ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՆԱՀԱՆՋԸ
1. Ովքեր վրանում էին, երբ լսեցին կատարուած բաների մասին, ապշեցին,
2. ու նրանց վրայ սաստիկ ահ ու դող ընկաւ: Ապա ոչ մի մարդ չմնաց իր ընկերոջ մօտ,
3. եւ բոլորը խուճապով փախուստի դիմեցին դէպի դաշտի ու լերան կողմերը, որ գտնւում էին Բետիղուայի շուրջը:
4. Այնտեղից էլ դարձեալ փախան: Դրանից յետոյ իսրայէլացիներից իւրաքանչիւր պատերազմող տղամարդ յարձակուեց նրանց վրայ:
5. Օզիան սուրհանդակներ ուղարկեց Բետմեսթեմ, Քոբա, Կոլա եւ Իսրայէլի բոլոր սահմանները՝ աւետելու կատարուած բաների մասին, որպէսզի բոլորը միասին հաւաքուեն ու հետապնդեն նրանց՝ ոչնչացնելու համար:
6. Երբ իսրայէլացիները լսեցին, բոլորը միասին յարձակուեցին նրանց վրայ, կոտորեցին ու հալածեցին մինչեւ Քոբա: Այդպէս արեցին նաեւ երուսաղէմացիները: Բոլոր նրանք, ովքեր լեռնակողմից էին եկել, նրանց պատմեցին այն, ինչ եղել էր բանակում: Սրանք Գաղաադից ու Գալիլիայից էին. հասան, յարձակուեցին եւ քշեցին նրանց՝ հասցնելով մինչեւ Դամասկոս ու նրա սահմանները:
7. Բետիղուայի միւս բնակիչները ելան ու յարձակուեցին բանակ դրած ասորեստանցի բնակիչների վրայ՝ աւարելու եւ կողոպտելու համար: Նրանք վերցրին բանակի այդ կողոպուտը, որով խիստ յղփացան ու հարստացան Բետիղուայի բնակիչները:
8. Իսրայէլացիները կոտորածից վերադարձան եւ սկսեցին հաւաքել սպանուածների կողոպուտը: Լեռնակողմի ու դաշտակողմի գիւղերի ու ագարակների բնակիչներն էլ եկան հաւաքեցին աւարի մնացորդները:
9. Յովակիմ մեծ քահանան ու իսրայէլացիների ծերակոյտը, որ բնակւում էին Երուսաղէմում, եկան տեսնելու այն բարիքը, որ Տէր Աստուած արեց Իսրայէլին, տեսնելու նաեւ Յուդիթին եւ ողջունելու նրան:
10. Եւ երբ ներս մտնելով տեսան նրան՝ բոլորը միաբերան օրհնեցին նրան ու ասացին. «Դու Երուսաղէմի հպարտութիւնն ես, դու Իսրայէլի ցնծութիւնն ես, դու մեր ազգի պարծանքն ես,
11. որովհետեւ քո ձեռքով արեցիր այս ամբողջ բարիքն Իսրայէլին, եւ Աստուած հաւանեց դրանք. յաւիտենապէս օրհնեալ լինես դու Ամենակալ Աստծուց»:
12. Եւ ամբողջ ժողովուրդն ասաց. «Թող այդպէս լինի»:
13. Երեսուն օր ժողովուրդը կրում էր բանակի աւարը: Յուդիթին տուեցին Հողոփեռնէսի վրանը եւ վրանի ամբողջ արծաթն ու կահոյքը, նրա ամբողջ ոսկէ ու արծաթէ սպասքը: Նա վերցնելով այդ՝ բարձեց իր սայլի, իր գրաստների վրայ եւ քաղաք բերեց:
14. Նրա մօտ եկան իսրայէլացիների բոլոր կանայք՝ նրան տեսնելու. նրանք օրհնեցին նրան եւ նրա համար նուագում էին ու պարելով երգում: Յուդիթը վերցնելով արմաւենու ոստեր ձիթենու ծաղիկների հետ՝ տալիս էր նրանց:
15. Ուրիշ կանայք եւս յայտնի վայրերից խմբերով գալիս էին գովելու նրան: Բոլոր իսրայէլացիները զարդարուած գնում էին նրանց յետեւից՝ իրենց գլուխներին դրած տեսակ-տեսակ պսակներ. նրանց բոլորի բերանում օրհնութիւն կար՝ Աստծուն փառաբանելու համար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: