Ճգնաւորք Քրիստոսի՝ հեղմամբ արեան
ձերոյ զկռապաշտութիւն բարձիք յաշխարհէ.
Եւ ի ճանապարհս արդարութեան դարձուցիք զմոլորեալս:
Ճշմարտութեան քարոզք եւ լուսաւորիչք տիեզերաց.
էք պարծանք եկեղեցւոյ. եւ յոյս հաւատացելոց:
Համբերութեամբ ձերով ընկալայք ի Քրիստոսէ
զպսակս անապականս. եւ դասաւորեցայք
ի յերկինս ընդ անմարմնոցն դասս:
(Շարակնոց)
Այս փառաւորեալ վկաներն ու Տրապիզոնի պարծանք սուրբ մարտիրոսներն ապրում էին Մաքսիմիոսի եւ Լիկիանոսի իշխանութեան տարիներին: Լիկիանոսի յարուցած մեծ հալածանքների հրդեհը, որից նահատակուեցին Սեբաստիայի քառասուն սուրբ մանուկները, արքունի կուսակալների միջոցով հասաւ նաեւ Տրապիզոն քաղաքի անգութ Լիւսիաս դատաւորին, ով Արևելքում դքսութեան աստիճան ունէր ու շատերին էր նահատակել Կիլիկիայի եւ Փոքր Հայքի կողմերում: Եւ երբ այդ անօրէնը ձեռնարկեց այստեղ եւս չարչարել քրիստոնեաներին, նախ հրամայեց որոնել նրանցից գլխաւորներին: Շատ չանցած նրան տեղեկացրին, որ կան քրիստոնեայ երեք նշանաւոր անձինք, որոնց անուններն են Վաղերիանոս (կամ Վաղերիոս), Կանդիտոս եւ Ակիւղաս, ու ծածուկ բնակւում են Տրապիզոնի լեռների թաքստոցներում: Անմիջապէս զօրականներ ուղարկեց այնտեղ, ովքեր, բռնելով սուրբերին, տարան բռնաւորի մօտ:
Դատաւորը փորձեց սաստիկ սպառնալիքներով նրանց դարձնել կուռքերի պաշտամունքին, սակայն սուրբերը համարձակութեամբ խոստովանեցին Քրիստոս Աստծուն եւ արհամարհեցին հեթանոսների կուռքերը. «Պատրաստ ենք ,- ասացին, - ամէն տեսակ տանջանքների ու մահուան, քան թէ ուրանանք մեր սուրբ հաւատը»: Դատաւորը, լսելով նրանց համարձակ դաւանութիւնը, որոշեց պէս-պէս փորձութիւններով ընկճել նրանց եւ սասանել նրանց հաստատակամութիւնը, որի համար նրանց աքսորել տուեց Պիդուս կոչուող անձուկ բերդը, որպէսզի այնտեղ քաղցի ու ծարաւի մատնուելով՝ զգաստանան եւ հնազանդուեն ինքնակալի կամքին: Իսկ սուրբերը խնդութեամբ յանձն առան Քրիստոսի անուան համար դժնդակ տարագրութիւնն ու բոլոր նեղութիւնները եւ մեծ ուրախութեամբ մնացին այդ աքսորավայրում:
Շատ օրեր անց, երբ Լիւսիասը լսեց, որ նրանք գոհութեամբ են մնում աքսորավայրի բերդում, հրամայեց նրանց բերել Տրապիզոն ու կանգնեցնել ատեանի առջեւ: Դատաւորը փորձեց նրանց հրապուրել ողոքիչ խօսքերով. «Մինչեւ ե՞րբ պիտի անմտութեամբ յամառէք, - ասաց, - եւ ձեր խստասրտութեան պատճառով զուր տանջանքներ կրէք: Եկէք երկրպագէ՛ք անմահ կուռքերին ու մեծամեծ պարգեւներ կընդունէք ինձնից եւ թագաւորից»: Սակայն երանելի վկաները արհամարհեցին նրա հրապուրիչ խոստումները, անարգեցին կռապաշտների սուտ պաշտամունքներն ու յանդիմանեցին դատաւորին իր անմտութեան համար:
Այնժամ սրտմտելով` Լիւսիասը հրամայեց կապել նրանց եւ անխնայ հարուածել արջառաջլերով: Դաժան հարուածներից սուրբերի ողջ մարմինները պատառոտուեցին, իսկ դատաւորը, տեսնելով նրանց անմռունչ համբերութիւնը, որոշեց առաւել սաստկացնել տանջանքները: Նրա հրամանով կախեցին նրանց ու երկաթէ քերիչներով մինչեւ ոսկորները քերեցին մարմինները: Սուրբերից հեղուած արիւնը ներկում էր գետինը, սակայն նրանք իրենց տանջանքների մեջ ուրախութեամբ գոհանում էին Աստծուց: Ապա անողորմը, չյագենալով այսքանով, հրամայեց նրանց քերուած մարմիններին ճարպ քսել եւ բոցակիզել հրով: Այնժամ հրաշք կատարուեց. ատեանի սպասաւորները, ովքեր գազանաբար իրագործում էին բռնաւորի հրամանները, չարաչար պատուհասուելով Աստծուց, դողալով ընկան իրենց երեսների վրայ ու այսահարների պէս սկսեցին իրենք իրենց դաժանօրէն հարուածել այնքան, որ տեսնողներն ահաբեկուեցին: Եւ անգամ ինքը՝ դատաւորը, զարհուրելով ու փշաքաղուելով կատարուածից, հրամայեց դադարեցնել սուրբերի տանջանքները եւ նրանց բանտ տանել:
Այդ օրերին դատաւորի խուզարկուները գտան նաեւ այդ սուրբերին գործակից Եւգինէոսին, ում փնտրում էին երկար ժամանակ: Արդ, երբ սա եւս կանգնեց Լիւսիասի առջեւ, համարձակ խոստովանեց Քրիստոսի սուրբ հաւատի իր դաւանութիւնը ու հերքեց կոյր, խուլ եւ համր կուռքերին: Բարկացած բռնաւորը դաժանութեամբ գանահարել տուեց նրան, եւ ապա տարան կռատուն, որպէսզի այնտեղ երկրպագել տան կուռքերին: Իսկ երանելի Եւգինէոսը, դառը հոգոց հանելով հեթանոսների կուրութեան համար, աղօթեց Աստծուն, որպէսզի անաստուածներին ցոյց տայ Իր հզօր Բազուկը: Նոյն պահին սոսկալի դղդրիւն եղաւ, կործանուեցին բոլոր բագինները, մանրացան ու փոշիացան: Այնժամ մոլեգնած Լիւսիասը, մռնչալով առիւծի պէս, հարձակուեց սուրբի վրայ եւ գոչեց. «Որտեղի՞ց գտաք այս կախարդին, որը կործանեց մեր աստուածներին»: Ապա որոշեց առաւել սաստիկ տանջանքների ենթարկել. նրա հրամանով կապեցին նրան չուաններով ու հաստ գաւազաններով սաստիկ հարուածեցին այնքան, որ փշրուեցին բոլոր ոսկորները: Սակայն տեսնելով, որ սուրբը բնաւ չի բացում իր բերանը եւ ասես թէ չի էլ զգում անտանելի ցաւերը, հրամայեց քերել նրա կողերը եւ ջահերով այրել քերուած տեղերը: Ապա աղ ու քացախ լցրին մարմնի վրայ եւ շփեցին այրուած վէրքերը: Աստուածային շնորհների զօրութեամբ սուրբն այս ամէն տանջանքները կրում էր զուարթութեամբ, որից մեծապէս զարմացել էր անօրէն դատաւորը ու մոլորուած լինելով՝ մոգ էր կարծում Քրիստոսի ծառային, իսկ եղածը կախարդութիւն համարում:
Ապա Եւգինէոսին եւս նետեց բանտ՝ նախկին երեք սուրբ վկաների մօտ, ու որոշեց մի քանի օր անց չորս սուրբերին հրոյ ճարակ դարձնել: Հրամայեց հնոց բորբոքել եւ նրանց նետել բորբոքուած հրի մէջ: Չորս սուրբերը՝ Վաղերիոսը, Կանդիտոսը, Ակիւղասն ու Եւգինէոսը, մի հոգի դարձած, աղօթեցին Աստծուն եւ երեք մանուկների պէս անվնաս պահուեցին հնոցի մէջ: Այս տեսնելով՝ շատ հեթանոսներ աղաղակեցին. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը...», եւ ընդունեցին ճշմարիտ հաւատը: Իսկ Լիւսիասը, տեղեկանալով այս մասին, ցնորուեց ու չէր իմանում, թէ այլեւս նրանց հետ ինչպէս վարուի: Հրամայեց շտապ նրանց դուրս բերել հնոցից եւ անմիջապէս վերջ տալ սրով: Այդպէս գլխատուելով` երանելի սուրբերը նահատակուեցին ի Քրիստոս ու երկնաւոր Հանդիսադրից ընդունեցին վկայութեան անթառամ պսակները:
Եւ թող մենք եւս բոլոր սուրբերի բարեխօսութեամբ արժանի լինենք պսակակից լինելու նրանց՝ կամաւոր նահատակութեամբ մրցելով ընդդէմ մարմնի, աշխարհի ու սատանայի եւ ամէն օր մեռնելով մեր Տիրոջ ու Փրկչի համար, Ում վայել է փառք եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: