Երանելի Ներսես Լամբրոնացին՝ երկրորդ Պողոս տարսոնացի առաքյալը, սքանչելի այրը, քարոզության խոսքով՝ առաքելանման, Հայաստանյայց Եկեղեցու լուսավոր վարդապետը, Արշակունյաց ազգակից Հայկազունյաց տոհմից էր, Կիլիկիայի Լամբրոն դղյակի տիրոջ՝ Օշին Հեթումյանի որդին: Նրա մայրը սուրբ Ներսես Շնորհալու եղբոր՝ Շահանի Շահանդուխտ դուստրն էր: Իր անունը ստացել էր Ներսես Շնորհալուց, քանզի նրա առաջին անունն էր Սմբատ: Ներսեսն ուներ չորս եղբայր՝ Հեթում, Ապիրատ, Շահնշահ, Գրիգոր և երեք քույր՝ Մարիամ, Շուշան, Տալիթա:
Ներսես Լամբրոնացին ծնվել է 1153 կամ 1154 թվին: Երբ նա դեռ մոր արգանդում էր, ծնողներն ուխտ էին արել Աստծուն ընծայել իրենց զավակին: Բայց երբ ծնվեց, տեսնելով մանկան հրաշալի վայելչությունը՝ ասացին. «Չարժե այսպիսի գեղեցկությունն աշխարհից զրկել, սրա փոխարեն մյուս որդիներից մեկին տանք Աստծուն»: Շուտով տղայի վրա մահառիթ հիվանդություն հասավ: Նրա բարեպաշտուհի մայրը՝ Շահանդուխտը, նրան տարավ Լամբրոն ամրոցի մոտ գտնվող Սկևռայի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ նախքան մանկան ծնունդը ուխտ էր արել, և կրկին ուխտերով նրան ընծայեց Տիրոջը, և որպեսզի ուխտն անլուծանելի մնա, խանձարուրի մեջ նրա վրա քահանայական օրհնություններ կարդալ տվեց: Մանուկն անմիջապես առողջացավ: Երբ Ներսեսը մեծացավ, Աստծո շնորհները երևացին նրա վրա: Եվ սնված լինելով Աստծո երկյուղով՝ նա բոլորին ցանկալի դարձավ իբրև մարմին առած հրեշտակ:
Մի անգամ հայրը նրան տարավ Կոստանդնուպոլիս` Մանուել կայսեր մոտ: Կայսրը Ներսեսին հորդորեց մնալ արքունիքում. «Կմեծարեմ քեզ առավել մեծ փառքով,- ասաց,- քան քո հորը»: Մանուկը պատասխանեց. «Եթե անանց լինեին մեծությունները, կլսեի խոսքերդ, սակայն ես շտապում եմ հասնել անանց մեծությանը»: Այսպես խոսեց նաև Անտիոքի լատին կոմսի մոտ:
Սրանից հետո մանուկը սնվեց Սկևռայի վանքում, ճգնազգյաց և առաքինի Հովհաննես վարդապետի հոգևոր դաստիարակությամբ, առաջադիմեց սուրբ վարքով և գրքերի գիտությամբ, քանզի հոգևորի մեջ փութաջան էր և իմաստության ուսմունքների ծարավ, ուշիմությամբ՝ աննման, Աստծո Հոգու ձիրքերով զարդարուն: Ներսեսը տասնվեց տարեկան էր, երբ մեռավ հայրը, որն իր Հեթում որդուն կտակել էր հայրենի Լամբրոնի իշխանությունը, իսկ Աստծո նվիրյալ Սմբատին՝ Սկևռայի վանքի առաջնորդությունը, որի եկեղեցին ինքն էր շինել: Բայց այլ էին Սմբատի սրտի խորհուրդները, քանզի նա, ճգնության և անապատական կյանքի տենչանքով լցված, կամենում էր խույս տալ առանձնության մեջ և հրաժարվել եկեղեցական պատիվներից: Այս իմանալով՝ նրա մայրը՝ Շահանդուխտը, որպեսզի իր զավակը չհեռանա իրենից, որոշեց ուխտի գնալ Երուսաղեմ: Նա իր հետ Հռոմկլա տարավ պատանի Սմբատին՝ սուրբ հայրապետ Ներսես Շնորհալուց օրհնություն ստանալու նպատակով, և Շնորհալուն իրազեկ դարձրեց ամեն ինչի մասին: Շնորհալին, պատանուն տեսնելով, հոգով ճանաչեց աստվածային շնորհը, որ կար նրա մեջ, քահանա ձեռնադրեց նրան և իր անունով կոչեց Ներսես: Եվ հայրապետանոցում միառժամանակ պահեց, որտեղ նորընծա Ներսես քահանան, վայելելով Ներսես Շնորհալու հոգևոր խնամակալությունը, զգեցավ նրա հոգին: Ապա նրա հրամանով գնաց Սև լեռան վանքը: Եվ այնտեղ մնաց գիտնական վարդապետ Ստեփանոսի մոտ՝ սրբությամբ և իմաստությամբ օրեցօր փայլելով: Վանականները, տեսնելով Ներսես աբեղայի հոգու եռանդը, նրան խնդրեցին գործի դնել ի վերուստ տրված տաղանդը և քարոզչական գործունեություն ծավալել իր քաղա- քում՝ բազում մարդկանց հոգիներին ի շահ: Այդ նպատակով Ներսեսը եկավ Լամբրոն: Եվ տասնութ տարեկանում, որպես կատարյալ այր և բանիբուն ուսուցիչ, սքանչելի ու վսեմ խոսքերով քարոզում էր եկեղեցում, իբրև մի նոր Ոսկեբերան, և նրա շուրթերից շնորհներ էին բխում: Շուտով նրա անունն այնքան հռչակվեց, որ քաղաքացիները միաբան թախանձեցին նրան դառնալ իրենց եպիսկոպոսն ու մոտակա Սկևռայի վանքի առաջնորդը: Բայց երանելին խույս տվեց իր հոգևոր հոր՝ Հովհաննեսի մոտ, Տավրոսի լեռների մեջ, Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ գտնվող Շուղրի անապատի Սուրբ Աստվածածին կոչված միանձանց վանքը: Այնտեղ, անձուկ խցում առանձնանալով, նա օրերն անցկացնում էր աստվածային խորհուրդների մեջ մշտնջենամռունչ, արտասվաբուխ աղոթքներով, Սուրբ Գրքի, սուրբ հայրերի խոսքերի, շարագրությունների ու թարգմանությունների ընթերցանությամբ: Միայն կիրակիից կիրակի դուրս էր գալիս վանքի եկեղեցի՝ սուրբ Պատարագ մատուցելու: Մյուս օրերը խցի մեջ էր անցկացնում՝ մենամարտելով աներևույթ թշնամու դեմ՝ բազմօրինակ ճիգերով ու չարչարանքներով։ Նրա համար ուտելիք բերող սպասավորը շատ հաճախ տեսնում էր, որ նախկին բերվածներին ձեռք չի տրված:
Տերը նրան տվեց սքանչելագործելու շնորհ,և երանելին շատերին փրկեց պեսպես ախտերից, ազատեց չար դևերից: Եվ փառքից փախչելով` տեղը փոխեց: Մի անգամ Ներսես Շնորհալու կանչով գնաց նրա մոտ, բայց այս աշխարհից հեռացած գտնելով նրան` դարձավ իր անապատը: Այնժամ Շնորհալու հաջորդը՝ Գրիգոր կաթողիկոսը՝ Տղա կոչված, գրով իր մոտ կանչեց Լամբրոնացուն և ձեռնադրեց Կիլիկիայի Տարսոն քաղաքի արքեպիսկոպոս, 1176 թվին, երբ Ներսեսը քսաներեք տարեկան էր, քանզի քաջ գիտեր նրա առաքինությունն ու իմաստությունը: Եվ նա, որպես քաջ և արթուն հովիվ, խնամում էր բոլորին և բոլորի աչքում սքանչելի էր ու ճշմարտության հզոր քարոզիչ՝ և՛ խոսքով, և՛ գրով: Բայց մի տարի անց, տեսնելով, որ առաջնորդության գործը խանգարում է ընթերցելուն և աղոթելուն, գաղտնի գնաց Շուղրի իր անապատը, ուր քսանչորս տարեկանում գրեց եկեղեցական կարգերի մեկնությունը, պատարագի խորհուրդը և Եկեղեցու ժառանգավորաց ճառերը, իսկ հաջորդ տարում՝ 1178 թվին, իր հոգևոր հոր՝ Հովհաննեսի խնդրանքով ձեռնարկեց սաղմոսների խորհրդական մեկնությանը: Նույն ժամանակ նրա մայրն ու եղբայրները, Սկևռայի վանքի միաբաններով հանդերձ, սրբին կարոտած լինելով, կաթողիկոսի հրամանով վերադարձրին նրան իր տեղը: Բայց սակավ ժամանակ անց նա, խույս տալով փառքից ու զբաղմունքներից, դիմեց դեպի Եգիպտոսի ճանապարհը՝ թաքնվելու նախկին ճգնավորների անապատներում: Եվ երբ նրան հետամուտ մարդիկ ետ ուղարկեցին նրան, մի քանի օր հանգիստ առավ և մտերիմներից մեկի ուղեկցությամբ լռելյայն ընթացավ ետ՝ դեպի Սեպուհ լեռը, սուրբ Լուսավորչի ճգնարանը՝ բազում չարչարանքներով, ոտքերը պատառոտելով, բայց կես ճանապարհին բռնությամբ վերադարձրին նրան: Այսպես պատահեց երկուերեք անգամ քահանայության և եպիսկոպոսության ժամանակ, երբ ժողովուրդը նրան վերադարձրեց Սեպուհ լեռան ճանապարհից: Անծանոթ կերպարանքով դարձյալ փախավ Կիպրոս կղզին, հույն միանձանց վանքը, որի մասին ավելի ուշ իմանալով՝ ազգականներն եկան և այնտեղից տարան իրենց մոտ: Այնուհետև սուրբը, նրանց կամքին զիջելով, միառժամանակ իր տեղում մնաց՝ ծովացնելով իր վարդապետության խոսքերը և արբեցնելով ծարավներին: Նրա սրբության և իմաստության համբավը հնչում էր ամբողջ Հայաստանում, նաև հույների, լատինների, ասորիների մոտ, և նրա անունը բարձրացավ իշխանների առաջ: Ուստիև, նորից փառքից փախչելով, գնաց Շուղրի անապատի իր նախկին ճգնարանը և իր անձն առաջվա պես տվեց աղոթքների, տքնության, ընթերցումների: Բայց կաթողիկոսի հրամանով հարկադրվեց փութով վերադառնալ Հռոմկլա՝ հույների հետ միաբանության ժողովի համար, որի ժամանակ այն հրաշալի ատենաբանությունը խոսվեց: Թարգմանեց և Հովհաննու Հայտնության մեկնությունը՝ գրված Կեսարիայի արքեպիսկոպոս Անդրեաս Կրետացու կողմից:
Դրանից հետո, 1181 թվին, Տարսոնի Սկևռայի վանքում ավարտեց սաղմոսների մեկնությունը: Լամբրոնացին գրեց և Սողոմոնի առակների մեկնությունը, Ժողովողի և տասներկու մարգարեների գրքերի մեկնությունները, հորինեց նաև բազում ճառեր Տերունական տոների մասին, որոնցից է և Վերափոխման ճառը՝ սուրբ Աստվածածնին ընծայված նվիրական գործ, իսկ Համբարձման ճառը, և առավել ևս՝ Պենտեկոստեինը, սխրափայլ է ու հոգելից. նաև այլ գրվածքներ ու զորավոր նամակներ, բազմաթիվ թարգմանություններ հունարենից ու լատիներենից, նաև շարականներ, Շնորհալու վարքը (չափածո գրված) և այլ պեսպես հոգևոր աշխատություններ: Նաև Տարսոնի Սուրբ Սոֆիա եկեղեցում կարգ հաստատեց չորեքշաբթի և ուրբաթ օրերին հաց և բակլա բաժանել երեք հարյուր աղքատների, արեց նաև շատ բարեգործություններ իր հոտի համար: Սկևռայի վանքում շինեց նոր եկեղեցի: Իր հոր և եղբոր շինած եկեղեցու նավակատիքն արեց Նոր Կիրակիի օրը: Կրոնավորության քող և զգեստ տվեց իր երկու քույրերին՝ Շուշանին ու Տալիթային, նաև՝ իր բարեպաշտուհի մորը՝ Շահանդուխտին, հետո կրոնավոր դարձավ նաև մյուս քույրը՝ Մարիամը: Լամբրոնացին ապրեց մինչև Լևոնի` Հայոց թագավոր օծվելու օրերը Գրիգոր Ապիրատի կողմից, 1198 թվականի հունվարի 6-ը: Նույն տարում նրան հրավեր եկավ երկնքից՝ ըստ իր հանապազօրյա տենչանքների: Եվ, այս խոսքն ասելով՝ «Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին, Հիսո՛ւս, ընդունի՛ր քո Ներսեսի հոգին», մաքրափայլ հոգին ավանդեց հուլիս ամսի 14-ին, քառասունհինգ կամ քառասունվեց տարեկանում, և փառքով թաղվեց Սկևռայի սուրբ վանքում, Լամբրոնի դղյակի մոտ: Եվ նրա քեռորդու՝ Ներսես սրբակրոն քահանայի խնդրանքով, 1204 թվին, սուրբ վարդապետ Գրիգոր Սկևռացին կամ Լամբրոնացին, որ Սկևռայի վանքի առաջնորդության մեջ ճանաչվում է իբրև Ներսես Լամբրոնացու աշակերտ և հաջորդ, ընդարձակ ներբողական ճառ հորինեց: Թող և ուրիշ իմաստուններ ժամանակին հիշեն սուրբ Ներսիսյանց աշակերտներին, որոնց հավիտենական հիշատակն օրհնությամբ թող լինի:
Հաջորդիվ՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: