ՅՈՎՆԱԹԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԴԱՇԻՆՔԸ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
1․ Երբ Յովնաթանը տեսաւ, որ ժամանակը նպաստաւոր է իր համար, մարդիկ կանչեց, բանագնացներ ընտրեց նրանցից եւ ուղարկեց հռոմէացիների քաղաքը, որպէսզի գնան ու նորոգեն իրենց հետ կնքուած հաշտութեան դաշինքը:
2․ Նա սպարտացիներին ու այլ վայրերի մարդկանց հրովարտակներ ուղարկեց նոյն բովանդակութեամբ:
3․ Բանագնացները գնացին, հասան հռոմէացիների քաղաքը, հանդիպեցին նրանց խորհրդարանի դահլիճում ու ասացին. «Յովնաթան քահանայապետն ու հրեայ ազգը մեզ ուղարկեցին ձեզ մօտ, որպէսզի նորոգենք հաշտութեան նախկին դաշինքը, առաջուայ նման լինենք միմեանց զինակից ու օգնական»:
4․ Հռոմէացիներն ընդունեցին, համաձայնեցին, տարբեր վայրեր հրովարտակներ ուղարկեցին, որ նրանց խաղաղութեամբ Հրէաստան ուղեկցեն:
5․ Այս է նրանց փոխարքաներին, իշխաններին ու կուսակալներին գրած Յովնաթանի հրովարտակի պատճէնը.
6․ «Յովնաթան քահանայապետը, ժողովրդի աւագների խորհուրդը, քահանաները, հրեայ ազգի բանակն ու սպաները ողջունում են իրենց սպարտացի եղբայրներին:
7․ Դարեհ արքան Օնիա քահանայապետին անցեալում հրովարտակներ էր ուղարկել, թէ դուք մեր նիզակակիցներն էք, մեր եղբայրներն ու բարեկամները, ինչպէս մեզ ցոյց են տալիս այդ հրովարտակների պատճէնները,
8․ Օնիան մեծ պատուով էր ընդունել ուղարկուած մարդուն, ձեռքն առել հրովարտակը, ուր նշւում էր, թէ մենք նիզակակիցներ ու սիրելի բարեկամներ ենք:
9․ Մենք, որ հարուստ ենք եւ ոչնչի կարիք չենք զգում ու մխիթարուել ենք ձեր հրովարտակներով,
10․ այժմ դարձեալ ուզում ենք նորոգել հաւատարմութիւնը, որպէսզի չօտարանանք ձեզանից: Երկար ժամանակ է անցել նախկին համաձայնագրերից յետոյ, որ դուք ուղարկել էք մեզ:
11․ Արդ, մենք ամէն ժամանակ, տարեկան տօներին ու յիշարժան միւս բոլոր օրերին, միշտ յիշում ենք ձեզ, երբ զոհ ենք մատուցում, յիշում ենք մեր աղօթքներում, ինչպէս վայել ու արժանի է յիշել մեր եղբայրներին:
12․ Մենք ուրախանում ենք ձեր փառքով:
13․ Արդ, մեզ պատել են պատերազմների պատճառած նեղութիւնները: Պատերազմներ մղեցին մեր դէմ մեր շրջակայքում գտնուող թագաւորները,
14․ բայց մենք առ այսօր ոչնչով նեղութիւն չտուեցինք ո՛չ ձեզ եւ ո՛չ էլ նրանց, ովքեր ձեզ սահմանակից լինելով՝ այս պատերազմում մեր նիզակակից բարեկամներն են եղել,
15․ որովհետեւ մեր օգնութիւնը գալիս էր երկնքից, եւ մենք ազատուեցինք մեր թշնամիների ձեռքից. նրանք մեր առաջ պարտութեան մատնուեցին:
16․ Արդ, մենք ընտրեցինք Անտիոքոսի որդի Նումենիոսին ու Յասոնի որդի Անտիպատրոսին, ուղարկեցինք նրանց հռոմէացիների մօտ, որպէսզի նորոգեն հաշտութեան, բարեկամութեան, եղբայրութեան ու օգնութեան նախկին դաշինքը:
17․ Նրանց պատուիրել ենք, որ անցնեն ձեզ մօտ, ձեզ հաղորդեն մեր ողջոյնը եւ ձեզ մատուցեն մեր եղբայրական սիրոյ նորոգման նամակը:
18․ Արդ, բարեհաճեցէ՛ք հրամայել, որ պատասխանեն մեզ»:
19․ Այս է հրովարտակների պատճէնը, որ այնտեղից ուղարկեցին Օնիա քահանային.
20․ «Սպարտացիների արքայից ողջո՜յն Օնիա մեծ քահանայապետին:
21․ Սպարտացիներին ու հրէաստանցիներին վերաբերող հին մատեաններ են գտնուել, ուր գրուած է, թէ նրանք հաւասար եղբայրներ են եւ սերել են Աբրահամից:
22․ Այն բանից յետոյ, երբ այս մասին տեղեկացանք, բարեհաճեցէ՛ք ամէն անգամ գրել մեզ մեր նկատմամբ ձեր եւ ձեր նկատմամբ մեր ունեցած խաղաղութեան ու ողջոյնի մասին:
23․ Մեր ունեցած ինչքն ու հարստութիւնը, բոլոր անասունները նաեւ ձե՛րն են, ինչպէս եւ ձերը մե՛րն է: Արդ, մենք այս պատուէրն ենք տալիս ձեզ, որ դուք միշտ այս բանը պահանջէք մեզանից»:
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՓԱԽՈՒՍՏԻ Է ՄԱՏՆՈՒՄ ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ԲԱՆԱԿԸ
24․ Յովնաթանը տեղեկացաւ, որ Դեմետրիոսի իշխանները առաջուանից շատ զինուորներով գալիս են իր դէմ պատերազմելու:
25․ Նա դուրս եկաւ Երուսաղէմից, գնաց նրանց դէմ, հասաւ ու բախուեց Ամաթիտի մօտ: Քանի դեռ նրանք չէին հասցրել մտնել եւ հետախուզել իր երկիրը,
26․ ինքը հետախոյզ ուղարկեց նրանց բանակը: Նրան հաղորդեցին, որ պատրաստւում են գիշերով յարձակուել իրենց վրայ:
27․ Երբ արեւը մայր մտաւ, Յովնաթանը զօրքին հրաման տուեց, որ մինչեւ առաւօտ կազմ ու պատրաստ, զինուած, համախմբուած լինեն պատերազմելու համար: Պարեկներ նշանակեցին, փակեցին իրենց չորս կողմը, ու իրենք պատրաստուեցին յարձակում գործելու:
28․ Երբ թշնամիները տեղեկացան, թէ նրանք գիշերով են պատրաստւում յարձակում գործելու, սրտները վախ ընկաւ, զարհուրեցին: Բոլոր տեղերում, խիտ առ խիտ, խարոյկներ վառեցին, իսկ իրենք գիշերով փախան ու գնացին:
29․ Յովնաթանն ու զօրքը չիմացան նրանց փախուստը, որովհետեւ տեսնելով բորբոքուող խարոյկները, կարծում էին, թէ իրենց տեղում են նրանք:
30․ Դրանից յետոյ թէեւ հետապնդեցին նրանց, բայց հասնել չկարողացան, որովհետեւ նրանք արդէն անցել էին Ազատ գետը:
31․ Դրանից յետոյ Յովնաթանը վերադարձաւ այդտեղից ու յարձակուեց զաբդեցի կոչուող արաբացիների վրայ: Նա հարուածեց, կոտորեց, փախուստի մատնեց նրանց բանակը, աւար առաւ նրանց ինչքն ու ունեցուածքը:
32․ Ապա նա շուռ եկաւ Դամասկոսի կողմը, իսկ Շմաւոնը հասաւ Ասկաղոն,
33․ գրաւեց նրա շրջակայքում գտնուող բոլոր բերդերը, գնաց յոպպէացիների կողմերը: Նա շտապում էր զօրքը ներս մտցնել:
34․ Քանի որ լսել էր, թէ բերդի բնակիչները օգնում են Դեմետրիոսին, ուստի դրանց վրայ պահապան ոստիկաններ նշանակեց:
ՅՈՎՆԱԹԱՆԸ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԸ
36․ Յովնաթանը վերադարձաւ, զօրք հաւաքեց, ծերակոյտը խորհրդի կանչեց. ուզում էր Հրէաստանում բերդեր կառուցել,
36․ միջնաբերդում ու քաղաքում բարձր պարիսպներ շինել, անջրպետել դրանք քաղաքից, որպէսզի Դեմետրիոսի մարդիկ առանձին լինեն, ոչինչ չտան ու չառնեն, չգնեն ու չվաճառեն:
37․ Հաւաքուեցին, որ կառուցեն քաղաքը եւ այն պատը, որ պարիսպներից հասնում էր մինչեւ Քափնաթա կոչուող ծմակների ջրառատ հեղեղատները:
38․ Շմաւոնն Ափիլայում սկսեց կառուցել Ալեդա քաղաքը, ամրացրեց այն, դարպասներ դրեց ու նիգերով ամրացրեց դրանք:
ՏՐԻՓՈՆԻ ԽԱՐԴԱՒԱՆՔԸ ՅՈՎՆԱԹԱՆԻ ԴԷՄ
39․ Տրիփոնն ուզում էր թագաւորել ասիացիների կողմերում, թագ դնել գլխին, ձեռք բարձրացնել անտիոքացիների արքայի վրայ,
40․ բայց վախեցաւ, զգուշացաւ, թէ գուցէ Յովնաթանը չհամաձայնի ու պատերազմի գայ իր վրայ: Դրա համար հնար էր փնտռում, որ բռնի նրան ու կորստեան մատնի:
41․ Նա շարժուեց ու եկաւ Բեթսանի կողմերը: Յովնաթանը նրան ընդառաջ եկաւ քառասուն հազար զինավառ ընտիր զինուորներով, եկաւ հասաւ Բեթսան:
42․ Երբ Տրիփոնը տեսաւ, որ Յովնաթանը եկել է բազմաթիւ զօրքով, վախեցաւ ձեռք բարձրացնել նրա վրայ,
43․ ուստի նրան ընդունեց պատուով, նրան ներկայացրեց իր բարեկամներին, նրան նուէրներ տուեց, իսկ զօրքին հրամայեց, որ հնազանդ լինեն նրան:
44․ Նա սկսեց խօսել Յովնաթանի հետ ու ասաց. «Ինչո՞ւ ես այդքան նեղութիւն տուել զօրքին, չէ՞ որ պատերազմելու պատճառ չկար:
45․ Արդ, զինուորներին ուղարկի՛ր իրենց տեղերը եւ ընտրի՛ր սակաւաթիւ մարդկանց, որ քեզ հետ շրջեն միշտ, իսկ դու ինձ հետ ե՛կ պտղոմէացիների քաղաքը: Ես այն կը յանձնեմ քեզ, ինչպէս նաեւ այլ բերդեր՝ դրանք հսկող զօրքերի հետ միասին, ինչպէս յարմար է քեզ, իսկ ես կը վերադառնամ այնտեղից, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»:
46․ Յովնաթանը հաւատաց նրան ու արեց այնպէս, ինչպէս նա հրամայել էր. զինուորներին ուղարկեց իրենց տեղերը՝ Հրէաստան,
47․ իսկ իր մօտ թողեց շուրջ երեք հազար մարդ: Սրանցից երկու հազարին էլ թողեց Գալիլիացիների երկրում, իսկ ինքը նրա հետ գնաց հազար հոգով:
48․ Երբ Յովնաթանը մտաւ պտղոմէացիների քաղաքը, քաղաքացիները փակեցին դարպասները, ներսում արգելափակեցին նրան եւ սրախողխող արեցին բոլոր նրանց, ովքեր նրա հետ ներս էին մտել:
49․ Տրիփոնն իր զօրքն ուղարկեց Գալիլիացիների երկիրն ու մեծ դաշտը, որ գնան կոտորեն Յովնաթանի ամբողջ զօրքը:
50․ Երբ սրանք իմացան, որ նա բանտարկուած է եւ նրա հետ եղած բոլոր մարդիկ սպանուած են, սթափուեցին ու միասին համախմբուած՝ գնացին պատերազմելու:
51․ Յարձակուողների զօրականները երբ տեսան, որ անձնազոհաբար են մարտնչում նրանք, վախեցան, մարտադաշտը թողեցին ու վերադարձան,
52․ իսկ նրանք հանգիստ եկան հասան Հրէաստան: Կոծեցին ու ողբացին Յովնաթանի եւ նրա հետ եղած զինուորների համար: Նրանք սարսափի մէջ էին: Ողջ Իսրայէլը սգում ու ողբում էր Յովնաթանին:
53․ Շրջակայքում ապրող բոլոր հեթանոսներն ուզում էին կոտորել սրանց, որովհետեւ այսպէս էին ասում.
54․ «Սրանք այլեւս զօրապետ չունեն, որ մեր դէմ պատերազմի: Արդ, եկէք յարձակուենք սրանց վրայ ու երկրի երեսից ջնջենք սրանց յիշատակը»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: