ԴԵԲՈՐԱՅԻ ԵՒ ԲԱՐԱԿԻ ԵՐԳԸ
1․ Այդ օրը Դեբորան եւ Աբինէեմի որդի Բարակը օրհներգեցին ու ասացին.
2․ «Իսրայէլի զօրավարներին առաջնորդելու համար, Ժողովրդի յօժարութեան համար Օրհնեցէ՛ք Տիրոջը:
3․ Լսեցէ՛ք, թագաւորնե՛ր, Ունկնդի՛ր եղէք, նախարարնե՛ր, Ես Տիրոջն եմ երգում, Սաղմոս եմ ասում Իսրայէլի Աստծուն:
4․ Տէ՛ր, երբ դու դուրս եկար Սէիրից, Երբ չուեցիր Եդոմի դաշտերից, Երկիրը շարժուեց, եւ երկինքը տակնուվրայ եղաւ, Ամպերը ջուր ցօղեցին,
5․ Լեռները շարժուեցին Սինայի Տէր Ելովայի երեսից, Իսրայէլի Տէր Աստծու երեսից:
6․ Անաթի որդի Սամեգարի օրերին, Յայէլի օրերին Պակասեցին թագաւորները 1,
7․ Իսրայէլի մէջ զօրավարներ չմնացին, չմնացին, Մինչեւ որ մէջտեղ ելաւ Դեբորան, Մինչեւ որ մէջտեղ ելաւ Իսրայէլի մայրը:
8․ Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստուածների. Այն ժամանակ դեռեւս անյայտ նոր գեղարդներով պատերազմեցին իշխանների քաղաքները՝ Քառասուն հազար մարդ՝ Իսրայէլի մէջ:
9․ Իմ սիրտն Իսրայէլի իշխանների կողմն է. Ժողովրդի զօրաւորնե՛ր, Օրհնեցէ՛ք Տիրոջը:
10․ Կէսօրին սպիտակ ձիեր հեծնողնե՛ր, Դատաւորների ատեան գնացողնե՛ր,
11․ Ձա՛յն տուէք նուագածուներին ցնծացողների մէջ. Այնտեղ թող գովաբանեն արդարութիւնը Տիրոջ, Նա զօրացրեց արդարութիւնն Իսրայէլի մէջ, Այն ժամանակ Տիրոջ ժողովուրդն իջաւ քաղաքները:
12․ Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛, Արթնացրո՛ւ բիւրաւորներին ժողովրդի հետ. Արթնացի՛ր, արթնացի՛ր, խօսի՛ր երգերով: Զօրացած՝ վե՛ր կաց, Բարա՛կ, Գերի՛ր քո գերիներին, ո՜վ Աբինէեմի որդի:
13․ 2Այնժամ մեծացաւ նրա զօրութիւնը, Տէրն ի՛նձ ենթարկեց ինձնից ուժեղներին:
14․ 3 Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում. Քո եղբայր Բենիամինը հետեւեց քո ժողովրդին:
Իմ մօտից խուզարկուներ իջան Մաքիր, Իսկ Զաբուղոնի երկրից՝ պատմութեան դպրի գաւազան ունեցող զօրացուցիչներ:
15․ Իսաքարի զօրավարները Դեբորայի եւ Բարակի հետ էին, Եւ Բարակն իր ոտքերը տարածեց հովիտների վրայ: Ռուբէնի տոհմերում Մեծամեծ յուզմունք կար:
16․ 4Ինչո՞ւ են նստել Մոսփաթեմի մէջ Եւ լսում են տագնապողների գոչիւնը, Որպէսզի անցնեն Ռուբէնի կողմը: Մեծամեծ յուզմունք է բարձրացել:
17․ Գադը Յորդանան գետի այն կողմում էր բնակւում. Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նաւերի մէջ:
Ասերը ծովի եզերքին է բնակւում Եւ ծովախորշերում է ապրում:
18․ Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահուան վտանգի մէջ, Եւ Նեփթաղիմի ժողովուրդն իրեն դնում է վտանգի մէջ դաշտի բարձունքներում:
19․ Թագաւորներ եկան եւ պատերազմեցին, Այն ժամանակ տագնապեցին քանանացիների թագաւորները Թանաքի մէջ, Մակեդդովի ջրերի վրայ. Ագահութեամբ արծաթ չառայ 5:
20․ Երկնքից պատերազմեցին աստղերն իրենց շրջաններից, Պատերազմեցին Սիսարայի դէմ:
21․ Կիսոնի հեղեղատը քշեց նրանց, Կադեսիմի 6հեղեղատը, Կիսոնի հեղեղատը: Թող ես կոխոտեմ նրանց,
Թող իմ ոտքը զօրանայ:
22․ Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի սմբակները: Իմ կրունկները գետնին հաւասարեցրին նրանց ահարկու հպարտութիւնը:
23․ «Նզովեցէ՛ք Մարոզ քաղաքը, - ասում է Տիրոջ հրեշտակը, - Անիծելով անիծեցէ՛ք նրա բնակիչներին, Որովհետեւ Տիրոջն օգնութեան չեկան, Չեկան Տիրոջն օգնութեան հզօր ռազմիկների դէմ»
24․ Օրհնեալ լինի կանանց մէջ Յայէլը՝ Կինեցի Քաբերի կինը, Օրհնեալ լինի նա կանանց մէջ իր վրանում:
25․ Սիսարան ջուր խնդրեց, իսկ նա կաթ տուեց, Իշխանների ամանով կարագ մատուցեց:
26․ Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց, Աջը մուրճին՝ իսպառ ջախջախելու եւ ոչնչացնելու: Սպանեց Սիսարային,
Ցիցը մեխեց նրա քունքի մէջ, Խրեց նրա գլխի մէջ եւ սպանեց նրան:
27․ Նա ծանրացած ընկաւ նրա ոտքերի, Ընկաւ նրա ծնկների միջեւ, Այնտեղ կորացաւ, մինչեւ որ գետին փռուեց, ընկաւ թշուառականը:
28․ Սիսարայի մայրը նայում էր վանդակաւոր պատուհանից, Տեսնում էր Սիսարայի մօտից եկողներին, Իսկ նրա կառքն ուշանում էր գալու: - Ինչո՞ւ են ուշանում նրա կառքի անուահետքերը:
29․ Նրա իշխանների իմաստուն կանայք պատասխան են տալիս նրան ու ասում, Հէնց ինքն էլ իր խօսքերին պատասխան է տալիս ու ասում. 30․ «Աւար բաշխողները չեն գտնի նրան, Որ բարիք անեն բարեկամներին՝ ամէն մէկին բաժանելով իր աւարը: Նրա աղիքները ճմլեց Սիսարայի ստացած գոյնզգոյն աւարը, Նկարազարդ, գոյնզգոյն երանգներով աւարը, Գոյնզգոյն, նկարազարդ հիւսուածքներով նարօտը նրա պարանոցի վրայ»:
31․ Այսպէս թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տէ՛ր, Իսկ նրան սիրողները թող լինեն այնպէս, ինչպէս արեւը, որ ծագում է իր զօրութեամբ»:
32․ Եւ երկիրը խաղաղուեց քառասուն տարի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: