնալը  132, երբ նաև մեր [մարդկային] ընդհանուր բնության առաքինությունն ու ուսուցանումն են վստահելի: Քանի որ հնարավոր չէր, որ Հովհաննեսը Հիսուսի ձեռքից բռնելով և տնից տուն շրջել տալով վկայեր Նրա մասին, ուստի [Աստված] նախ ուղարկեց Հովհաննեսին որպես կարապետի, որպեսզի փողահարեր՝ պատրաստելու համար Նրա մուտքի ճանապարհը: Եվ երբ փողի փոխարեն Ձայնը հնչեց և Թագավորի հրամանով միահամուռ հավաքեց ժողովրդին, այդ ժամանակ Թագավորն Ինքն էլ եկավ, սակայն ոչ թե հայրական շքեղ փառքով, որին դիմանալ չէին կարողանա, այլ հասարակ կերպարանքով՝ իբրև շատերից մեկը, որպեսզի դյուրավ մոտենային [Նրան]:

    Իսկ որտեղի՞ց եկավ Հորդանան: Գալիլեայից, այսինքն՝ Նազարեթ քաղաքից, որտեղ Եգիպտոսից վերադարձից հետո բնակվում էր Իր ծնողի հետ մինչև այդ պահը: Եվ [Հովհաննեսի]՝ անապատում հայտնվելու հենց սկզբից չեկավ, որպեսզի չասեին, թե միմյանց միացել և դաշինք են կնքել, այդ պատճառով է [Հովհաննեսը] վկայում Նրա մասին:

    Այլ մնաց, մինչև հավաքվեցին բոլոր նրանք, ովքեր լսեցին [Հովհաննեսի] քարոզության խոսքը, և ապա՛ եկավ: Նաև որպեսզի, լսելով [Հովհաննեսի] նախապես արված մեծ վկայությունը Նրա մասին՝ «Ով գալիս է իմ հետևից, ինձնից հզոր է, և ես արժանի չեմ Նրա կոշիկները տանելու», և՝ «Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու կրակով», Նրան Հովհաննեսի մոտ եկած տեսնելիս չկարծեին, թե մկրտության է գալիս իբրև [դրան] կարոտ մեկը:

    Նաև՝ երեսնամյա [տարիքում] մկրտության գալով՝ ամաչեցրեց մարկիոնականներին  133, ովքեր ասում են, թե Նա երևութապես է մարմնացել:

    Որովհետև եթե մարմինը ճշմարտապես չի առել, մկրտությանն ինչո՞վ էր մոտենում՝ աստվածային բնությամբ անշոշափելի լինելով: Եվ «երեսնամյա» ասելով՝ [Ղուկաս ավետարանիչը] ցույց է տալիս Նրա երիտասարդ տարիքը և ոչ թե մշտնջենավորությունը:

Իսկ խորհրդապես՝ քանի որ առաջին Ադամը երեսնամյա ստեղծվելո՛վ ընդունեց Հոգու փչումը, բայց չպահեց, այս երկրորդ Ադամը՝ Տերը, [նույն տարիքում] Հորդանանում [Սուրբ] Հոգու իջմամբ յոթնյակ շնորհներն  134 առնելով [առաջին Ադամի] նույն բնությամբ, [դրանք] տվեց նրա բոլոր ծնունդներին՝ Ավազանից երկրորդ ծննդյան միջոցով: Ահա այս պատճառո՛վ [Տերը] եկավ Հորդանան՝ մկրտվելու Հովհաննեսից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

    13-17․ Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ' նրանից մկրտուելու: Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի'նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո'յլ տուր հիմա, որովհետեւ այսպես վայեյ է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց: Եւ երր Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ, եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում եր ինչպես աղաւնի եւ գալիս էր իր վրայ: Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա' է իմ սիրեի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
   
    Մոտ վեց ամիս էր, ինչ Հիսուս Հորդանանի եզերքներին Իր կարապետության պաշտոնն էր վարում: Լրանում էր Հռոմեական 779 և մեր թվականության 26-րդ տարվա վերջին կեսը: Լրանում էր նաև Հիսուսի երեսուներորդ տարին, որով և պիտի բացվեր Նրա հրապարակային կյանքի ասպարեզը: Հովհաննեսի ունեցած համբավը առիթ էր՝ պատրաստելու Հիսուսի հայտնությունը, որովհետև, Աստվածային նախախնամությամբ, տնօրինական բոլոր պարագաները պետը է մարդկային կյանքի պահանջների հետ համաքայլ ընթանային: Իսկ Հիսուսի հայտնությունը պետք է սկսվեր աննշմարելի նախապատրաստություններով: Հիսուս, դուրս գալով Նազարեթից, Գալիլիայից անցնելով Սամարա և ապա Հարավային Հրեաստան, հասավ Հորդանանի եզերքը՝ Բաթաբրայի կողմերը, ուր Հովհաննեսի կենտրոնն էր և որտեղ կատարվել էին Հին Օրինաց սքանչելիքները, այսինքն՝ երբ Հեսուն առաջնորդեց հրեաներին և չոր ոտքերով անցան Հորդանանը Հես․ 3։16, ինչպես նաև Եղիայի վերարկուի շնորհիվ գետի ջրերի երկու մասի բաժանվելը Դ Թագ․ 2։8:
    Երբ հավաքված բազմությունից շատերը, դիմելով Հովհաննեսին, հանել էին զգեստները և մտել Հորդանանը, իբրև նրանցից մեկը, Հիսուս ևս մոտեցավ: Բայց Հովհաննեսը, անշուշտ Սուրբ Հոգու ազդեցությամբ, ճանաչեց Նրան: Թեև Եղիսաբեթի և Մարիամի զավակները, որպես ազգակից թոռնորդիներ, սկզբնական շրջանում միմյանց ճանաչում էին, սակայն բավականին ժամանակ էր, ինչ Հովհաննեսը Հուդայի անապատում էր, իսկ Հիսուս՝ Գալիլիայի Նազարեթում: Նրանք ապրում էին միմյանց չտեսնելով: Շատ քիչ ժամանակ էր անցել այն պահից, երբ Հովհաննեսը հայտնել էր Հիսուսի մեծությունը: Սակայն երբ տեսավ, որ Հիսուս ևս, մի սովորական մարդու նման, կամենում է մկրտվել, չկարողացավ զսպել իրեն, անհարմար զգաց: «Ես, - ասաց, - պետք է քեզանից մկրտություն ընդունեմ, դու ինչպե՞ս ես իմ կողմից մկրտվել ուզում»: Հիսուս չհերքեց Հովհաննեսի խոսքերը, այլ ասաց. «Որքան էլ քո ասածը ճշմարիտ է, այնուամենայնիվ, աստվածային տնօրինությամբ կարգադրված է, որ պետք է իրականանա մարդկանց համար օրենք ու արդարություն կարծվածը: Ուստի, դու կատարիր քո գործը»: Հիսուս կամենում էր ասել, թե դեռևս Ւր վարդապետությունը չսկսած, ըստ մարդկային կարգ ու կանոնի, պետք է անցկացնի աշակերտության շրջանը: Հովհաննեսն անսալով Հիսուսի հրամանին' Բեթաբրայի հունի մեջ մկրտեց Նրան:
    Շատ նկարիչներ Հիսուսին պատկերում են մինչև գարշապարը ջրի մեք սուզված, իսկ Հովհաննեսին՝ փոքրիկ ամանով կամ ոստրեի խեցիով Հիսուսի գլխին ջուր լցնելիս: Բայց սա իրականությունը չէ: Մկրտվողն ամբողջությամր պետք է ջուրը մտներ և ջրի մեջ պիտաի մխրճեր նաև գլուխը: Իսկ մկրտչի դերը կայանում էր մկրտվողի գլուխը ջրում սուզել և հանելու մեջ:
    Հիսուսի մկրտությունը երկնային երկու համատեղ նշաններ ևս ունեցավ: Նախ՝ Հայր Աստվածն ի վերուստ երկնային ձայնով վկայեց. «Դու ես Որդի իմ սիրելի, ընդ քեզ հաճեցայ», որն ըստ Մաթևոսի պատմաբանորեն հիշատակված է հետևյալ կերպ. «Դա է Որդի իմ սիրելի, ընդ քեզ հաճեցայ»։ Իսկ բացված երկնքից մարմնացած երևաց Սուրբ Հոգի Աստված, իջավ աղավնակերպ և նստեց Հիսուսի վրա, որ էր ճշմարիտ Որդի Աստված: Այս հայտնությամբ, ինչպես և Ավետարանի սկզբում, բացատրվում էր Երրորդության կամ Երեքանձնյա Աստվածության խորհուրդը, որը նաև շատ գեղեցիկ կերպով մեկնում են բոլոր Սուրբ. Հայրերը:
    Այդ տեսիլքը Մարկոսը ներկայացնում է որպես Հիսուսի կողմից տեսնված՝ գրելով, թե «Ետես ցելեալ զերկինս»։ Սա Մկրտիչը հաստատում է, ասելով. «Եւ ես տեսի» Հովհ․ 1։34: Արդյո՞ք հավաքված ժողովուրդը կամ նրանցից ոմանք ևս տեսան այդ տեսիլքը, դժվար է ասել, քանի որ Ավետարանիչներն այդ մասին լռում են: Ոչ էլ որևէ ակնարկություն կա, թե նորահրաշ տեսիլքն ու ձայնը զարմանք կամ սոսկում առաջացրին ներկաների մոտ: Հետևաբար մեկնիչներն ավելի նպատակահարմար են գտնում կարծել, թե տեսիլքը սահմանված էր Հովհաննու հավատքր Հիսուսի նկատմամբ էլ ավելի ամրապնդելու համար, որպեսզի ինքը ևս կարողանա համարձակորեն ժողովրդի առջև Հիսուսի վերաբերյալ վկայություն տալ: