ՅՈՒԴԱՅԻ ԱԶԱՐԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ
(Բ Մնաց., 26.1-23)
1․ Իսրայէլի Յերոբովամ արքայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Ամասիա արքայի որդի Ազարիան:
2․ Նա տասնվեց տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ յիսուներկու տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Յեքեղիա էր, նա Երուսաղէմից էր:
3․ Ազարիան իր հայր Ամասիայի նման ըստ ամենայնի բարի գործեր կատարեց Տիրոջ առջեւ,
4․ բայց բարձունքների մեհեանները չվերացրեց, իսկ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում:
5․ Տէրը պատուհասեց թագաւորին, եւ նա բորոտ դարձաւ մինչեւ իր կեանքի վերջը: Նա առանձին մի տան մէջ էր բնակւում: Արքունի տան վրայ իշխում եւ երկրի ժողովրդին դատում էր արքայի որդին՝ Յովաթամը:
6․ Ազարիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ:
7․ Ազարիան գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ: Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովաթամը:
ԻՍՐԱՅԷԼԻ ԶԱՔԱՐԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ
8․ Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունեօթներորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Յերոբովամի որդի Զաքարիան: Նա վեց ամիս թագաւորեց Սամարիայում:
9․ Նա իր նախնիների նման չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից:
10․ Նրա դէմ գլուխ բարձրացրին Յաբիսի որդի Սեղղումն ու Կեբդաամը. նրանք ժողովրդի ներկայութեամբ հարուածեցին նրան ու սպանեցին: Նրա փոխարէն թագաւորեց Սեղղումը:
11․ Զաքարիայի մնացած գործերը նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ:
12․ Ահա այս էր այն մարդը, որի մասին Տէրը ասել էր Յէուին. "Քո որդիներից միայն մինչեւ չորրորդ սերունդը պիտի նստի Իսրայէլի գահին": Եւ այդպէս էլ եղաւ:
ԻՍՐԱՅԷԼԻ ՍԵՂՂՈՒՄ ԹԱԳԱՒՈՐԸ
13․ Յաբիսի որդի Սեղղումը թագաւորեց Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունութերորդ տարում: Սեղղումը Սամարիայում թագաւորեց մէկ ամիս:
14․ Գադդիի որդի Մանայեմը դուրս եկաւ Թերսայից, մտաւ Սամարիա, Սամարիայում հարուածեց Յաբիսի որդի Սեղղումին, սպանեց նրան ու փոխարէնը թագաւոր նստեց:
15․ Սեղղումի մնացած գործերը, նրա կազմակերպած դաւադրութիւնները նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ:
ԻՍՐԱՅԷԼԻ ՄԱՆԱՅԵՄ ԹԱԳԱՒՈՐԸ
16․ Այն ժամանակ Մանայեմը յարձակուեց Թերսայի վրայ եւ այնտեղ, սկսած Թերսայից, նրա սահմաններում գտնուող բոլորին սպանեց, յղի կանանց արգանդը պատռեց, որովհետեւ նրա առաջ չէին բացել քաղաքի դարպասները:
17․ Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունիններորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Գադդիի որդի Մանայեմը: Նա տասը տարի թագաւորեց Սամարիայում:
18․ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից:
19․ Ասորեստանի արքայ Փուան եկաւ յարձակուեց Իսրայէլի վրայ: Մանայեմը Փուային հազար տաղանդ 411 արծաթ տուեց, որպէսզի նա իրեն օգնական լինի, եւ Մանայեմն իր թագաւորութիւնն իր ձեռքում պահի:
20․ Այս արծաթն Ասորեստանի արքային տալու համար Մանայեմն Իսրայէլի բոլոր հարուստների վրայ հարկ դրեց, ամէն մէկից յիսնական սիկղ արծաթ առաւ: Ասորեստանի թագաւորը յետ դարձաւ՝ չմնաց երկրում:
21․ Մանայեմի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: Մանայեմը գնաց իր նախնիների գիրկը:
22․ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Փակէիան:
23․ Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան յիսուներորդ տարում Փակէիան թագաւորեց Իսրայէլի վրայ: Նա տասը տարի թագաւորեց Սամարիայում:
24․ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից:
25․ Նրա դէմ գլուխ բարձրացրեց Ռոմելիայի որդի Փակէէն՝ իր զօրապետը: Սրա հետ էին Արգոբը եւ Արիէն, ինչպէս նաեւ չորսհարիւրեակի միջից յիսուն հոգի: Նա հարուածեց նրան Սամարիայում, արքունի տան առաջ, սպանեց նրան, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց:
26․ Փակէիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ:
ԻՍՐԱՅԷԼԻ ՓԱԿԷԷ ԹԱԳԱՒՈՐԸ
(Բ Մնաց. 27.1-9)
27․ Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան յիսուներկուերորդ տարում թագաւորեց Ռոմելիայի որդի Փակէէն: Նա Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց քսան տարի:
28․ Նա Տիրոջ առջեւ չարութիւն գործեց, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից:
29․ Իսրայէլի արքայ Փակէէի օրօք եկաւ Ասորեստանի Թակղաթփաղասար արքան, գրաւեց Այինը, Կաբէէլը, Բեթմաաքան, Յանոքը, Կենէզը, Ասորը, Գաղաադը եւ Գալիլիան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը եւ նրանց բնակիչներին քշեց Ասորեստան:
30․ Եղայի որդի Օսէէն դաւադրութիւն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակէէի դէմ, խփեց ու սպանեց նրան, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց Օզիայի որդի Յովաթամի թագաւորութեան քսաներորդ տարում:
31․ Փակէէի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ:
32․ Իսրայէլի թագաւոր Ռոմելիայի որդի Փակէէի թագաւորութեան երկրորդ տարում Իսրայէլում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Օզիայի որդի Յովաթամը:
33․ Նա քսանհինգ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ եւ տասնվեց տարի իշխեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Յերուսա էր, նա Սադոկի դուստրն էր:
34․ Յովաթամը ըստ ամենայնի արդար գտնուեց Տիրոջ առջեւ, այնպէս, ինչպէս իր հայր Օզիան,
35․ միայն թէ նա բարձունքների մեհեանները չվերացրեց, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում: Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը:
36․ Յովաթամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ:
37․ Այդ օրերին Տէրը Յուդայի երկրի դէմ ուղարկեց ասորիների արքայ Ռասոնին եւ Ռոմելիայի որդի Փակէէին:
38․ Յովաթամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնի Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աքազը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: