Գիրք` 21. Ա Մակաբայեցիներ

Գլուխ 11

ՊՏՂՈՄԷՈՍ Զ-Ի ԱՐՇԱՒԱՆՔԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԴԷՄ
   

1․ Եգիպտացիների թագաւորը զօրք կազմեց, ծովափի աւազի չափ բազմաթիւ զինուորներ եւ շատ նաւեր հաւաքեց: Նա ուզում էր նենգութեամբ Ալեքսանդրի թագաւորութեանը տիրանալ եւ այն միացնել իր թագաւորութեանը:
2․ Նա խաղաղութեան պատգամներով եկաւ Ասորիքի կողմերը: Դարպաս էին բաց անում նրա առաջ եւ ընդառաջ գնում նրան: Դա Ալեքսանդր արքայի պատուէրն էր, որովհետեւ Պտղոմէոսն իր աներն էր:
3․ Երբ Պտղոմէոսը մտնում էր քաղաքները, ամէն մի քաղաքում իր զօրքից պահապաններ էր թողնում:
4․ Երբ նրանք եկան մօտեցան ազոտացիների քաղաքին, նրան ցոյց տուեցին Դագոնի հրկիզուած մեհեանը, քաղաքը եւ պատերազմի ժամանակ կրակի մատնուած նրա շրջակայ քաղաքների այրուած դիակները, որ բերել կոյտ-կոյտ դիզել էին ճանապարհի վրայ:
5․ Արքային պատմեցին այն ամենի մասին, ինչ կատարել էր Յովնաթանը, եւ աչքից գցեցին նրան: Թագաւորը լուռ էր:
6․ Յովնաթանը մեծ պատիւներով դիմաւորեց թագաւորին յոպպէացիների քաղաքում: Իրար ողջոյն տուեցին ու միասին անցկացրին այդ օրը:
7․ Յովնաթանն արքայի հետ գնաց մինչեւ Ազատ կոչուող գետի կողմերը եւ այդտեղից վերադարձաւ Երուսաղէմ,
8․ իսկ Պտղոմէոս արքան գրաւեց ծովեզրեայ քաղաքները մինչեւ սելեւկացիների քաղաքը. նա Ալեքսանդրի դէմ դաւադրութիւն էր պատրաստում:
9․ Նա Դեմետրիոս արքայի մօտ բանագնացներ ուղարկեց ու ասաց. «Եկ իրար հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք: Ես քեզ կը տամ Ալեքսանդրի մօտ գտնուող իմ դստերը, եւ դու կը տիրանաս քո հօր թագաւորութեանը:
10․ Ես զղջում եմ, թէ ինչու իմ դստերը տուեցի նրան կնութեան, քանի որ նա մահուան դաւ է նիւթում իմ դէմ»:
11․ Այսպէս նա զրպարտեց Ալեքսանդրին, որովհետեւ աչք էր դրել նրա տէրութեան վրայ: Նա իր դստերը յետ բերեց ու տուեց Դեմետրիոսին:
12․ Նա երես դարձրեց Ալեքսանդրից եւ յայտնի դարձրեց իր թշնամանքը: Պտղոմէոսը մտաւ ու գրաւեց քաղաքները, ծովեզրեայ Սելեւկիան եւ Ալեքսանդրի դէմ դաւ էր նիւթում:
13․ Նա եկաւ մտաւ անտիոքացիների քաղաքը, գլխին դրեց ասիացիների թագն ու իրեն պսակեց կրկնակի թագով՝ ասիացիների թագով ու եգիպտացիների թագով:
14․ Այդ ժամանակ, սակայն, Ալեքսանդր արքան Կիլիկիայի կողմերում էր, որովհետեւ ապստամբութիւն էին բարձրացրել նրա դէմ:
15․ Երբ դա իմացաւ Ալեքսանդրը, եկաւ պատերազմ տալու: Պտղոմէոսը նրա դէմ ելաւ բազմաթիւ զօրքով եւ նրան պարտութեան մատնեց:
16․ Ալեքսանդրը փախաւ արաբացիների կողմերը, որպէսզի թաքնուի այնտեղ ու ազատուի նրանից: Հզօրացաւ Պտղոմէոս արքան:
17․ Եկաւ արաբ Զաբեէլը, կտրեց Ալեքսանդրի գլուխը եւ տուեց, որ այն տանեն Պտղոմէոս արքային:
18․ Երրորդ օրը մեռաւ Պտղոմէոսը, եւ բոլոր նրանք, ովքեր բերդի շուրջն էին գտնւում, կոտորուեցին բնակիչների կողմից:
19․ Դեմետրիոսը թագաւորեց հարիւր վաթսունեօթը թուականին:
   
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԴԵՄԵՏՐԻՈՍ Բ-Ի ԵՒ ՅՈՎՆԱԹԱՆԻ ՄԻՋԵՒ
   
20․ Այդ օրերին Յովնաթանը Հրէաստանում զօրք հաւաքեց, որ գայ պատերազմ մղի Երուսաղէմում գտնուող բերդի համար: Նրա շրջակայքում կանգնեցրին բազմաթիւ ռազմական մեքենաներ:
21․ Հրեայ ազգին թշնամի մի քանի անօրէն մարդիկ գնացին պատմեցին թագաւորին, թէ Յովնաթանը մեքենաներ է կանգնեցրել ու շրջապատել բերդը, պատրաստուել է գրաւելու այն:
22․ Երբ դա լսեց Դեմետրիոսը, խիստ բարկացաւ, վեր կացաւ ու եկաւ պտղոմէացիների մօտ, հրովարտակներ ուղարկեց Յովնաթանին, որ բերդն այլեւս պաշարման մէջ չպահի, այլ անմիջապէս վեր կենայ ու գայ պտղոմէացիների քաղաքը, որպէսզի այնտեղ հանդիպեն միմեանց:
23․ Երբ դա լսեց Յովնաթանը, հրամայեց առաւել եւս ուժեղացնել բերդի պաշարումը, իսկ ինքը ժողովրդի ծերերից ու քահանաներից վերցրեց ազնիւ եւ իմաստուն մարդկանց,
24․ ճանապարհ ընկաւ նուէրներով, ոսկով ու արծաթով, իր անձը մահուամբ վտանգելով գնաց, որ պտղոմէացիների քաղաքում հանդիպի թագաւորին:
25․ Նա նրա կողմից պատուի արժանացաւ, թէեւ շատ անօրէններ էին ամբաստանել նրան:
26․ Թագաւորը նրան մեծարեց, ինչպէս իր նախնիներն էին մեծարել, պատուեց նրան իր բոլոր բարեկամների մօտ,
27․ նրան տուեց քահանայապետութեան իշխանութիւն եւ այն բոլոր պատիւները, որ ունէին քահանայապետները նրանից առաջ: Նա նրան իր առաջին բարեկամների շարքը դասեց:
28․ Յովնաթանը խնդրեց արքային, որ վերացնի Հրէաստանի եւ Սամարիայի երեք կուսակալութիւնների հարկերը: Նա խոստացաւ նրան տալ միայն երեք հարիւր քանքար:
29․ Թագաւորին դա ընդունելի թուաց, եւ նա այս բոլորի համար հրամայեց Յովնաթանին տալ հրովարտակ հետեւեալ բովանդակութեամբ.
30․ «Դեմետրիոս արքան ողջունում է իր եղբայր Յովնաթանին:
31․ Այս հրովարտակի պատճէնը մենք ուղարկել ենք մեր եղբայր Լասթենէսին: Նոյնի օրինակն էլ ձեզ ենք գրում, որ տեղեակ լինէք:
32․ «Արքայ Դեմետրիոսը ողջունում է հայր Լասթենէսին:
33․ Մեր բարեկամ, օգնական, նիզակակից, ուխտապահ հրեաներին արժանի ենք համարում, որ հանգիստ թողնենք նրանց, բարութիւն հատուցենք այն արդարութեան ու հաւատարմութեան համար, որ նրանք ցուցաբերել են մեր նկատմամբ:
34․ Հաստատում ենք Հրէաստանի սահմանները եւ երեք գաւառները՝ Ափարիմը, Լուդան ու Ռաթամինը: Դրանք թող անջատուեն Սամարիայից եւ կցուեն Հրէաստանին: Այսուհետեւ օրէնքով սահմանուած այդ գաւառների հարկերը թող յատկացուեն Երուսաղէմի պաշտօնեաներին: Արքունի այն եկամուտները, որոնք ամէն տարի ստացւում են հողի արտադրանքից ու պտղատու ծառերի բերքից,
35․ արքունի հարկերը, տասանորդները, մաքսերը, արքունի այլ եկամուտները, աղի տուրքը, պսակների հարկը,
36․ այս բոլորը զիջում ենք նրանց: Սրանցից ոչ մէկը թող չխախտուի յաւիտենապէս:
37․ Արդ, հո՛գ տարէք, որ այդ հրովարտակի մի պատճէնը հանէք եւ յանձնէք Յովնաթանին, որպէսզի այն դնի սրբարանի գանձարանում, աչքի ընկնող եւ յարմար տեղում»»:
   
ՅՈՎՆԱԹԱՆԻ ՕԳՆՈՒԹԻՒՆԸ ԴԵՄԵՏՐԻՈՍ Բ-ԻՆ
   

38․ Երբ Դեմետրիոս արքան տեսաւ, որ ողջ երկիրը հնազանդուել է իրեն, եւ աշխարհում չկար մի բան, որ հակառակուէր իր կամքին, հրաման տուեց, որ ամէն մի զօրք արձակուի ու վերադառնայ իր տեղը, բացի հեռաւոր ազգերի զինուորներից ու կղզիներից հաւաքուած ռազմիկների գնդից: Բոլոր ազգերի զօրքերը թշնամացան նրա դէմ:
39․ Ալեքսանդրի տոհմում կար Տրիփոն անունով մէկը: Երբ տեսաւ, որ բոլոր զօրքերը տրտնջում են Դեմետրիոսի դէմ, գնաց Իմալկուս Արաբացու մօտ, որը սնում ու դաստիարակում էր Ալեքսանդրի պատանի որդի Անտիոքոսին:
40․ Նա ստիպեց նրան, որ պատանուն իրեն յանձնի, որպէսզի ինքը բերի նրան ու հօր գահին նստեցնի: Նա նրան պատմեց նախկինում Դեմետրիոսի կատարած գործերի մասին եւ այն բոլոր թշնամութիւնների, որ մի ժամանակ ունէր զօրքը նրա նկատմամբ: Նա նրա մօտ մնաց շատ օրեր:
41․ Յովնաթանը Դեմետրիոս արքայի մօտ մարդ ուղարկեց, որ նա հրաման տայ միջնաբերդից եւ միւս բերդերից դուրս հանելու զօրքերը, որովհետեւ սրանք թշնամաբար էին տրամադրուած Իսրայէլի նկատմամբ:
42․ Դեմետրիոսը մարդ ուղարկեց Յովնաթանի մօտ ու ասաց. «Ես ոչ միայն քեզ ու քո ազգի համար կ՚անեմ այդ, այլեւ պատուի կ՚արժանացնեմ քո ազգը, միայն թէ ժամանակ գտնեմ:
43․ Դու լաւ կ՚անես, եթէ օգնական մի գունդ ուղարկես, որովհետեւ իմ զինուորներն ինձ լքել են»:
44․ Երբ դա լսեց Յովնաթանը, անմիջապէս լաւ սպառազինուած երեք հազարանոց մի գունդ ուղարկեց անտիոքացիների քաղաքը իբրեւ թագաւորի օգնական: Թագաւորն ուրախացաւ, որ նրանք հասան իր մօտ:
45․ Երբ դա իմացան քաղաքի բնակիչները, զանազան տեղերից եկան հաւաքուեցին քաղաքի կենտրոնում հարիւր քսան հազար մարդ եւ թագաւորի վրայ յարձակուելով՝ ուզում էին նրան անմիջապէս սպանել,
46․ բայց նա խոյս տուեց նրանցից: Նրանք անմիջապէս գրաւեցին քաղաքի բոլոր փողոցների մուտքերը եւ սկսեցին կռուել:
47․ Իսրայէլեան գունդն այդ իմանալով՝ կուտակուեց թագաւորի ապարանքի մօտ. մարդիկ ձայն տուեցին միմեանց ու տարածուեցին ամբողջ քաղաքում:
48․ Հարուածելով սպանեցին, կոտորեցին մօտ տասը հազար մարդ, հրդեհի մատնեցին քաղաքի փայտակերտ բոլոր շէնքերը եւ կողոպտեցին նրանց կայքն ու ունեցուածքը, իրենց մօտ բերեցին թագաւորին ու փրկեցին նրանց ձեռքից:
49․ Երբ քաղաքի գնդի մնացած զինուորները տեսան, որ իսրայէլեան գունդը հզօրացել է, կատարելապէս յաղթել իրենց, յուսալքուեցին, թուլացան ու հրաժարուեցին իրենց մտադրութիւնից: Նրանք աղաչական ձայնով սկսեցին դիմել թագաւորին ու ասացին.
50․ «Խղճա՛ մեզ, մոլեգնած գունդը թող դադարեցնի քաղաքի բնակիչների կոտորածը»:
51․ Ասում էին այս, եւ ամէն մէկն իր զէնքը նետում էր յաղթողների ոտքերի առաջ: Իսրայէլեան գնդի փառքն ու պատիւը բարձրացաւ թագաւորի ու նրա ողջ զօրքի աչքին: Դրանից յետոյ նրանք մեծ պատուով ու բազում աւարով վերադարձան Երուսաղէմ:
52․ Դեմետրիոս արքան նստեց իր տէրութեան գահին, եւ ամբողջ երկիրը դողաց նրա առաջ:
53․ Բայց նա դրժեց այն բոլոր խոստումները, որ տուել էր իսրայէլացիներին, բոլորովին օտարացաւ Յովնաթանից եւ չհատուցեց նրա հաւատարիմ ծառայութեան փոխարէն:
   
ՅՈՎՆԱԹԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱՆՏԻՈՔՈՍ Զ-ԻՆ ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ԴԷՄ
   

54․ Այս դէպքերից յետոյ վերադարձան Տրիփոնն ու նրա հետ պատանի Անտիոքոսը, որն արդէն թագաւոր էր դարձել ու նստել տէրութեան գահին:
55․ Նրա մօտ հաւաքուեցին Դեմետրիոսի բոլոր ցրուած զինուորները, պատերազմեցին Դեմետրիոսի դէմ ու խայտառակ կերպով նրան փախուստի մատնեցին:
56․ Տրիփոնն եկաւ փղերով ու գրաւեց անտիոքացիների քաղաքը:
57․ Պատանի Անտիոքոսը հրաման արձակեց, որ Յովնաթանին հրովարտակ ուղարկեն, ուր ասուած էր. «Քեզ քահանայապետ եմ նշանակում, քեզ հաստատում եմ չորս գաւառների վերակացու, քեզ համարում եմ մեր իսկական եւ առաջին բարեկամներից մէկը»:
58․ Նա հրամայեց, որ նրան տանեն ոսկէ գաւաթներ ու տաճարի սպասքը: Նրան իրաւունք տուեց ըմպել ոսկէ գաւաթներով, ծիրանի զգեստներ հագնել, թագաւորական նշանի նման ճարմանդ կրել:
59․ Հրաման տուեց, որ նրա եղբայր Շմաւոնը նշանակուի իշխան եւ զօրավար Ծուրից մինչեւ եգիպտացիների սահմանը:
60․ Յովնաթանը ելաւ, որ շրջագայի Յորդանան գետի այն կողմում եւ քաղաքներում: Իբրեւ օգնական նրա մօտ հաւաքուեցին Ասորիքի բոլոր զինուորները: Նա եկաւ Ասկաղոնի կողմերը: Մեծամեծ գովաբանութիւններ անելով նրան ընդառաջ ելան քաղաքացիները:
61․ Այնտեղից նա գնաց Գազա, բայց գազացիները նրա առաջ փակեցին դարպասները: Նա շրջապատեց նրանց, հրդեհի մատնեց նրանց աւանները, բռնագրաւեց նրանց ինչքն ու ունեցուածքը:
62․ Դրանից յետոյ եկան գազացիները, կանգնեցին ու խոնարհուեցին նրա առաջ, իրենց իշխանների որդիներին պատանդ տուեցին: Նա նրանց ուղարկեց Երուսաղէմ, իսկ ինքն անցաւ երկիրը մինչեւ Դամասկոսի կողմերը:
63․ Յովնաթանը լսեց, որ Դեմետրիոսի իշխանները բազում զօրքերով հասել են գալիլիացիների կողմերը՝ Կադէս, նրան իշխանութիւնից զրկելու դիտաւորութեամբ:
64․ Նա իր եղբայր Շմաւոնին վերակացու թողեց երկրի վրայ, իսկ ինքը գնաց նրանց ընդառաջ:
65․ Շմաւոնը յարձակուեց Բեթսորի վրայ, բազում օրեր պաշարեց այն, կալանքի տակ պահեց նրա բնակիչներին:
66․ Նրանք սկսեցին աղաչել նրան, որ իրենց հետ դաշինք կնքի: Շմաւոնը համաձայնեց, նրանց տեղահան արեց քաղաքից եւ այդտեղ, քաղաքի վրայ պահապաններ նշանակեց:
67․ Յովնաթանն իր զօրքով եկաւ ու բանակ դրեց Գեննեսարեթի ջրերի մօտ: Երբ առաւօտեան հասաւ Նասորի դաշտը,
68․ այլազգիների մի գունդ ընդառաջ եկաւ նրան մի դաշտավայրում, բայց նրանք ծուղակ էին պատրաստել. գնդի կէսը դարան էր մտել, իսկ միւս կէսը յարձակուեց նրա վրայ:
69․ Դարանակալները ելան իրենց տեղերից, հետապնդեցին նրանց, Յովնաթանին զօրքով հանդերձ շրջապատեցին
70․ եւ Յովնաթանի զօրքը փախուստի մատնեցին: Նրա մօտ ոչ ոք չմնաց, բացի Բեսալոմի որդի Մատաթիայից ու Կափի որդի Յուդայից, որոնք զօրքի զօրավարներն էին:
71․ Յովնաթանը բռնեց իր օձիքից, պատառոտեց պատմուճանը, հող լցրեց գլխին:
72․ Նա մեծ բարկութեամբ յարձակուեց ու պարտութեան մատնեց նրանց:
73․ Այն ժամանակ բոլոր փախստականները վերադարձան ու հալածեցին թշնամուն մինչեւ իրենց բանակատեղին՝ մինչեւ Կադէս: Նրանք եկան հասան այլազգիների բանակի մօտերքը:
74․ Այդ օրն սպանեցին երեք հազար սպառազէն հեծեալ, եւ Յովնաթանը վերադարձաւ Երուսաղէմ: