Գիրք` 12. Թագավորություններ Դ

Գլուխ 16

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՔԱԶ ԹԱԳԱՒՈՐԸ
(Բ Մնաց. 28.1-27)
   
1․ Ռոմելիայի որդի Փակէէի թագաւորութեան տասնեօթներորդ տարում Իսրայէլում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յովաթամի որդի Աքազը:
2․ Աքազը քսան տարեկան էր, որ թագաւորեց եւ տասնվեց տարի իշխեց Երուսաղէմում: Նա հաւատարիմ չգտնուեց Տէր Աստծու առջեւ, ինչպէս հաւատարիմ էր եղել իր նախնի Դաւիթը,
3․ այլ գնաց Իսրայէլի արքայ Նաբատի որդի Յերոբովամի ճանապարհով: Նա իր որդուն կրակի միջով անցկացրեց ըստ այն ազգերի գարշելի սովորութեան, որոնց Տէրն իսրայէլացիների առջեւից հալածել էր:
4․ Նա զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքների մեհեաններում, բլուրների վրայ ու ծառախիտ անտառներում:
5․ Այն ժամանակ ասորիների արքայ Ռասոնը եւ Ռոմելիայի որդի Իսրայէլի թագաւոր Փակէէն ելան Աքազի դէմ պատերազմի ու պաշարեցին Երուսաղէմը, սակայն պատերազմը շարունակել 412չկարողացան:
6․ Այդ ժամանակ ասորիների Ռասոն արքան Ելաթը վերադարձրեց ասորիներին, իսկ հրեաներին հանեց Ելաթից: Եդոմայեցիները եկան Ելաթ եւ այնտեղ են բնակւում մինչեւ այսօր:
7․ Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. «Ես քո ծառան ու քո որդին եմ: Արի՛ եւ փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայէլի արքայի ձեռքից, որոնք ինձ վրայ են յարձակուել»:
8․ Աքազը Տիրոջ տանն ու թագաւորի տան գանձարանում գտնուող արծաթն ու ոսկին առաւ եւ ուղարկեց Ասորեստանի արքային որպէս պարգեւ:
9․ Ասորեստանի արքան անսաց նրան, ելաւ Դամասկոսի դէմ ու գրաւեց այն, բնակիչներին գերեվարեց Կիւրէն, իսկ Ռասոնին սպանեց:
10․ Աքազ արքան գնաց Դամասկոս, Ասորեստանի Թագղաթփաղասար արքային հանդիպելու: Նա տեսաւ Դամասկոսում եղած զոհասեղանը, այդ զոհասեղանի օրինակն ու ձեւերը բոլոր մանրամասներով ուղարկեց Ուրիա քահանային:
11․ Ուրիա քահանան կառուցեց զոհասեղանը ըստ այն օրինակի, որ Աքազ արքան ուղարկել էր Դամասկոսից: Մինչեւ Աքազ արքայի Դամասկոսից վերադառնալը Ուրիա քահանան պատրաստեց դա:
12․ Երբ արքան տեսաւ զոհասեղանը, մօտեցաւ դրան, զոհեր մատուցեց նրա վրայ, իր ողջակէզներն այրեց,
13․ իր ընծաները նուիրեց, զոհասեղանի վրայ թափեց խաղաղութեան զոհերի արիւնը:
14․ Տիրոջ առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջեւից, ու դրեց նոր զոհասեղանից հիւսիս:
15․ Աքազ արքան պատուէր տուեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այս մեծ զոհասեղանի վրայ պէտք է մատուցես առաւօտեան ողջակէզը եւ երեկոյեան զոհաբերութիւնը, արքայի ողջակէզն ու նրա զոհաբերութիւնները, երկրի ժողովրդի ողջակէզները, զոհաբերութիւններն ու ընծաները: Բոլոր ողջակէզների ու զոհաբերութիւնների արիւնը նրա վրայ պէտք է թափես, իսկ պղնձէ զոհասեղանն իմ տրամադրութեան տակ պէտք է լինի առաւօտեան»:
16․ Ուրիա քահանան ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս նրան պատուիրել էր Աքազ արքան:
17․ Աքազ արքան կոտրեց անուաւոր խարիսխները, փոխադրեց լուացարանները, ձուլածոյ աւազանն իջեցրեց իր տակ գտնուող տասներկու պղնձէ ցուլերից ու դրեց քարէ յատակի վրայ:
18․ Նա, ի պատիւ Ասորեստանի արքայի, Տիրոջ տան մէջ գահի համար մի պատուանդան դրեց եւ թագաւորական տան արտաքին մուտքը դարձրեց Տիրոջ տան կողմը:
19․ Աքազի կատարած մնացած գործերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ:
20․ Աքազը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ: Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Եզեկիան: