ԻՍՐԱՅԷԼԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ ՔԱՆԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ
1. Արադի քանանացի արքան, որը բնակւում էր անապատում, լսեց, որ իսրայէլացիները գալիս են Աթարինի ճանապարհով: Նա պատերազմ մղեց իսրայէլացիների դէմ եւ նրանցից գերիներ վերցրեց:
2. Իսրայէլացիները Տիրոջ հետ ուխտ անելով՝ ասացին. «Եթէ մեր ձեռքը յանձնես այդ ժողովրդին, մենք նրան ու նրա քաղաքները կը կործանենք 236»:
3. Տէրը լսեց իսրայէլացիներին եւ քանանացիներին մատնեց նրանց ձեռքը: Իսրայէլացիները նրանց ու նրանց քաղաքները կործանեցին եւ այդ վայրը կոչեցին Նզովք:
ՊՂՆՁԷ ՕՁԸ
4. Հոր լեռից շարժուելով դէպի Կարմիր ծովը տանող ճանապարհով, նրանք շրջանցեցին Եդոմը: Ժողովուրդը յուսահատուեց ճանապարհին
5. եւ սկսեց գանգատուել Աստծուց ու Մովսէսից: Նրանք ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես: Ո՛չ հաց կայ եւ ո՛չ ջուր: Մենք զզուել ենք այս խղճուկ սննդից»:
6. Տէրը կոտորող 237օձեր ուղարկեց ժողովրդին, որոնք խայթում էին մարդկանց. իսրայէլացիներից շատերը մեռան:
7. Իսրայէլացիները գալով Մովսէսի մօտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետեւ չարախօսել ենք Տիրոջն ու քեզ: Արդ, աղօթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»: Մովսէսն աղօթեց Տիրոջը ժողովրդի համար:
8. Տէրն ասաց Մովսէսին. «Դու մի պղնձէ օձ պատրաստի՛ր եւ այն դի՛ր ձողի վրայ: Երբ օձը մարդ խայթի, եւ օձից խայթուողը նայի քո սարքած օձին, կը փրկուի»:
9. Մովսէսը պղնձէ օձ պատրաստեց եւ այն դրեց ձողի վրայ: Օձից խայթուողը, նայելով պղնձէ օձին, կենդանի էր մնում:
ՀՈՐ ԼԵՌԻՑ ԴԷՊԻ ՄՈՎԱԲԻ ՀՈՎԻՏ
10. Իսրայէլացիները ճանապարհ ընկան ու բանակատեղի դրեցին Օբոթում:
11. Օբոթից դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Աքեղգայում՝ անապատի այն կողմում, որը Մովաբի դիմաց է գտնւում, նրանից արեւելք:
12. Այնտեղից էլ դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Զարեդ ձորում:
13. Այնտեղից էլ դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Առնոնից այն կողմ, անապատում, ամորհացիների սահմանների ելքի մօտ. Առնոնը գտնւում է մովաբացիների ու ամորհացիների սահմանների միջեւ:
14. Դրա համար էլ գրքում 238գրուած է. «Տիրոջ պատերազմը կրակի մատնեց Զովոբն ու Առնոնի ձորը:
15. Նա ձորում բնակուողներին տարաւ բնակեցնելու Էրում, որը սահմանակից էր Մովաբին»:
16. Դրանից այն կողմ Ջրհորն էր: Դա այն ջրհորն է, որի մասին Տէրն ասաց Մովսէսին. «Հաւաքի՛ր ժողովրդին, որ ես նրանց խմելու ջուր տամ»:
17. Այն ժամանակ իսրայէլացիները ջրհորի մօտ այս երգը երգեցին.
18. «Փառաբանեցէ՜ք այն ջրհորը, որ փորեցին իշխանները, այն խորացրին յղկեցին ազգերի թագաւորները իրենց թագաւորութեան եւ տիրապետութեան ժամանակ»: Իսրայէլացիներն այդ ջրհորի մօտից գնացին դէպի Մանթանին,
19. Մանթանինից՝ Մանայէլ, Մանայէլից՝ Բամոթ,
20. Բամոթից՝ Անայէն, որը գտնւում է Մովաբացիների դաշտում՝ Կոփածոյ կոչուած լերան գագաթի մօտ, որ նայում է դէպի անապատ:
ԱՆԴՐՅՈՐԴԱՆԱՆԻ ՆՈՒԱՃՈՒՄԸ
21. Մովսէսն 239ամորհացիների արքայի մօտ պատգամաւորներ ուղարկեց խաղաղութեան խօսքերով: Նա ասաց. «Թո՛յլ տուր անցնենք քո երկրով:
22. Ճանապարհով կը գնանք, չենք շեղուի ո՛չ դաշտերի, ո՛չ էլ այգիների մէջ եւ ո՛չ իսկ քո ջրհորներից ջուր կը խմենք: Արքունի ճանապարհով կը գնանք, մինչեւ որ անցնենք քո սահմաններից»:
23. Սեհոնն իսրայէլացիներին թոյլ չտուեց անցնել իր սահմաններով: Սեհոնը հաւաքեց իր ամբողջ ժողովրդին ու իսրայէլացիների դէմ պատերազմելու ելաւ անապատում: Նա եկաւ Սիասար եւ պատերազմ մղեց իսրայէլացիների դէմ:
24. Իսրայէլացիները նրանց կոտորեցին եւ տիրեցին նրա երկրին Առնոնից մինչեւ Յաբոկ, մինչեւ Ամմոնացիների երկիրը, որովհետեւ Յազերը ամոնացիների սահմանն էր:
25. Իսրայէլացիները գրաւեցին այդ շրջանի բոլոր քաղաքները եւ բնակուեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա ամբողջ շրջակայքում,
26. որովհետեւ Եսեբոնը ամորհացիների արքայ Սեհոնի քաղաքն էր: Նա անցեալում պատերազմ էր մղել մովաբացիների արքայի դէմ ու գրաւել նրա ամբողջ երկիրը Արոյերից մինչեւ Առնոն:
27. Դրա համար բոլոր վիպերգակներն ասում են. «Եկէ՛ք Եսեբոն, որ կառուցուի ու բարեկարգուի Սեհոնի քաղաքը,
28. քանզի հուր ելաւ Եսեբոնից, եւ բոց՝ Սեհոնի քաղաքից, այրեց մինչեւ Մովաբ եւ լափեց Առնոնի արձանները:
29. Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ: Նրանց այրերը փախուստի մատնուեցին, նրանց դուստրերը գերի ընկան ամորհացիների թագաւորի ձեռքը:
30. Նրանց սերունդները թող կոտորուեն Եսեբոնից մինչեւ Դեբոն, եւ նրանց կանայք կրակով բորբոքուեցին Մովաբի վրայ»:
31. Իսրայէլացիները բնակուեցին ամորհացիների բոլոր քաղաքներում:
32. Մովսէսը մարդ ուղարկեց, որ հետախուզեն Յազերը: Իսրայէլացիները գրաւեցին այն ու նրա աւանները եւ դուրս քշեցին այնտեղ բնակուող ամորհացիներին:
33. Այնտեղից իսրայէլացիները դուրս եկան ու գնացին Բասան տանող ճանապարհով: Եդրինայում նրանց դէմ պատերազմի ելաւ Բասանի թագաւոր Օգը իր ամբողջ ժողովրդով:
34. Տէրն ասաց Մովսէսին. «Մի՛ վախեցիր նրանից, որովհետեւ քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը: Նրա հետ կը վարուես այնպէս, ինչպէս վարուեցիր Եսեբոնում բնակուող ամորհացիների արքայ Սեհոնի հետ»:
35. Եւ իսրայէլացիները հարուածեցին նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին, մինչեւ որ նրանցից ոչ մի մարդ կենդանի չմնաց, եւ իրենք սեփականացրին նրանց երկիրը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: