ԱՀԱՐՈՆԻ ԾԱՂԿՈՂ ԳԱՒԱԶԱՆԸ
1. Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2. «Դիմի՛ր իսրայէլացիներին եւ նրանցից՝ նրանց ցեղերի բոլոր իշխաններից մէկական գաւազան ա՛ռ ըստ իրենց նահապետների ընտանիքների թուի՝ ընդամէնը տասներկու գաւազան: Իւրաքանչիւր իշխանի անունը կը գրես իր գաւազանի վրայ:
3. Ահարոնի անունը կը գրես իր գաւազանի վրայ: Իսրայէլի ամէն մի ցեղ մէկ գաւազան է տալու ըստ իր նահապետների ընտանիքների:
4. Դրանք կը դնես վկայութեան խորանում, որով պիտի երեւամ քեզ այնտեղ:
5. Թող ծաղկի այն մարդու գաւազանը, որին ես կ՚ընտրեմ: Դրանով կը վերացնեմ ձեր դէմ ուղղուած իսրայէլացիների տրտունջը»:
6. Մովսէսն այդ հաղորդեց իսրայէլացիներին, եւ նրանց իշխանները նրան տուեցին իրենց գաւազանները. ամէն մի իշխան տուեց մէկ գաւազան՝ ըստ իրենց նահապետների ընտանիքների, ընդամէնը տասներկու գաւազան: Դրանց մէջ էր նաեւ Ահարոնի գաւազանը:
7. Մովսէսն այդ գաւազանները դրեց Տիրոջ առջեւ, վկայութեան խորանում:
8. Յաջորդ օրը Մովսէսն ու Ահարոնը մտան վկայութեան խորան եւ տեսան, որ ծաղկել է Ղեւիի տան կողմից տրուած Ահարոնի գաւազանը. նա ճիւղեր էր արձակել, ծաղկել եւ ընկոյզ բռնել:
9. Մովսէսը գաւազաններն առաւ Տիրոջ առաջից եւ ցոյց տուեց բոլոր իսրայէլացիներին: Նրանք տեսան այդ: Ամէն մէկն առաւ իր գաւազանը:
10. Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնի այդ գաւազանը դի՛ր միւս վկայութիւնների կողքին ի պահ, որպէս նշան անհնազանդ որդիների, որպէսզի դադարի նրանց տրտունջն իմ դէմ, եւ նրանք չմեռնեն»:
11. Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին. նրանք այդպէս էլ արեցին:
12. Իսրայէլացիներն ասացին Մովսէսին. «Մենք կոտորւում, կորչում, նուազում ենք:
13. Ով որ մօտենում է Տիրոջ խորանին, մեռնում է: Մի՞թէ մենք իսպառ պիտի ոչնչանանք»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: