Գիրք` 10. Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գլուխ 17

Քուսին մոլորեցնում է Աբիսողոմին
   
1․ Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ և վեր կենամ ու այս գիշեր հետապնդեմ Դավթին։
2․ Ես կհարձակվեմ նրա վրա, քանի որ նա հոգնած և ձեռքերը թուլացած է, կվախեցնեմ նրան, և նրա հետ եղած ամբողջ զորքը կփախչի, և կսպանեմ միայն թագավորին։
3․ Երբ ամենքը քեզ մոտ վերադառնան, բացի այն մարդուց, որին դու ես որոնում, ամբողջ ժողովուրդը կխաղաղվի»։
4․ Եվ այս խոսքը ուղիղ թվաց Աբիսողոմին և Իսրայելի բոլոր ծերերին։
5․ Ապա Աբիսողոմն ասաց. «Արաքացի Քուսիին էլ կանչե՛ք, լսենք, թե նա ինչ կասի»։
6․ Երբ Քուսին եկավ Աբիսողոմի մոտ, Աբիսողոմը նրան ասաց, թե Աքիտոփելը այսպես է ասել. «Անե՞նք նրա խոսքը, թե՞ ոչ. դո՛ւ խոսիր»։
7․ Քուսին ասաց Աբիսողոմին. «Աքիտոփելի այս անգամ տված խորհուրդը լավ չէ»։
8․ Քուսին ասաց. «Դու գիտես քո հորը և նրա մարդկանց, որ զորեղ և հոգով դառնացած են՝ ձագերը դաշտում կորցրած արջի նման. քո հայրը պատերազմի մարդ է և գիշերը չի մնա ժողովրդի հետ։
9․ Ահա հիմա նա թաքնված է կամ փոսերից մեկում, կամ մի այլ տեղ, և եթե պատահի, որ սկզբում ձերոնցից ոմանք ընկնեն, այն ժամանակ ով լսի, պիտի ասի. “Կոտորվել է Աբիսողոմի ետևից գնացող ժողովուրդը”։
10․ Եվ ինքը՝ քաջարի մարդն էլ, որի սիրտն առյուծի սրտի նման է, բոլորովին կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, որ քո հայրը զորեղ է, և նրա հետ եղած մարդիկ էլ ուժեղ են։
11․ Բայց ես խորհուրդ եմ տալիս. հավաքի՛ր քեզ մոտ ամբողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, այնքան շատ, ինչքան ավազն է ծովեզրին, և դու էլ անձամբ պատերազմի՛ գնա նրանց հետ։
12․ Այդ ժամանակ նրա դեմ կգնանք այն տեղերից մեկում, ուր որ կգտնվի, և կհարձակվենք այնպես, ինչպես ցողն է իջնում երկրի վրա, և նրանցից ու նրա հետ եղած բոլոր մարդկանցից մեկն էլ չի պրծնի։
13․ Իսկ եթե նա հավաքվելու լինի մի քաղաքում, այն ժամանակ ամբողջ Իսրայելը պարաններ կտանի այդ քաղաքի դեմ, և մենք այն քարշ կտանք մինչև հեղեղատը, այնպես որ այնտեղ մի քարի կտոր էլ չի մնա»։
14․ Աբիսողոմը և Իսրայելի բոլոր մարդիկ ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Եվ այդպես Տերը հրամայել էր, որ Աքիտոփելի խորհուրդը մերժվի, որպեսզի Տերը չարիք բերի Աբիսողոմին։
   
Դավիթը զգուշացվում է և փախչում
   
15․ Ապա Քուսին ասաց Սադովկ և Աբիաթար քահանաներին. «Աքիտոփելը այսպես ու այսպես խորհուրդ տվեց Աբիսողոմին և Իսրայելի ծերերին, իսկ ես էլ այսպես ու այսպես խորհուրդ տվի։
16․ Հիմա շուտ մա՛րդ ուղարկեք և հայտնե՛ք Դավթին՝ ասելով. “Այս գիշեր մի՛ մնա անապատի դաշտում, այլ անցի՛ր և գնա՛, որ թագավորն ու նրա հետ գտնվող ամբողջ ժողովուրդը կորստյան չմատնվեն”»։
17․ Հովնաթանն ու Աքիմաասը սպասում էին Ռովգելի աղբյուրի մոտ, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց. նրանք էլ գնացին ու հաղորդեցին Դավիթ թագավորին, որովհետև չէին կարող քաղաք մտնել ու երևալ։
18․ Բայց մի պատանի տեսավ նրանց և պատմեց Աբիսողոմին. իսկ նրանք երկուսն էլ արագ գնացին ու մտան բավուրիմցի մի մարդու տուն։ Նա իր տան գավթում մի հոր ուներ, և նրանք իջան այնտեղ։
19․ Եվ կինը վերցրեց ծածկոցը, փռեց հորի բերանին ու նրա վրա ձավար լցրեց, և ոչինչ չիմացվեց։
20․ Երբ Աբիսողոմի ծառաները գնացին այդ կնոջ մոտ՝ նրա տուն, ասացին. «Որտե՞ղ են Աքիմաասը և Հովնաթանը»։ Եվ կինն ասաց նրանց. «Անց կացան առվակի ջրից»։ Իսկ նրանք չգտան և վերադարձան Երուսաղեմ։
21․ Երբ նրանք գնացին, մարդիկ դուրս եկան հորից, գնացին ու պատմեցին Դավիթ թագավորին. և ասացին Դավթին. «Վե՛ր կացեք և շուտ անցե՛ք ջուրը, որովհետև Աքիտոփելը այսպես է խորհուրդ տվել ձեր դեմ»։
22․ Եվ Դավիթն ու նրա հետ եղած ամբողջ զորքը վեր կացան ու անցան Հորդանանը, և մինչև առավոտ չկար մեկը, որ անցած չլիներ Հորդանանը։
23․ Աքիտոփելը տեսավ, որ իր խորհուրդը չկատարվեց, համետեց էշը, վեր կացավ ու գնաց իր տուն՝ իր քաղաքը, իր տան համար կարգադրություններ արեց և խեղդեց իրեն ու մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։
24․ Դավիթը հասավ Մանայիմ, իսկ Աբիսողոմը, ինքը և իր հետ եղած Իսրայելի բոլոր մարդիկ անցան Հորդանանը։
25․ Աբիսողոմը Հովաբի փոխարեն զորքի հրամանատար դրեց Ամեսայիին։ Ամեսային իսրայելացի մի մարդու որդի էր, որի անունը Հոթոր էր, և որը կնության էր առել Հովաբի մայր և Շարուհեայի քույր Նաասի աղջիկ Աբիգեային։
26․ Իսրայելն ու Աբիսողոմը բանակատեղի դրին Գաղաադի երկրում։
27․ Հենց որ Դավիթը հասավ Մանայիմ, Ամմոնի որդիներից Նաասի որդի Սոբին՝ Ռաբբայից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռովգելիմից,
28․ անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալյուր և աղանձ, ոլոռ, ոսպ ու ձավար,
29․ մեղր ու կարագ, ոչխարներ և կովի պանիր բերին Դավթի և նրա հետ եղած ժողովրդի համար, որ ուտեն, որովհետև ասում էին. «ժողովուրդը անապատում սոված, հոգնած և ծարավ կլինի»։