Սրբ. Ներսես Շնորհալի
Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու:
Այդ ժամանակ Հիսուսը Գալիլեայից գալիս է Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու նրանից: Աստվածային գործերը չեն կատարվում մարդկայինի նման ակամա շարժմամբ և պատահաբար, այլ կամավորաբար և նախատեսությամբ, ուստի [Հիսուսի] մկրտության խորհուրդն էլ [կատարվեց], ինչպես [աստվածային] բոլոր [գործերը]: Նա երեսուն տարի ապրեց առանց նշաններ ցույց տալու և ուսուցանելու, մինչև մարմնի հասակի կատարյալ դառնալը 132, երբ նաև մեր [մարդկային] ընդհանուր բնության առաքինությունն ու ուսուցանումն են վստահելի: Քանի որ հնարավոր չէր, որ Հովհաննեսը Հիսուսի ձեռքից բռնելով և տնից տուն շրջել տալով վկայեր Նրա մասին, ուստի [Աստված] նախ ուղարկեց Հովհաննեսին որպես կարապետի, որպեսզի փողահարեր՝ պատրաստելու համար Նրա մուտքի ճանապարհը: Եվ երբ փողի փոխարեն Ձայնը հնչեց և Թագավորի հրամանով միահամուռ հավաքեց ժողովրդին, այդ ժամանակ Թագավորն Ինքն էլ եկավ, սակայն ոչ թե հայրական շքեղ փառքով, որին դիմանալ չէին կարողանա, այլ հասարակ կերպարանքով՝ իբրև շատերից մեկը, որպեսզի դյուրավ մոտենային [Նրան]:
Իսկ որտեղի՞ց եկավ Հորդանան: Գալիլեայից, այսինքն՝ Նազարեթ քաղաքից, որտեղ Եգիպտոսից վերադարձից հետո բնակվում էր Իր ծնողի հետ մինչև այդ պահը: Եվ [Հովհաննեսի]՝ անապատում հայտնվելու հենց սկզբից չեկավ, որպեսզի չասեին, թե միմյանց միացել և դաշինք են կնքել, այդ պատճառով է [Հովհաննեսը] վկայում Նրա մասին:
Այլ մնաց, մինչև հավաքվեցին բոլոր նրանք, ովքեր լսեցին [Հովհաննեսի] քարոզության խոսքը, և ապա՛ եկավ: Նաև որպեսզի, լսելով [Հովհաննեսի] նախապես արված մեծ վկայությունը Նրա մասին՝ «Ով գալիս է իմ հետևից, ինձնից հզոր է, և ես արժանի չեմ Նրա կոշիկները տանելու», և՝ «Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու կրակով», Նրան Հովհաննեսի մոտ եկած տեսնելիս չկարծեին, թե մկրտության է գալիս իբրև [դրան] կարոտ մեկը:
Նաև՝ երեսնամյա [տարիքում] մկրտության գալով՝ ամաչեցրեց մարկիոնականներին 133, ովքեր ասում են, թե Նա երևութապես է մարմնացել:
Որովհետև եթե մարմինը ճշմարտապես չի առել, մկրտությանն ինչո՞վ էր մոտենում՝ աստվածային բնությամբ անշոշափելի լինելով: Եվ «երեսնամյա» ասելով՝ [Ղուկաս ավետարանիչը] ցույց է տալիս Նրա երիտասարդ տարիքը և ոչ թե մշտնջենավորությունը:
Իսկ խորհրդապես՝ քանի որ առաջին Ադամը երեսնամյա ստեղծվելո՛վ ընդունեց Հոգու փչումը, բայց չպահեց, այս երկրորդ Ադամը՝ Տերը, [նույն տարիքում] Հորդանանում [Սուրբ] Հոգու իջմամբ յոթնյակ շնորհներն 134 առնելով [առաջին Ադամի] նույն բնությամբ, [դրանք] տվեց նրա բոլոր ծնունդներին՝ Ավազանից երկրորդ ծննդյան միջոցով: Ահա այս պատճառո՛վ [Տերը] եկավ Հորդանան՝ մկրտվելու Հովհաննեսից:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: