ԴԱՒԹԻ ԻՇԽԱՆՆԵՐԸ՝ ԱՆԱՐԳՈՒԱԾ
1․ Դրանից յետոյ մեռաւ ամոնացիների արքան, եւ նրա որդի Անոնը թագաւորեց նրա փոխարէն:
2․ Դաւիթն ասաց. «Մարդասիրութիւն անենք Նաասի որդի Անոնի նկատմամբ, որովհետեւ նրա հայրն էլ իմ նկատմամբ էր մարդասիրութիւն արել»: Դաւիթն իր իշխաններին ուղարկեց նրա մօտ, որ նրանց միջոցով ցաւակցի հօր համար: Դաւթի իշխանները գնացին ամոնացիների երկիրը:
3․ Ամոնացիների իշխաններն ասացին իրենց տէր Անոնին. «Մի՞թէ Դաւիթը հօրդ մեծարելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել: Ո՛չ: Դաւիթն իր իշխաններին ուղարկել է, որ զննեն, հետախուզեն քո քաղաքները:
4․ Դաւիթն իր իշխաններին քեզ մօտ է ուղարկել լրտեսելու համար»: Եւ նա Դաւթի իշխաններին բռնեց, նրանց մօրուքները ածիլեց եւ նրանց զգեստները մէջտեղից մինչեւ ծայրը պատռելով՝ արձակեց նրանց:
5․ Այս մարդկանց հետ պատահածի մասին պատմեցին Դաւթին, նա նրանց ընդառաջ մարդ ուղարկեց, քանզի այդ մարդիկ խիստ անարգուած էին: Արքան ասաց. «Մնացէ՛ք Երիքովում մինչեւ որ ձեր մօրուքները աճեն, եւ ապա կը վերադառնաք:
6․ Երբ ամոնացիները տեսան, որ անարգել են Դաւթի ժողովրդին, մարդ ուղարկեցին եւ Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետեւակ, ինչպէս նաեւ ամաղէկացիների արքայից հազար ու Ստոբի արքայից տասներկու հազար զինուոր:
7․ Դաւիթ արքան այդ լսելով՝ Յովաբին ընտիր զօրքով ուղարկեց նրանց դէմ:
8․ Ամոնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մօտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու ամաղէկացիները առանձին էին կանգնել դաշտում:
9․ Յովաբը տեսնելով, որ իր վրայ յարձակւում են առջեւից ու յետեւից, բոլոր իսրայէլացիներից ընտրեց երիտասարդներ եւ ասորիների դէմ ճակատ կազմեց:
10․ Զօրքի մնացած մասը նա յանձնեց իր եղբօրը՝ Աբեսսային: Նրանք ճակատ կազմեցին ամոնացիների դէմ:
11․ Նա ասաց. «Եթէ ասորիներն ինձ նեղեն, դուք ինձ օգնութեան կը հասնէք, իսկ եթէ ամոնացիները քեզ նեղեն, մենք օգնութեան կը հասնենք:
12․ Կորովի՛ եղիր, զօրավիգ լինենք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների բնակիչներին, եւ Տէրը կ՚անի իր աչքին հաճելի եղածը»:
13․ Յովաբն իր զօրքով պատերազմի ելաւ ասորիների դէմ, եւ ասորիները փախան նրա առաջից:
14․ Ամոնացիները երբ տեսան, որ ասորիները փախչում են, իրենք եւս փախուստի դիմեցին Աբեսսայի առաջից եւ մտան քաղաք: Յովաբը ամոնացիների մօտից վերադարձաւ ու եկաւ Երուսաղէմ:
15․ Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտուեցին Իսրայէլից, մէկտեղ հաւաքուեցին:
16․ Ադրաազարը մարդ ուղարկեց եւ գետի այն կողմի ասորիներին հաւաքեց Քաղամակում: Նրանք եկան հասան Եղամ, եւ Ադրաազարի իշխան Սոբակը զօրքի գլուխն անցաւ:
17․ Դաւթին յայտնեցին այդ մասին: Նա հաւաքեց բոլոր իսրայէլացիներին, անցաւ Յորդանան գետը եւ հասաւ Քաղամակ: Ասորիները Դաւթի դիմաց գնդեր հանեցին ու նրա դէմ պատերազմեցին:
18․ Ասորիները փախան իսրայէլացիների առաջից, եւ Դաւիթը ասորիների եօթը հարիւր մարտակառքերն ու քառասուն հազար հեծեալները ոչնչացրեց, զօրքի հրամանատար Սոբակին հարուածեց, ու սա տեղնուտեղը մեռաւ:
19․ Ադրաազարին հպատակ բոլոր թագաւորները երբ տեսան, որ իրենք Իսրայէլից պարտութիւն են կրել, անձնատուր եղան, Իսրայէլի հետ հաշտութեան ուխտ կնքեցին, նրա հպատակները դարձան, իսկ ասորիները վախեցան այնուհետեւ ամոնացիներին օգնել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: