ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑՈՒ ՎԱՐՔԸ

Երանելի Ներսես Լամբրոնացին՝ երկրորդ Պողոս  տարսոնացի  առաքյալը,  սքանչելի այրը, քարոզության խոսքով՝ առաքելանման, Հայաստանյայց Եկեղեցու լուսավոր վարդապետը, Արշակունյաց  ազգակից Հայկազունյաց տոհմից էր, Կիլիկիայի Լամբրոն դղյակի տիրոջ՝ Օշին Հեթումյանի որդին: Նրա մայրը սուրբ Ներսես Շնորհալու եղբոր՝ Շահանի Շահանդուխտ դուստրն էր: Իր անունը ստացել էր Ներսես Շնորհալուց, քանզի նրա առաջին անունն էր Սմբատ: Ներսեսն ուներ չորս եղբայր՝ Հեթում, Ապիրատ, Շահնշահ, Գրիգոր և երեք քույր՝ Մարիամ, Շուշան, Տալիթա:

Ներսես Լամբրոնացին ծնվել է 1153 կամ 1154 թվին: Երբ նա դեռ մոր արգանդում էր, ծնողներն ուխտ էին արել Աստծուն ընծայել իրենց զավակին: Բայց երբ ծնվեց, տեսնելով մանկան հրաշալի վայելչությունը՝ ասացին. «Չարժե այսպիսի գեղեցկությունն աշխարհից զրկել, սրա փոխարեն մյուս որդիներից մեկին տանք Աստծուն»: Շուտով տղայի վրա մահառիթ հիվանդություն հասավ: Նրա բարեպաշտուհի մայրը՝ Շահանդուխտը, նրան տարավ Լամբրոն ամրոցի մոտ գտնվող Սկևռայի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ նախքան մանկան ծնունդը ուխտ էր արել, և կրկին ուխտերով նրան ընծայեց Տիրոջը, և որպեսզի ուխտն անլուծանելի մնա, խանձարուրի մեջ նրա վրա քահանայական օրհնություններ կարդալ տվեց: Մանուկն անմիջապես առողջացավ: Երբ Ներսեսը մեծացավ, Աստծո շնորհները երևացին նրա վրա: Եվ սնված լինելով Աստծո երկյուղով՝ նա բոլորին ցանկալի դարձավ իբրև մարմին առած հրեշտակ:

Մի անգամ հայրը նրան տարավ Կոստանդնուպոլիս` Մանուել կայսեր մոտ: Կայսրը Ներսեսին հորդորեց մնալ արքունիքում. «Կմեծարեմ քեզ առավել մեծ փառքով,- ասաց,- քան քո հորը»: Մանուկը պատասխանեց. «Եթե անանց լինեին մեծությունները, կլսեի խոսքերդ, սակայն ես շտապում եմ հասնել անանց մեծությանը»: Այսպես խոսեց նաև Անտիոքի լատին կոմսի մոտ:

Սրանից հետո մանուկը սնվեց Սկևռայի վանքում, ճգնազգյաց և առաքինի Հովհաննես վարդապետի հոգևոր դաստիարակությամբ, առաջադիմեց սուրբ վարքով և գրքերի գիտությամբ, քանզի հոգևորի մեջ փութաջան էր և իմաստության ուսմունքների ծարավ, ուշիմությամբ՝ աննման, Աստծո Հոգու ձիրքերով զարդարուն: Ներսեսը տասնվեց տարեկան էր, երբ մեռավ հայրը, որն իր Հեթում որդուն կտակել էր հայրենի Լամբրոնի իշխանությունը, իսկ Աստծո նվիրյալ Սմբատին՝ Սկևռայի վանքի առաջնորդությունը, որի եկեղեցին ինքն էր շինել: Բայց այլ էին Սմբատի սրտի խորհուրդները, քանզի նա, ճգնության և անապատական կյանքի տենչանքով լցված, կամենում էր խույս տալ առանձնության մեջ և հրաժարվել եկեղեցական պատիվներից: Այս իմանալով՝ նրա մայրը՝ Շահանդուխտը, որպեսզի իր զավակը չհեռանա իրենից, որոշեց ուխտի գնալ Երուսաղեմ: Նա իր հետ Հռոմկլա տարավ պատանի Սմբատին՝ սուրբ հայրապետ Ներսես Շնորհալուց օրհնություն ստանալու նպատակով, և Շնորհալուն իրազեկ դարձրեց ամեն ինչի մասին: Շնորհալին, պատանուն տեսնելով, հոգով ճանաչեց աստվածային շնորհը, որ կար նրա մեջ, քահանա ձեռնադրեց նրան և իր անունով կոչեց Ներսես: Եվ հայրապետանոցում միառժամանակ պահեց, որտեղ նորընծա Ներսես քահանան, վայելելով Ներսես Շնորհալու հոգևոր խնամակալությունը, զգեցավ նրա հոգին: Ապա նրա հրամանով գնաց Սև լեռան վանքը: Եվ այնտեղ մնաց գիտնական վարդապետ Ստեփանոսի մոտ՝  սրբությամբ և  իմաստությամբ  օրեցօր փայլելով: Վանականները, տեսնելով Ներսես աբեղայի հոգու եռանդը, նրան խնդրեցին գործի դնել ի վերուստ տրված տաղանդը և քարոզչական գործունեություն ծավալել իր քաղա- քում՝ բազում մարդկանց հոգիներին ի շահ: Այդ նպատակով Ներսեսը եկավ Լամբրոն: Եվ տասնութ տարեկանում, որպես կատարյալ այր և բանիբուն ուսուցիչ, սքանչելի ու վսեմ խոսքերով քարոզում էր եկեղեցում, իբրև մի նոր Ոսկեբերան, և նրա շուրթերից շնորհներ էին բխում: Շուտով նրա անունն այնքան հռչակվեց, որ քաղաքացիները միաբան թախանձեցին նրան դառնալ իրենց եպիսկոպոսն ու մոտակա Սկևռայի վանքի առաջնորդը: Բայց երանելին խույս տվեց իր հոգևոր հոր՝ Հովհաննեսի մոտ, Տավրոսի լեռների մեջ, Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ գտնվող Շուղրի անապատի Սուրբ Աստվածածին կոչված միանձանց վանքը: Այնտեղ, անձուկ խցում առանձնանալով, նա օրերն անցկացնում էր աստվածային խորհուրդների մեջ մշտնջենամռունչ, արտասվաբուխ աղոթքներով, Սուրբ Գրքի, սուրբ հայրերի խոսքերի, շարագրությունների ու թարգմանությունների ընթերցանությամբ: Միայն կիրակիից կիրակի դուրս էր գալիս վանքի եկեղեցի՝ սուրբ Պատարագ մատուցելու: Մյուս օրերը խցի մեջ էր անցկացնում՝ մենամարտելով աներևույթ թշնամու դեմ՝ բազմօրինակ ճիգերով ու չարչարանքներով։ Նրա համար ուտելիք բերող սպասավորը շատ հաճախ տեսնում էր, որ նախկին բերվածներին ձեռք չի տրված:

Տերը նրան տվեց սքանչելագործելու շնորհ,և երանելին շատերին փրկեց պեսպես ախտերից, ազատեց չար դևերից: Եվ փառքից փախչելով` տեղը փոխեց: Մի անգամ Ներսես Շնորհալու կանչով գնաց նրա մոտ, բայց այս աշխարհից հեռացած գտնելով նրան` դարձավ իր անապատը: Այնժամ Շնորհալու հաջորդը՝ Գրիգոր կաթողիկոսը՝ Տղա կոչված, գրով իր մոտ կանչեց Լամբրոնացուն և ձեռնադրեց Կիլիկիայի Տարսոն քաղաքի արքեպիսկոպոս, 1176 թվին, երբ Ներսեսը քսաներեք տարեկան էր, քանզի քաջ գիտեր նրա առաքինությունն ու իմաստությունը: Եվ նա, որպես քաջ և արթուն հովիվ, խնամում էր բոլորին և բոլորի աչքում սքանչելի էր ու ճշմարտության հզոր քարոզիչ՝ և՛ խոսքով, և՛ գրով: Բայց մի տարի անց, տեսնելով, որ առաջնորդության գործը խանգարում է ընթերցելուն և աղոթելուն, գաղտնի գնաց Շուղրի իր անապատը, ուր քսանչորս տարեկանում գրեց եկեղեցական կարգերի մեկնությունը, պատարագի խորհուրդը և Եկեղեցու ժառանգավորաց ճառերը, իսկ հաջորդ տարում՝ 1178 թվին, իր հոգևոր հոր՝ Հովհաննեսի խնդրանքով ձեռնարկեց սաղմոսների խորհրդական մեկնությանը: Նույն ժամանակ նրա մայրն ու եղբայրները, Սկևռայի վանքի միաբաններով հանդերձ, սրբին կարոտած լինելով, կաթողիկոսի հրամանով վերադարձրին նրան իր տեղը: Բայց սակավ ժամանակ անց նա, խույս տալով փառքից ու զբաղմունքներից, դիմեց դեպի Եգիպտոսի ճանապարհը՝ թաքնվելու նախկին ճգնավորների անապատներում: Եվ երբ նրան հետամուտ մարդիկ ետ ուղարկեցին նրան, մի քանի օր հանգիստ առավ և մտերիմներից մեկի ուղեկցությամբ լռելյայն ընթացավ ետ՝ դեպի Սեպուհ լեռը, սուրբ Լուսավորչի ճգնարանը՝ բազում չարչարանքներով, ոտքերը պատառոտելով, բայց կես ճանապարհին բռնությամբ վերադարձրին նրան: Այսպես պատահեց երկուերեք անգամ քահանայության և եպիսկոպոսության ժամանակ, երբ ժողովուրդը նրան վերադարձրեց Սեպուհ լեռան ճանապարհից: Անծանոթ կերպարանքով դարձյալ փախավ Կիպրոս կղզին, հույն միանձանց վանքը, որի մասին ավելի ուշ իմանալով՝ ազգականներն եկան և այնտեղից տարան իրենց մոտ: Այնուհետև սուրբը, նրանց կամքին զիջելով, միառժամանակ իր տեղում մնաց՝ ծովացնելով իր վարդապետության խոսքերը և արբեցնելով ծարավներին: Նրա սրբության և իմաստության համբավը հնչում էր ամբողջ Հայաստանում, նաև հույների, լատինների, ասորիների մոտ, և նրա անունը բարձրացավ իշխանների առաջ: Ուստիև, նորից փառքից փախչելով, գնաց Շուղրի անապատի իր նախկին ճգնարանը և իր անձն առաջվա պես տվեց աղոթքների, տքնության, ընթերցումների: Բայց կաթողիկոսի հրամանով հարկադրվեց փութով վերադառնալ Հռոմկլա՝ հույների հետ միաբանության ժողովի համար, որի ժամանակ այն հրաշալի ատենաբանությունը խոսվեց: Թարգմանեց և Հովհաննու Հայտնության մեկնությունը՝ գրված Կեսարիայի արքեպիսկոպոս Անդրեաս Կրետացու կողմից:

Դրանից հետո, 1181 թվին, Տարսոնի Սկևռայի վանքում ավարտեց սաղմոսների մեկնությունը: Լամբրոնացին գրեց և Սողոմոնի առակների մեկնությունը, Ժողովողի և տասներկու մարգարեների գրքերի մեկնությունները, հորինեց նաև բազում ճառեր Տերունական տոների մասին, որոնցից է և Վերափոխման ճառը՝ սուրբ Աստվածածնին ընծայված նվիրական գործ, իսկ Համբարձման ճառը, և առավել ևս՝ Պենտեկոստեինը, սխրափայլ է ու հոգելից. նաև այլ գրվածքներ ու զորավոր նամակներ, բազմաթիվ թարգմանություններ հունարենից ու լատիներենից, նաև շարականներ, Շնորհալու վարքը (չափածո գրված) և այլ պեսպես հոգևոր աշխատություններ: Նաև Տարսոնի Սուրբ Սոֆիա եկեղեցում կարգ հաստատեց չորեքշաբթի և ուրբաթ օրերին հաց և բակլա բաժանել երեք հարյուր աղքատների, արեց նաև շատ բարեգործություններ իր հոտի համար: Սկևռայի վանքում շինեց նոր եկեղեցի: Իր հոր և եղբոր շինած եկեղեցու նավակատիքն արեց Նոր Կիրակիի օրը: Կրոնավորության քող և զգեստ տվեց իր երկու քույրերին՝ Շուշանին ու Տալիթային, նաև՝ իր բարեպաշտուհի մորը՝ Շահանդուխտին, հետո կրոնավոր դարձավ նաև մյուս քույրը՝ Մարիամը: Լամբրոնացին ապրեց մինչև Լևոնի` Հայոց թագավոր օծվելու օրերը Գրիգոր Ապիրատի կողմից, 1198 թվականի հունվարի 6-ը: Նույն տարում նրան հրավեր եկավ երկնքից՝ ըստ իր հանապազօրյա տենչանքների: Եվ, այս խոսքն ասելով՝ «Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին, Հիսո՛ւս, ընդունի՛ր քո Ներսեսի հոգին», մաքրափայլ հոգին ավանդեց հուլիս ամսի 14-ին, քառասունհինգ կամ քառասունվեց տարեկանում, և փառքով թաղվեց Սկևռայի սուրբ վանքում, Լամբրոնի դղյակի մոտ: Եվ նրա քեռորդու՝ Ներսես սրբակրոն քահանայի խնդրանքով, 1204 թվին, սուրբ վարդապետ Գրիգոր Սկևռացին կամ Լամբրոնացին, որ Սկևռայի վանքի առաջնորդության մեջ ճանաչվում է իբրև Ներսես Լամբրոնացու աշակերտ և հաջորդ, ընդարձակ ներբողական ճառ հորինեց: Թող և ուրիշ իմաստուններ ժամանակին հիշեն սուրբ Ներսիսյանց աշակերտներին, որոնց հավիտենական հիշատակն օրհնությամբ թող լինի:

 

 

Հաջորդիվ՝

 ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ «ՀԱՎԱՏԱՄՔ» -Ի