Հուդայի Ազարիա թագավորը
(Բ Մն. 26.1-23)
1․ Իսրայելի Հերոբովամ թագավորի քսանյոթերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Ամասիայի որդի Ազարիան։
2․ Նա տասնվեց տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։
3․ Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, բոլորովին այնպես, ինչպես արել էր իր հայրը՝ Ամասիան։
4․ Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։
5․ Տերը զարկեց թագավորին, և նա բորոտ էր մինչև մահվան օրը։ Նա մնում էր առանձին տան մեջ, իսկ թագավորի որդի Հովաթամը, որ պալատի գլխավորն էր, կառավարում էր երկրի ժողովրդին։
6․ Ազարիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
7․ Ազարիան ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա որդի Հովաթամը թագավոր դարձավ նրա փոխարեն։
Իսրայելի Զաքարիա թագավորը
8․ Հուդայի թագավոր Ազարիայի երեսունութերորդ տարում Սամարիայում Իսրայելի թագավոր դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան և թագավորեց վեց ամիս։
9․ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես իր հայրերն էին արել. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։
10․ Նրա դեմ դավադրություն արեց Հաբիսի որդի Սեղղումը և նրան զարկեց ժողովրդի առաջ ու սպանեց նրան և թագավոր դարձավ նրա փոխարեն։
11․ Զաքարիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
12․ Սա Տիրոջ այն խոսքն էր, որ խոսել էր Հեուի հետ՝ ասելով. «Քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի գահի վրա»։ Այդպես էլ եղավ։
Իսրայելի Սեղղում թագավորը
13․ Հաբիսի որդի Սեղղումը Սամարիայում թագավոր դարձավ Հուդայի Ոզիա թագավորի երեսունիններորդ տարում և թագավորեց մեկ ամիս։
14․ Եվ Գադդիի որդի Մանայեմը Թերսայից ելավ ու եկավ Սամարիա և Սամարիայում զարկեց Հաբիսի որդի Սեղղումին ու սպանեց նրան և թագավորեց նրա փոխարեն։
15․ Սեղղումի մնացած գործերի և նրա դավադրության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
16․ Այն ժամանակ Մանայեմը հարվածեց Թափսային և կոտորեց բոլորին, ովքեր գտնվում էին այնտեղ ու նրա սահմաններում՝ Թերսայից սկսած, որովհետև քաղաքը չէր բացել իր դռները։ Նա ջարդեց և ճղեց նրա բոլոր հղի կանանց որովայնները։
Իսրայելի Մանայեմ թագավորը
17․ Հուդայի թագավոր Ազարիայի երեսունիններորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Գադդիի որդի Մանայեմը և տասը տարի թագավորեց Սամարիայում։
18․ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։
19․ Ասորեստանի թագավոր Փուղը հարձակվեց երկրի վրա։ Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի իրեն՝ թագավորությունը իր ձեռքում հաստատելու համար։
20․ Այս արծաթը Ասորեստանի թագավորին տալու համար Մանայեմը հարկ դրեց Իսրայելի բոլոր հարուստների վրա՝ յուրաքանչյուրին հիսուն սիկղ արծաթ։ Ասորեստանի թագավորը ետ դարձավ և չմնաց այնտեղ՝ այդ երկրում։
21․ Մանայեմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
22․ Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Փակեիան թագավոր դարձավ նրա փոխարեն։
Իսրայելի Փակեիա թագավորը
23․ Հուդայի Ազարիա թագավորի հիսուներորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Մանայեմի որդի Փակեիան և երկու տարի թագավորեց Սամարիայում։
24․ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։
25․ Նրա դեմ դավադրություն արեց նրա զորապետ Փակեեն՝ Ռովմելայի որդին՝ իր հետ ունենալով գաղաադացիներից հիսուն հոգի, և Սամարիայում՝ թագավորի պալատի դահլիճում, սպանեց նրան, նրա հետ՝ Արգովբին և Արիեին։ Նրան սպանեց և թագավոր դարձավ նրա փոխարեն։
26․ Փակեիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
Իսրայելի Փակեե թագավորը
27․ Հուդայի Ազարիա թագավորի հիսուներկուերորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Ռովմելայի որդի Փակեեն և քսան տարի թագավորեց Սամարիայում։
28․ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։
29․ Իսրայելի թագավոր Փակեեի օրերին եկավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը և վերցրեց Իյոնը, Աբել-Բեթ-Մաաքան, Հանովեն, Կադեսը, Հասորը, Գաղաադը և Գալիլեան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին գերի տարավ Ասորեստան։
30․ Եվ Էլայի որդի Ովսեեն դավադրություն արեց Ռովմելայի որդի Փակեեի դեմ, զարկեց նրան ու սպանեց և նրա փոխարեն թագավոր դարձավ Ոզիայի որդի Հովաթամի քսաներորդ տարում։
31․ Փակեեի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
Հուդայի Հովաթամ թագավորը
(Բ Մն. 27.1-9)
32․ Իսրայելի թագավորի՝ Ռովմելայի որդի Փակեեի երկրորդ տարում թագավոր դարձավ Հովաթամը՝ Հուդայի թագավոր Ոզիայի որդին։
33․ Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա, որը Սադովկի դուստրն էր։
34․ Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ՝ իր հայր Ոզիայի բոլոր արածների պես.
35․ միայն թե չվերցվեցին Բարձր տեղերը. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։
36․ Հովաթամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
37․ Այդ օրերին Տերը սկսեց Հուդայի դեմ ուղարկել ասորիների Ռասին թագավորին և Ռովմելայի որդի Փակեեին։
38․ Հովաթամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր հայր Դավթի քաղաքում։ Նրա որդի Աքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: