ԱՔԻՈՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻ ՀԱՒԱՏԸ
1. Յուդիթը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, լսեցէ՛ք ինձ, թէ ինչ եմ ասում ձեզ. վերցրէ՛ք այս գլուխը եւ կախեցէ՛ք քաղաքի պարիսպների սիւներից:
2. Երբ բացուի առաւօտը, ու երկրի վրայ ծագի արեգակը, պատերազմելու կարող բոլոր տղամարդիկդ զինուեցէ՛ք, ձեր վրայ զօրավարնե՛ր կարգեցէք, դո՛ւրս ելէք քաղաքից՝ իբրեւ թէ դաշտ էք իջնում, [որը գտնվում է] ասորեստանցիների առաջապահ [թեւի դիմացը], բայց այնտեղ չիջնէք, այլ միայն անհանգստացրէ՛ք նրանց:
3. Նրանք կ՚առնեն իրենց զէնքերը, կը գնան իրենց բուն բանակը, կ՚արթնացնեն ասորեստանցիների զօրապետներին, հաւաքուելով կը դիմեն Հողոփեռնէսի վրանը եւ չեն գտնի նրան: Նրանց մէջ ահ կ՚ընկնի, նրանք կը փախչեն ձեզանից,
4. 486եւ դուք կ՚ընկնէք նրանց յետեւից: Իսրայէլի սահմաններում բնակուող բոլոր բնակիչները թող նրանց դիտապաստ անելով ոչնչացնեն իրենց բոլոր ճանապարհների վրայ:
5. Արդ, մինչ այս անելը, ինձ մօ՛տ կանչեցէք Աքիոր Ամոնացուն, որ տեսնի գլուխն այն մարդու, որ ոտնահարեց Իսրայէլի տունը, կապեց նրան՝ մահ բերելու այստեղ»:
6. Աքիորին կանչեցին Օզիայի տնից, ու երբ նա եկաւ եւ Հողոփեռնէսի գլուխը տեսաւ ժողովրդի մէջ մի տղամարդու ձեռքին, երեսնիվայր ընկաւ, թաւալուեց:
7. Երբ սթափուեց, ընկաւ Յուդիթի ոտքը, երկրպագեց նրան եւ ասաց. «Օրհնեալ ես դու Յուդայի երկրի բոլոր բնակավայրերում եւ բոլոր ժողովուրդների մէջ, ուր, լսելով քո անունը, կը զարմանան:
8. Արդ, դու ինձ պատմի՛ր, թէ ի՛նչ էիր անում այս օրերին»: Եւ իր ամբողջ ժողովրդի առաջ Յուդիթը նրան պատմեց, թէ ինչ էր նա արել այն օրից, երբ դուրս էր եկել, մինչեւ այդ ժամը:
9. Երբ Յուդիթը դադարեց խօսելուց, ժողվուրդը բարձր ձայնով աղաղակեց՝ փառաբանելով Աստծուն իրենց քաղաքում:
10. Երբ Աքիորը տեսաւ այն ամէնն, ինչ Իսրայէլի Աստուածն արել էր, իր ամբողջ սրտով հաւատաց Աստծուն, թլփատեց իր անթլփատ մարմինը եւ այդ օրից էլ միացաւ Իսրայէլի տանը:
ԲԱԳՈՒՆ ՅԱՅՏՆՈՒՄ Է ՀՈՂՈՓԵՌՆԷՍԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
11. Երբ բացուեց առաւօտը, Հողոփեռնէսի գլուխը կախեցին պարսպից. իւրաքանչիւր տղամարդ զինուեց իր զէնքով, եւ նրանք դուրս եկան գրաւելու այն լեռնանցքը, որ լերան վրայ էր:
12. Երբ ասորեստանցիները նրանց տեսան, իրենց առաջնորդներին տեղեակ պահեցին, նրանք էլ եկան իրենց զօրապետների, իշխանների եւ նրանց հազարապետների մօտ:
13. Նրանք գնացին Հողոփեռնէսի վրանը եւ ասացին նրա սենեկեպետին. «Նե՛րս մտիր, արթնացրո՛ւ մեր տիրոջը, որովհետեւ եբրայեցիները յանդգնեցին պատերազմել մեր դէմ, որպէսզի նրանց իսպառ ոչնչացնենք»:
14. Բագուն մտաւ ու բախեց սենեակի դուռը, որովհետեւ կարծում էր, թէ Հողոփեռնէսը Յուդիթի հետ քնած է:
15. Երբ ոչ ոք նրան չպատասխանեց, համարձակ սենեակ մտաւ եւ տեսաւ, որ նա մերկ ընկած էր գետնին, եւ նրա գլուխը կտրուած էր մարմնից:
16. Բագուն գոչեց բարձր ձայնով, լացով ու մեծ ողբով եւ պատռեց իր պատմուճանը:
17. Նա մտաւ Յուդիթի սենեակն ու նրան չգտաւ, դուրս եկաւ, գնաց զօրքի մօտ եւ ասաց.
18. «Եբրայեցիներն ապստամբեցին, որովհետեւ եբրայեցի մի կին ամօթ ու նախատինք դրեց Նաբուքոդոնոսոր արքայի տան վրայ, քանզի, ահա, Հողոփեռնէսը գետին է գլորուել, եւ նրա գլուխը իր վրայ չէ»:
19. Երբ Ասորեստանի զօրքերի իշխանները լսեցին այս բաները, բոլորը պատռեցին իրենց պատմուճանները, խիստ վախեցան, ու նրանց աղաղակն ընկաւ բանակի մէջ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: