ԱՐԾԱԹԷ ՇԵՓՈՐՆԵՐԸ
1․ Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2․ «Արծաթից երկու կռածոյ շեփոր կը պատրաստես: Դրանք թող ծառայեն ժողովրդին ի մի հաւաքելու եւ բանակատեղիների բնակիչներին երթի հանելու համար:
3․ Երբ երկու շեփոր հնչեցնեն, ամբողջ ժողովուրդը պէտք է հաւաքուի վկայութեան խորանի դռանը:
4․ Եթէ մէկ շեփոր հնչեցնեն, թող քեզ ներկայանան իշխանները՝ իսրայէլացիների հրամանատարները:
5․ Երբ շեփորը առաջին անգամ հնչեցնեն, ճանապարհ թող ընկնեն արեւելեան մասում բանակատեղի դրած գնդերը:
6․ Երբ երկրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն հարաւային մասում բանակատեղի դրած գնդերը: Երբ երրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն արեւմտեան մասում բանակատեղի դրած գնդերը: Երբ չորրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն հիւսիսային մասում բանակատեղի դրած գնդերը: Գնդերը թող ճանապարհ ընկնեն ըստ շեփորի ազդարարութեան:
7․ Երբ ժողովրդին հաւաքելու լինէք, շեփոր կը հնչեցնէք, բայց ոչ տագնապի:
8․ Շեփորը պէտք է հնչեցնեն քահանաները՝ Ահարոնի որդիները: Դա սերնդէսերունդ փոխանցուող յաւիտենական օրէնք պէտք է լինի ձեզ համար:
9․ Եթէ ձեր երկրում պատերազմի ելնէք ձեզ ընդդիմադիր թշնամիների դէմ, շեփոր կը հնչեցնէք, կը յիշուէք Տիրոջ առաջ եւ կը փրկուէք ձեր թշնամիներից:
10․ Շեփոր կը հնչեցնէք ձեր ուրախութեան օրերին, ամսուայ առաջին օրերին 224, ինչպէս նաեւ ողջակէզներ եւ փրկութեան համար զոհեր մատուցելիս: Եւ Աստուած կը յիշի ձեզ: Ես եմ ձեր Տէր Աստուածը»:
ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿԱՏԵՂԻՆ
11․ Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի քսանին ամպը վերացաւ վկայութեան խորանի վրայից:
12․ Իսրայէլացիներն իրենց ամբողջ բազմութեամբ դուրս եկան Սինայի անապատից: Ամպը կանգ առաւ Փառանի անապատում:
13․ Իսրայէլացիները ճանապարհ էին ընկնում, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսի միջոցով:
14․ Նախ ճանապարհ ընկան Յուդայի ցեղին պատկանող գնդերն իրենց զօրքով: Սրանց զօրքի առաջնորդը Ամինադաբի որդի Նաասոնն էր:
15․ Իսաքարի ցեղի զօրքի առաջնորդը Սոգարի որդի Նաթանայէլն էր:
16․ Զաբուղոնի ցեղի զօրքի առաջնորդը Քելոնի որդի Եղիաբն էր:
17․ Սրանց հետեւեցին Գերսոնի ու Մերարիի որդիները, որոնք իջեցնում կամ ուսերի վրայ կրում-տանում էին խորանը:
18․ Ապա իրենց զօրքով շարժուեցին Ռուբէնի ցեղի գնդերը: Նրանց զօրքի առաջնորդը Սեդիուրի որդի Եղիսուրն էր:
19․ Շմաւոնի ցեղի զօրքի առաջնորդը Սուրիսադայի որդի Սաղամիէլն էր:
20․ Գադի ցեղի զօրքի առաջնորդը Ռագուէլի որդի Եղիսափանն էր:
21․ Շարժուեցին նաեւ Կահաթի որդիները, որոնք պէտք է փոխադրէին սուրբ սպասքը եւ կանգնեցնէին խորանը, մինչեւ որ հասնէին միւսները:
22․ Ապա իրենց զօրքով շարժուեցին Եփրեմի բանակի գնդերը: Նրանց զօրքի առաջնորդը Եմիուդի որդի Եղիսաման էր:
23․ Մանասէի ցեղի զօրքի առաջնորդը Փադասուրի որդի Գամաղիէլն էր:
24․ Բենիամինի ցեղի զօրքի առաջնորդը Գեդէոնի որդի Աբիդանն էր:
25․ Դանի ցեղի գնդերն իրենց զօրքով ճանապարհ ընկան բոլորից յետոյ: Նրանց զօրքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր:
26․ Ասերի ցեղի զօրքի առաջնորդը Եքրանի որդի Փագեէլն էր:
27․ Նեփթաղիմի ցեղի զօրքի առաջնորդը Ենանի որդի Աքիրանն էր:
28․ Ահա սրանք են իսրայէլացիների զօրքերը: Իսրայէլացիները ճանապարհ ընկան իրենց զօրքով:
29․ Մովսէսը մադիանացի Ռագուէլի որդի Յոբաբին՝ իր աներոջը, ասաց. «Ահա մենք շարժւում ենք դէպի այն տեղը, որ Աստուած խոստացաւ մեզ տալ: Դու էլ արի՛ մեզ հետ, մենք քեզ լաւութիւն կ՚անենք, որովհետեւ Տէրը բարիք է խոստացել իսրայէլացիներին»:
30․ Նա պատասխանեց. «Ես չեմ գնայ այնտեղ, այլ կը գնամ իմ երկիրն ու իմ ազգականների մօտ»:
31․ Մովսէսն ասաց նրան. «Մեզ մի՛ լքիր, չէ՞ որ մեզ հետ էիր անապատում: Որպէս աւագ մեր խորհրդատուն կը լինես:
32․ Եթէ մեզ հետ գաս, ինչ բարիք որ մեզ անի Տէրը, նոյն բարիքն էլ մենք քեզ կ՚անենք»:
ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ՄԵԿՆՈՒՄԸ
33․ Իսրայէլացիները Տիրոջ լեռից հեռացան երեք օրուայ ճանապարհ: Այդ երեք օրուայ ընթացքում Տիրոջ ուխտի տապանակը գնում էր առջեւից՝ նրանց համար հանգստանալու տեղ գտնելու նպատակով:
34․ 225Բանակատեղիից հեռանալու ժամանակ ամպը ցերեկը հովանի էր անում նրանց վրայ:
35․ Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսէսն ասում էր. «Վե՛ր կաց, Տէ՜ր, որ ցանուցիր լինեն քո թշնամիները, փախուստի մատնուեն բոլոր քեզ ատողները»:
36․ Իսկ երբ տապանակը դադար էր առնում, ասում էր. «Տէ՜ր, դարձի՛ր դէպի հազարաւոր ու բիւրաւոր իսրայէլացիները»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: