ԲԱՂԱԱՄԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
1. Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար եօթը բագին կառուցի՛ր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ ու եօթը խոյ պատրաստի՛ր»:
2. Բաղակն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Բաղաամը. նա մէկական զուարակ ու խոյ ողջակէզ արեց ամէն մի բագինի վրայ:
3. Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մօտ, իսկ ես գնամ. գուցէ Աստուած ընդառաջ գալով՝ երեւայ ինձ: Այն, ինչ նա ցոյց կը տայ ինձ, կը հաղորդեմ քեզ»: Բաղակը կանգնեց իր մատուցած զոհի մօտ: Բաղաամը գնաց Աստծուն հարցում անելու:
4. Նա ուղիղ առաջ էր գնում: Աստուած երեւաց Բաղաամին, եւ Բաղաամն ասաց նրան. «Եօթը բագին պատրաստեցի եւ ամէն մի բագինի վրայ մէկական զուարակ ու խոյ ողջակիզեցի»:
5. Աստուած Բաղաամի բերանը դրեց այս խօսքերը. «Վերադարձի՛ր Բաղակի մօտ եւ յայտնի՛ր նրան այն, ինչ ասացի»:
6. Բաղաամը վերադարձաւ Բաղակի մօտ, որը կանգնած էր իր ողջակէզների մօտ: Այնտեղ էին նաեւ մովաբացի բոլոր իշխանները:
7. Աստծու հոգին իջաւ Բաղաամի վրայ, եւ նա առակի ձեւով ասաց. «Մովաբացիների Բաղակ արքան ինձ կանչեց Միջագետքից՝ Արեւելքի լեռներից, եւ ասաց.
«Արի նզովի՛ր Յակոբին ինձ համար, նզովի՛ր նաեւ Իսրայէլին ինձ համար»»:
8. Բայց ես ինչպէ՞ս նզովեմ նրան, որին Տէրը չի նզովում, կամ ի՞նչն անիծեմ, որ Աստուած չի անիծում:
9. Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան: Ահա կայ մի ժողովուրդ, որ առանձին պիտի բնակուի, ազգերի մէջ չպիտի դասուի:
10. Ո՞վ է ճշտել Յակոբի սերնդի թիւը, ո՞վ է հաշուել Իսրայէլի ցեղերը: Երա՜նի թէ ես մեռնէի այդ արդար մարդկանց հետ, եւ իմ յետնորդները լինէին նրա յետնորդների նման»:
11. Բաղակն ասաց Բաղաամին. «Այդ ի՞նչ արեցիր: Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու համար, իսկ դու օրհնելով օրհնեցիր նրանց»:
12. Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թէ քեզ չասացի, թէ ինչ որ Աստուած իմ բերանը դնի, այն էլ կը հաղորդեմ քեզ»:
ԲԱՂԱԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
13. Բաղակն ասաց նրան. «Դարձեալ ինձ հետ արի՛ մի ուրիշ տեղ, որտեղից իսրայէլացիներին ամբողջութեամբ չես տեսնի, այլ կը տեսնես նրանց մի մասը: Այնտեղից նրանց անիծի՛ր ինձ համար»:
14. Նա վերցրեց նրան ու գնաց բարձրանիստ մի ագարակ, Կոփածոյ լերան գագաթը, այնտեղ կառուցեց եօթը բագին եւ ամէն մի բագինի վրայ զոհեց մէկական զուարակ ու խոյ:
15. Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մօտ, իսկ ես գնամ Աստծու մօտ հարցում անելու»:
16. Աստուած ընդառաջ եկաւ Բաղաամին, խօսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մօտ եւ յայտնի՛ր ասելիքս»:
17. Բաղաամը վերադարձաւ Բաղակի մօտ, որը կանգնած էր իր ողջակէզի մօտ: Նրա հետ էին նաեւ մովաբացի բոլոր իշխանները: Բաղակը հարցրեց նրան. «Ի՞նչ խօսեց Տէրը»:
18. Բաղաամն առակի ձեւով պատասխանեց նրան. «Վե՛ր կաց, Բաղա՜կ, եւ լսի՛ր, իբրեւ վկայ ակա՛նջ դիր, ո՜վ Սեպփորի որդի:
19. Աստուած մարդու նման չէ, որ արթնանայ, եւ ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնայ: Դու ասացիր, թէ չի անի, կ՚ասի, բայց չի իրականացնի 242:
20. Արդ, ես հրաման եմ ստացել, որ օրհնեմ, ուրեմն կ՚օրհնեմ եւ չեմ հրաժարուի դրանից:
21. Յակոբի սերունդները թող նեղութիւն չկրեն, Իսրայէլի յետնորդները յոգնութիւն չզգան: Նրանց Տէր Աստուածը իրենց հետ է, իշխանների փառքն ու պատիւը՝ նրանց մէջ:
22. Աստուա՛ծ նրանց հանեց Եգիպտոսից, եւ նա միեղջերուի նման իր վրայ փառք է կրում:
23. Յակոբի յետնորդների մէջ կախարդութիւն անող չկայ, ոչ էլ Իսրայէլի յետնորդների մէջ՝ մոգութիւն: Ժամանակին թող յայտնուի Յակոբի ու Իսրայէլի սերունդներին, ինչ որ կատարելու է Աստուած:
24. Ահա այդ ժողովուրդն իբրեւ առիւծի կորիւն ոտքի պէտք է ելնի եւ իբրեւ առիւծ պէտք է պարծենայ: Նա չի քնելու, մինչեւ չլափի իր զոհին, չխմի խոցոտուածների արիւնը»:
25. Բաղակն ասաց Բաղաամին. «Ինձ համար նրան անիծելով մի՛ անիծիր, եւ ոչ էլ օրհնելով օրհնիր նրան»:
26. Պատասխան տալով՝ Բաղաամն ասաց Բաղակին. «Քեզ հետ չխօսեցի՞, չասացի՞, թէ՝ «Ինչ որ Աստուած կ՚ասի ինձ, այն էլ կ՚անեմ»»:
ԲԱՂԱԱՄԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
27. Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մի այլ տեղ, գուցէ դա հաճոյ լինի Աստծուն, եւ ինձ համար դու այնտեղից անիծես իսրայէլացիներին»:
28. Բաղակը Բաղաամին տարաւ կատարը Փոգոր լերան, որը դէպի անապատ է ձգւում:
29. Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ եւս եօթը բագին կառուցի՛ր եւ ինձ համար այստեղ եօթը զուարակ ու եօթը խոյ պատրաստի՛ր»:
30. Բաղակն արեց այնպէս, ինչպէս նրան ասել էր Բաղաամը. նա մէկական զուարակ ու խոյ ողջակիզեց բագինների վրայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: