Հուդայի Աքազ թագավորը
(Բ Մն. 28.1-27)
1․ Ռովմելայի որդի Փակեեի տասնյոթերորդ տարում թագավոր դարձավ Աքազը՝ Հուդայի Հովաթամ թագավորի որդին։
2․ Աքազը քսան տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում. նա ուղիղ չընթացավ, ինչպես իր հայր Դավիթն էր ուղիղ ընթացել Տեր Աստծու աչքի առաջ,
3․ այլ գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով և իր որդուն էլ կրակով այրեց այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։
4․ Եվ զոհ էր մատուցում ու խունկ էր ծխում Բարձր տեղերում ու բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։
5․ Այն ժամանակ ասորիների Ռասին թագավորը և Ռովմելայի որդի Փակեեն՝ Իսրայելի թագավորը, վեր կացան պատերազմելու Երուսաղեմի դեմ և պաշարեցին Աքազին, բայց չկարողացան հաղթել նրան։
6․ Այդ ժամանակ ասորիների Ռասին թագավորը Ելաթը վերադարձրեց ասորիներին և Հուդայի որդիներին դուրս արեց Ելաթից։ Ասորիները եկան Ելաթ և մինչև այսօր բնակվում են այնտեղ։
7․ Աքազը պատգամավորներ ուղարկեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորի մոտ՝ ասելով. «Ես քո ծառան և քո որդին եմ. ե՛կ և ինձ ազատի՛ր ասորիների թագավորի ձեռքից և Իսրայելի թագավորի ձեռքից, որոնք հարձակվել են ինձ վրա»։
8․ Աքազը վերցրեց այն արծաթն ու այն ոսկին, որոնք գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում, և ընծա ուղարկեց Ասորեստանի թագավորին։
9․ Ասորեստանի թագավորը նրան լսեց. Ասորեստանի թագավորը գնաց Դամասկոսի դեմ և այն վերցրեց ու նրա բնակիչներին գերի տարավ Կիր և սպանեց Ռասինին։
10․ Աքազ թագավորը գնաց Դամասկոս՝ դիմավորելու Թագղաթ-Փաղասարին, տեսավ Դամասկոսի սեղանը, և Աքազ թագավորն այդ զոհասեղանի օրինակն ու նրա ձևը, ըստ նրա ամբողջ շինվածքի, ուղարկեց Ուրիա քահանային։
11․ Ուրիա քահանան մի սեղան շինեց ըստ այն օրինակի, որ Աքազ թագավորն ուղարկել էր Դամասկոսից, և այն ավարտեց մինչև Դամասկոսից Աքազ թագավորի գալը։
12․ Երբ թագավորը եկավ Դամասկոսից, տեսավ զոհասեղանը. թագավորը մոտեցավ զոհասեղանին և նրա վրա ողջակեզ մատուցեց։
13․ Եվ զոհաբերեց իր ողջակեզն ու իր հացի ընծան և թափեց իր հեղելու նվերը և խաղաղության իր զոհի արյունը շաղ տվեց այն զոհասեղանի վրա։
14․ Պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, տաճարի առջևից՝ նոր զոհասեղանի և Տիրոջ տան մեջտեղից, տեղափոխեց ու դրեց նոր սեղանի մոտ՝ դեպի հյուսիս։
15․ Աքազ թագավորը հրամայեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այդ մեծ սեղանի վրա այրի՛ր առավոտյան ողջակեզներն ու երեկոյան հացի ընծան և թագավորի ողջակեզն ու նրա հացի ընծան, երկրի ամբողջ ժողովրդի ողջակեզն ու նրանց հացի ընծան և ողջակեզների ամբողջ արյունն ու զոհերի ամբողջ արյունը հեղի՛ր նրա վրա, իսկ պղնձե զոհասեղանը թող մնա ինձ՝ գուշակություն անելու համար»։
16․ Ուրիա քահանան ամեն ինչ արեց այնպես, ինչպես հրամայեց Աքազ թագավորը։
17․ Աքազ թագավորը կոտրատեց կառքերի շրջանակյալ տախտակները, ավազանները վերցրեց նրանց վրայից, ծովն էլ ցած իջեցրեց պղնձե եզների վրայից, որոնք նրա տակ էին, և այն դրեց քարե հատակին։
18․ Ե՛վ Շաբաթի ճանապարհը, որ ծածկոց ուներ, և շինել էին տաճարի համար, և՛ թագավորի պալատի դրսի ճանապարհը Ասորեստանի թագավորի պատճառով ուղղեց դեպի Տիրոջ տունը։
19․ Աքազի մնացած գործերի մասին, որ արել է, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
20․ Աքազը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Եզեկիան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: