ՄԱՏԱԹԻԱ ՔԱՀԱՆԱՅԻ ՈՂԲԸ
1․ Այդ ժամանակներում ասպարէզ իջաւ Շմաւոնի որդի Յովհաննէսի որդի Մատաթիան՝ երուսաղէմացի Յովարիմի տոհմից սերած մի քահանայ: Նա եկաւ ու նստեց Մոդիիմի քարայրների մօտ գտնուող բերդերում:
2․ Նա ունէր հինգ որդի. Կադդիշ մականունով Յովհաննէսը,
3․ Թարսսի մականունով Շմաւոնը,
4․ Մակաբէ մականունով Յուդան,
5․ Աւարան մականունով Եղիազարը եւ Յովնաթանը, որ կոչուեց Սափութ:
6․ Երբ Մատաթիան տեսաւ Հրէաստանում եւ Երուսաղէմում կատարուող սրբապղծութիւնները, սկսեց ողբալ իր անձի վրայ՝ ասելով.
7․ «Վա՜յ ինձ, ինչո՞ւ ականատես եղայ իմ ժողովրդի կոտորածին, կամ ինչո՞ւ տեսայ սուրբ քաղաք Երուսաղէմի աւերումը: Ինչո՞ւ նա մատնուեց թշնամու ձեռքը,
8․ եւ սրբութիւնն ընկաւ օտարների ձեռքը: ինչպէ՜ս տաճարը նմանուեց փառքից ընկած մի տղամարդու,
9․ իսկ նրա փառաւոր սպասքը՝ գերութեան մատնուած մի մարդու: Նրա պատանիները կոտորուեցին իր փողոցներում, իսկ նրա երիտասարդներն ընկան թշնամու սրից:
10․ Կա՞յ մի ազգ, որ ժառանգած չլինի մի մաս նրա տէրութիւնից, կամ կա՞յ մի մարդ, որ չի կողոպտել նրան ու չի տիրել նրա ունեցուածքին:
11․ Սպառուել են նրա զարդերը: Ազատութեան փոխարէն նա մատնուել է ստրկութեան:
12․ Մեր բոլոր գեղեցիկ զարդերը, մեր սրբավայրն ու մեր փառքը կործանուել են: Եւ այդ բոլորը պղծել են հեթանոսները:
13․ Այլեւս մեր ինչի՞ն է պէտք կեանքը»:
ՄԱՏԱԹԻԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԵԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
14․ Այն ժամանակ Մատաթիան ու նրա որդիները ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին իրենց պատմուճանները, քուրձ հագան ու սուգ պահեցին:
15․ Թագաւորի մօտից մարդիկ եկան Մոդիիմ քաղաքը, [որոնք ստիպում էին Մատաթիային ու նրա որդիներին ուրանալ Աստուծո ուխտը և զոհեր մատուցել կուռքերին]:
16․ [Եվ բազմաթիւ իսրայէլացիներ միացան նրանց, սակայն Մատաթիան ու իր որդիները անդրդվելի մնացին]:
17․ Ապա թագաւորի մօտից եկած մարդիկ սկսեցին խօսել ու ասացին Մատաթիային. «Դու հռչակաւոր իշխան ես, դու մեծաւոր ես այս քաղաքում: Դու սրանց մէջ ես հաստատուել քո որդիների ու եղբայրների հետ:
18․ Արդ, նախ դո՛ւ մօտեցիր, կատարի՛ր թագաւորի հրամանը, ինչպէս կատարեցին Հրէաստանում բնակուող բոլոր ազգերի մարդիկ ու բոլոր նրանք, ովքեր բնակւում են Երուսաղէմում. դուք կը դառնաք արքայի բարեկամները, դու եւ քո որդիները պատիւ կը ստանաք ոսկով, արծաթով եւ արքունի հրովարտակներով»:
19․ Մատաթիան պատասխան տուեց ու բարձր ձայնով ասաց. «Եթէ թագաւորի երկրի բոլոր մարդիկ ենթարկուել են թագաւորի հրամաններին, ընկրկել եւ հրաժարուել են իրենց հայրերի օրէնքներից ու կատարում են թագաւորի հրամանները,
20․ ապա ես, իմ որդիներն ու իմ եղբայրները կը հետեւենք մեր հայրերի պատուիրաններին:
21․ Մենք չենք հրաժարուի Աստծու օրէնքներից ու կանոններից,
22․ չենք ենթարկուի թագաւորի հրամաններին: Մենք չենք փոխի մեր հայրերի կրօնը, աջ ու ձախ չենք շեղուի եւ թագաւորի հրամանին չենք անսայ»:
23․ Հազիւ էր նա այս խօսքերն ասել, որ հրեաներից մի մարդ, թագաւորի հրամանի համաձայն, բոլորի ներկայութեամբ առաջ եկաւ, որպէսզի Մոդիիմի բագինում, մեհեանի առաջ զոհ մատուցի:
24․ Երբ դա տեսաւ Մատաթիան, այնքան զայրացաւ, որ դողացին իր երիկամները: Նա դատաստան անելու համար բարկութեամբ լցուեց, բարձրացրեց ոտքը ու այնպէս հարուածեց հրեային, որ սպանեց նրան բագինի առաջ:
25․ Նա սպանեց նաեւ այն մարդուն, որ արքունի հրամանով ստիպում էր զոհեր մատուցել: Նա կործանեց բագինը, աւերեց մեհեանը:
26․ Նա օրէնքի նախանձախնդիր եղաւ այնպէս, ինչպէս Փենէէսն էր վարուել Եդոմի որդու՝ Զամբրիի նկատմամբ:
ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ
27․ Նա սկսեց բարձրաձայն աղաղակել ու ասաց. «Իւրաքանչիւր ոք, ով կարող է օրէնքի նախանձախնդիր լինել, ով ուզում է հաւատարիմ մնալ օրէնքներին, թող հետեւի ինձ»:
28․ Նա ու իր եղբայրները փախան գնացին լեռները՝ իրենց բոլոր ունեցուածքը թողնելով քաղաքում:
29․ Այն ժամանակ անապատ իջան իրաւունք եւ արդարութիւն որոնող շատ մարդիկ,
30․ որ բնակուեն այնտեղ իրենց կանանցով, որդիներով ու անասուններով, որովհետեւ չարագործութիւնը սաստկանում էր նրանց նկատմամբ:
31․ Թագաւորի իշխաններն ու Դաւթի քաղաքում գտնուող զօրքը իմացան, որ թագաւորի հրամանը չկատարող մի քանի հոգի իջել են անապատի մօտ գտնուող ապաստարանները, իսկ շատերը նրանց միանալով՝ գնացել են նրանց հետ:
32․ Ժամանակ նշանակեցին, պատրաստութիւն տեսան, ձի հեծած եկան ու պաշարեցին անապատի մօտ գտնուող ապաստարանները: Նրանք պատերազմի պատրաստութիւն տեսան ու շաբաթ օրը պաշարեցին նրանց:
33․ Նախ բանագնաց ուղարկեցին, սկսեցին բանակցութիւններ վարել՝ ասելով. «Գոնէ սրանից յետոյ ենթարկուեցէ՛ք թագաւորի հրամանին, որ կենդանի մնաք»:
34․ Պաշարուածներն այնտեղից խօսել սկսեցին ու ասացին. «Ո՛չ դուրս կ՚ելնենք ապաստարաններից, ո՛չ թագաւորի հրամանին անսալով կը պղծենք մեր շաբաթ օրերը, ո՛չ էլ կը շեղուենք մեր օրէնքներից»:
35․ Երբ նրանք այս խօսքերը լսեցին, աւելի սաստկացրին հակառակութիւնը նրանց նկատմամբ եւ ուզեցին աւելի սեղմել ապաստարանները պաշարող օղակը, որպէսզի գերի վերցնեն նրանց:
36․ Սրանք ո՛չ կիրճերը փակեցին, ո՛չ քար արձակեցին, ո՛չ ապաստարաններն ամրացրին, ո՛չ իսկ նրանց ասածին պատասխան տուեցին, որովհետեւ օրը շաբաթ էր:
37․ Սրանք միայն իրար էին քաջալերում՝ ասելով. «Հէնց այստեղ, մեր նեղութեան մէջ էլ կը մեռնենք, որովհետեւ երկինքն ու երկիրը վկայ են, որ իզուր էք մեզ ոչնչացնում: Մեզ համար աւելի լաւ է մեռնել, քան թէ մեր օրէնքները խախտել ու շաբաթ օրերը պղծել»:
38․ Երբ նրանք դա լսեցին, շաբաթ օրը սաստկացրին պատերազմը, սպանեցին հազար հոգի, չհաշուած այն, որ մարդկանց ու անասուններին [գերեվարեցին]:
39․ Երբ դա լսեցին Մատաթիան ու իր եղբայրները, խիստ տրտմեցին ու մեծ սուգ արեցին:
40․ Նրանք իրար հետ խօսելով ասացին. «Եթէ հետեւենք մեր եղբայրների օրինակին, այսինքն՝ մեր անձն ու իրաւունքները պաշտպանելու համար պատերազմի չելնենք հեթանոսների դէմ, կարճ ժամանակ յետոյ մեզ աւելի շուտ կը սպանեն, քան նախորդ օրերի մարդկանց»:
41․ Ուստի հաւաքուեցին, պայմանաւորուեցին, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. «Ով էլ շաբաթ օրը գայ մեր դէմ պատերազմելու, համարձակ մարտնչենք եւ ոչ թէ ամէնքս էլ առհասարակ մեռնենք, ինչպէս մեռան անապատում ապրող մեր եղբայրները»:
42․ Այն ժամանակ նրանց մօտ հաւաքուեցին ասիտացի շատ զինուորներ: Սրանք իսրայէլացիների մէջ հզօր ու պատերազմող մարդիկ էին՝ ամէն մէկն իր օրէնքի համար ինքնակամ նահատակուելու պատրաստ:
43․ Նրանց միացան նաեւ ամէն տեսակի չարագործութիւններից խուսափած մարդիկ, որով նրանք մեծ զօրք կազմեցին:
44․ Զօրք հաւաքեցին, գնդեր կազմեցին, պատրաստութիւն տեսան, իրենց բարկութեան ուժով սպանեցին մեղաւորներին ու անօրէն մարդկանց, իսկ մնացածները փախան հեթանոսների մօտ:
45․ Մատաթիան իր եղբայրների ու բարեկամների հետ հետապնդեց նրանց, հասաւ, ջարդեց, աւերեց մեհեանները,
46․ կործանեց բագինները, թլփատեց անթլփատ երեխաներին եւ ամրացաւ իսրայէլացիների սահմանների վրայ:
47․ Նրանք հալածական արեցին ամբարտաւան մարդկանց: Նրանց ձեռնարկած գործը յաջողութիւն ունեցաւ:
48․ Նրանք պաշտպանեցին իրենց օրէնքները, վրէժ լուծեցին հեթանոսներից, մերժեցին թագաւորի անօրէն հրամանը, թոյլ չտուեցին, որ գլուխ բարձրացնի ամբարտաւանութեան եղջիւրը:
ՄԱՏԱԹԻԱՅԻ ԿՏԱԿՆ ՈՒ ՄԱՀԸ
49․ Երբ մօտեցան Մատաթիայի մեռնելու օրերը, նա իր մօտ կանչեց իր որդիներին ու ասաց նրանց. «Գոռոզութիւնն ու ամբարտաւանութիւնն են հաստատուել այժմ, բայց ահա հասել է կործանումն ու գոռոզութիւնը վերացնելու ժամանակը:
50․ Արդ, զաւակնե՛րս, եկէք առաջնորդուեցէ՛ք օրէնքի հանդէպ նախանձախնդրութեամբ, դուք ձեզ նուիրեցէ՛ք հայրերի Կտակարանների պաշտպանութեանը,
51․ յիշեցէ՛ք, թէ ձեր հայրերը քաջութեան ինչ գործեր են կատարել իրենց ժամանակին, եւ աւագութեան փառք կը ստանաք, յաւիտենական անուն կը ժառանգէք:
52․ Չէ՞ որ Աբրահամը փորձութեան ժամանակ հաւատարիմ գտնուեց եւ դրա համար էլ արդար համարուեց:
53․ Յովսէփն իր նեղութեան ժամանակ պահեց պատուիրանը եւ տէր դարձաւ Եգիպտացիների երկրին:
54․ Մեր նախանձախնդիր հայր Փենէէսն արդար վրէժի զգացումով առաջնորդուեց եւ առյաւէտ ստացաւ քահանայութեան ուխտը:
55․ Նաւէի որդի Յեսուն Տիրոջ պատգամները կատարելու համար դարձաւ իսրայէլացիների դատաւորը:
56․ Քաղեբը ժողովրդի մէջ վկայութիւն տալու համար դարձաւ ժառանգութեան տէր:
57․ Դաւիթն իր հեզութեան, արդարամտութեան ու ողորմած լինելու համար յաւիտենապէս ժառանգեց թագաւորութեան գահը:
58․ Եղիան օրէնքի նկատմամբ նախանձախնդիր լինելու համար բարձրացաւ երկինք:
59․ Անանիան, Ազարիան ու Միսայէլը իրենց հաւատի շնորհիւ փրկուեցին հնոցի կրակից:
60․ Դանիէլն անմեղ լինելու պատճառով փրկուեց առիւծների երախից:
61․ Արդ, իմացէ՛ք, որ բոլոր նրանք, ովքեր իրենց յոյսը դրել են Տիրոջ վրայ, սերնդից սերունդ չեն տկարանայ:
62․ Ամբարիշտ մարդու խօսքից մի՛ վախեցէք, որովհետեւ նրա փառքը աղբ է ու կեղտ:
63․ Այսօր լինի թէ վաղը, այն այլեւս չի մնայ, կը վերածուի հողի, եւ կ՚անէանան նրա մտադրութիւնները:
64․ Գօտեպնդուեցէ՛ք, զաւակնե՛րս, հաստա՛տ մնացէք ձեր օրէնքի վրայ, որովհետեւ դրանով պիտի փառաւորուէք:
65․ Գիտեմ, որ ձեր եղբայր Շմաւոնը խոհեմ մարդ է: Լսեցէ՛ք նրան, նրան ընդունեցէ՛ք ձեր հօր տեղ:
66․ Ձեր զօրքերի սպարապետը թող լինի զօրավար Յուդա Մակաբէն, նա թող պատերազմի ելնի զօրքով,
67․ իսկ դուք՝ օրէնքի նախանձախնդիր բոլոր մարդիկդ, միացէ՛ք, որ լուծէք ձեր ժողովրդի վրէժը.
68․ հատուցում պահանջեցէ՛ք հեթանոսներից ու հետեւեցէ՛ք օրէնքի հրամաններին»:
69․ Նա օրհնեց նրանց, վախճանուեց ու միացաւ իր նախնիներին:
70․ Նա մեռաւ հարիւր քառասունութ թուականին: Նրան թաղեցին իր նախնիների գերեզմանատանը՝ Մոդիիմում, եւ ամբողջ Իսրայէլը մեծապէս սգաց նրան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: