ԲԵՐԷԹԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՒ ՅՈՒԴԱ ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՄԱՀԸ
1․ Դեմետրիոսը չլսեց: Քանի որ Նիկանորն իր բանակով նրանց դէմ պատերազմելով պարտուել էր, ուստի դարձեալ, երկրորդ անգամ, Հրէաստան ուղարկեց Բաքիդէսին եւ Յակիմոսին իր բանակի աջակողմեան թեւի հետ:
2․ Նրանք գնացին Գաղգաղայի ճանապարհով, եկան ու դասաւորուեցին Մեսալոթում՝ Արբելացիների երկրում: Գրաւեցին այն ու այնտեղ բազմաթիւ մարդկանց սպանեցին:
3․ Հարիւր յիսուներեք թուականի առաջին ամսում բանակ դրեցին Երուսաղէմի մօտ,
4․ յետոյ քսան հազար նիզակակիր մարդկանցով ու երկու հազար սպառազինուած հեծեալներով գնացին Բերէթ:
5․ Յուդան երեք հազար սպառազէն ընտիր զինուորներով բանակ էր դրել Եղիշայում:
6․ Երբ սրանք տեսան զօրագնդի բազմութիւնը, խիստ վախեցան. շատերը լքեցին նրան, Յուդայի մօտ ոչ ոք չմնաց, բացի ութ հարիւր սպառազէն հեծեալներից:
7․ Երբ Յուդան տեսաւ, որ զինուորները լքել են իրեն, իսկ պատերազմը նեղում էր իրեն, վրդովուեց իր սրտում, որովհետեւ չէր հասցնի նորից հաւաքել նրանց,
8․ թեւաթափ եղաւ, յուսալքուեց, բայց մնացածների հետ խօսելով՝ ասաց. «Եկէք դիմադրենք, գուցէ կարողանանք դիմադրել նրանց»:
9․ Ինքը համարձակօրէն առաջ շարժուեց, բայց զինուորները, մօտենալով, շրջապատեցին նրան, որ յետ դարձնեն: Սկսեցին խօսել նրա հետ ու ասացին. «Ո՜վ մարդ, մենք չենք կարող նրանց վնասել, այժմ մեր անձը փրկելու մասին մտածենք, յետոյ կը գնանք, կը հաւաքենք մեր եղբայրներին ու կը կռուենք, թէպէտեւ սակաւաթիւ ենք»:
10․ Յուդան պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես այդ բանը չեմ անի, ես նրանց առաջ փախուստի չեմ դիմի: Եթէ հասել է մեր ժամանակը, քաջութեամբ մեռնենք մեր եղբայրների համար եւ վախկոտի անունը չենք խառնի քաջի առաքինութեան հետ»:
11․ Երկու կողմի բանակների զինուորները վեր կացան ու պատերազմեցին միմեանց դէմ: Բաքիդէսի սպառազէն բանակը բաժանուեց երկու մասի: Պարսատիկաւորներն ու աղեղնաւորները գնում էին գնդի առաջից, իսկ առաջամարտիկները գնում էին սրանց առաջից:
12․ Բաքիդէսն աջ թեւում շտապեցնում էր զինուորներին, տագնապի շեփոր հնչեցնելով առաջ էր տանում նրանց:
13․ Յուդայի գունդը շեփոր հնչեցնելով յարձակում գործեց: Երկիրը երկու կողմերի աղմուկ-աղաղակից դղրդում էր: Պատերազմը շարունակուեց առանց դադարի՝ առաւօտից մինչեւ երեկոյ:
14․ Երբ Յուդան նկատեց, որ Բաքիդէսն ընտիր զօրքով աջ թեւում է կանգնած, իր գնդի սպառազէն, ընտիր զինուորներին իր մօտ կանչեց, քաջալերեց ու յարձակման անցաւ:
15․ Երբ նա արդէն ջախջախել էր աջակողմեան թեւը, նետուեց դէպի ձախ թեւն ու նրանց իր առաջն առած՝ հալածեց մինչեւ Ազոտ լերան կողմը:
16․ Երբ ձախակողմեան թեւի զինուորները տեսան, որ աջակողմեան թեւը ջախջախուել է Յուդայի զինուորների առաջ, եկան, միացան ու պաշարեցին Յուդային իր գնդի հետ:
17․ Այդ վայրում երկու կողմերի վիրաւորները գետին էին թաւալւում:
18․ Այդտեղ ընկաւ Յուդան առաջին նահատակուողների հետ, իսկ մնացածները փախուստի դիմեցին:
19․ Երկու եղբայրները՝ Յովնաթանն ու Շմաւոնը, վերադարձան, վերցրին Յուդային, տարան թաղեցին իրենց հայրերի շիրիմում՝ Մոդիիմում:
20․ Իսրայէլացիները մեծ կոծով ողբացին, սուգ պահեցին բազում օրեր,
21․ յետոյ սկսեցին խօսել եւ ասել. «Ինչպէ՜ս ընկաւ, ինչպէ՜ս տապալուեց Իսրայէլի հզօր փրկիչը»:
22․ Այս մատեանում, սակայն, չի գրուել այն բոլոր մարտերի, ճակատամարտերի, պատերազմների մասին, որ մղել է Յուդան, եւ այն քաջութիւնների մասին, որ գործել է նա, որովհետեւ դրանք չափազանց շատ են:
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՅԱՋՈՐԴՈՒՄ Է ՅՈՒԴԱՅԻՆ
23․ Յուդայի մահուանից յետոյ անօրէնները յայտնուեցին Իսրայէլի բոլոր սահմաններում աճեցին, բազմացան նրանք, որ անօրէնութիւն էին գործում:
24․ Այդ օրերին մեծ սով եղաւ, եւ մարդիկ ինքնակամ գնացին նրանց մօտ. բոլորը նրանց կողմն անցան:
25․ Բաքիդէսն ընտրեց անօրէն մարդկանց, նրանց իշխանութիւն տուեց:
26․ Նրանք փնտռում, գտնում էին ու Բաքիդէսի մօտն էին բերում Յուդայի բարեկամներին, նրանցից վրէժ լուծում: Իսրայէլացիներին չարչարում, ծաղրում,
27․ նեղում, ծանակում էին այնպէս, որ մարգարէի ի յայտ գալուց յետոյ այդպիսի բան չէր եղել:
28․ Հաւաքուեցին Յուդայի բոլոր բարեկամները, գնացին Յովնաթան Ափուսի մօտ ու ասացին.
29․ «Քո եղբայր Յուդան մեռաւ, եւ չկայ մի մարդ, որ նրա նման ելնի թշնամիների դէմ, պատասխան տայ նրանց, ովքեր թշնամութեամբ գալով նեղում են մեր ազգը:
30․ Արդ, նրա փոխարէն մենք քեզ ընտրեցինք, որ դու մեզ վրայ զօրապետ լինես, մեզ առաջնորդես, մեր թշնամիների դէմ ճակատամարտ տաս»:
31․ Այդ ժամանակ Յովնաթանն ստանձնեց առաջնորդութիւնը եւ բարձրացաւ իր եղբայր Յուդայի տեղը:
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՎՐԷԺԽՆԴԻՐ Է ԼԻՆՈՒՄ ԻՐ ԵՂԲՕՐ ՀԱՄԱՐ
32․ Երբ դա իմացաւ Բաքիդէսը, հնար էր փնտռում սպանելու Յովնաթանին ու նրա եղբայր Շմաւոնին:
33․ Սրանք փախան Թակովիի անապատը, եկան, բանակ դրեցին Ասփառ լճի մօտ:
34․ Բաքիդէսը այդ մասին իմացաւ շաբաթ օրը եւ եկաւ, ինքն էլ իր զօրքով բանակ դրեց Յորդանան գետի այն կողմում:
35․ Նա նրանց մօտ ուղարկեց իր մի եղբօրը՝ բազմաթիւ զօրքերի զօրավարին, եւ խնդրեց իրենց բարեկամ նաբատացիներին, որ իրենց յանձնեն իրենց պատկանող կայքն ու գրաստները եւ այն ամէնը, ինչ մնացել էր իրենց մօտ:
36․ Դամասայում գտնուող Յամբրիի որդիները ելան ու բռնեցին Յովհաննէսին եւ կահ-կարասիով հանդերձ վերցրին գնացին իրենց հետ:
37․ Դրանից յետոյ նրա եղբայրներ Յովնաթանն ու Շմաւոնը իմացան, որ Յամբրիի որդիները հարսանիք են անում: Սրանք Աբլալաթից մեծ երթով ու անչափ հանդերձանքով հարս էին բերում քանանացի մեծամեծ աւագներից մէկի դստերը:
38․ Նրանք յիշեցին իրենց Յովհաննէս եղբօրը եւ վեր կացան, դարան մտան լերան մի ծործորում:
39․ Իրենց հայեացքը բարձրացնելով՝ նրանք տեսան, որ մի մեծ երթ՝ հոծ մի ամբոխ է գալիս: Փեսան դուրս եկաւ իր բարեկամների եւ իր եղբայրների հետ շեփորներով, թմբուկներով, տարբեր նուագածուների ու բազում զինուած մարդկանց ուղեկցութեամբ:
40․ Սրանք ելան դարանից, շատերին սպանեցին, վիրաւորեցին եւ զինուած մարդկանց փախուստի մատնեցին, աւար առան իրերն ու զգեստները, իսկ երթի մասնակիցներին կողոպտեցին:
41․ Հարսանիքը փոխուեց լաց ու կոծի, իսկ երաժիշտների ձայնը սուգի ու ողբի վերածուեց:
42․ Նրանք իրենց եղբօր վրէժը լուծեցին ամբողջովին եւ վերադարձան Յորդանան գետին մօտիկ մի մարգագետին:
43․ Երբ դա իմացաւ Բաքիդէսը, զօրք վերցրեց, շարժուեց նրանց վրայ, եկաւ հասաւ Յորդանան գետի քարայրների մօտ:
44․ Յովնաթանն ասաց իր զօրքին. «Եկէք վեր կենանք ու մարտի մէջ մտնենք յանուն մեր կեանքի, որովհետեւ այս օրը նման չէ երէկուան եւ ոչ էլ նախորդ օրուան:
45․ Ահաւասիկ զօրք է դասաւորուել մեր դիմաց: Ո՛չ ամրոց կայ պատսպարուելու, ո՛չ էլ դաշտ կայ փախուստի համար. մեզ Յորդանան գետն է շրջապատել:
46․ Արդ, եկէք կանչենք Տիրոջ անունը, յարձակուենք, գուցէ փրկուենք մեր թշնամիների ձեռքից»: Այս խօսքն ասաց ու անմիջապէս յարձակուեց Բաքիդէսի վրայ,
47․ ձեռքը բարձրացրեց, որ հարուածի, բայց սա խոյս տուեց:
48․ Յովնաթանն ու նրա հետ եղածները անցան այդ բարձունքից:
ՅԱԿԻՄՈՍԻ ՄԱՀԸ
49․ Բաքիդէսի զինուորները հարուածեցին, կոտորեցին Յուդայի գնդից հազար մարդ եւ վերադարձան Երուսաղէմ,
50․ սկսեցին Հրէաստանում ամուր քաղաքներ կառուցել, Երիքովի, Ամաւուսի, Բեթորի, Բեթէլի, Մինաթարոթի եւ Սթեփի բերդերն ամրացրին ամուր պարիսպներով, հզօր դարպասներով ու հաստատուն նիգերով:
51․ Նա թշնամութիւնը բորբոքելու համար պահապաններ կանգնեցրեց իսրայէլացիների վրայ,
52․ ամրացրեց Բեթսոր քաղաքը, Գազերան եւ ամրոցը, այնտեղ տեղաւորեց բազմաթիւ զօրքեր ու շատ մթերք:
53․ Նա երկրի իշխանների որդիներին պատանդ վերցրեց եւ նրանց բանտարկեց Երուսաղէմի բերդում:
54․ Հարիւր տասը թուականի երկրորդ ամսին Յակիմոսը հրամայեց քանդել ներքին սրբավայրի սրահների պարիսպները. նրանք սկսեցին քանդել այն գործը, որ արել էին մարգարէները:
55․ Այդ ժամանակ դիւահարուեց Յակիմոսը. ձախողուեցին նրա գործերը, թուլացաւ նրա երախը, պապանձուեց լեզուն. նա ոչ մի բան չէր կարողանում ասել ու իր տան վերաբերեալ կարգադրութիւններ անել:
56․ Այդ ժամանակ Յակիմոսը մեռաւ մեծ տանջանքներով:
57․ Երբ Բաքիդէսը տեսաւ, որ Յակիմոսը մեռաւ, վերադարձաւ արքայի մօտ, եւ Հրէաստանը երկու տարի խաղաղ կեանք ունեցաւ:
58․ Անօրէնները միտք արեցին ու ասացին. «Ահա Յովնաթանն ու նրա մօտ գտնուողները ապրում են խաղաղ ու անհոգ: Եկէք բերենք Բաքիդէսին, որ սա մի գիշերուայ մէջ բռնի բոլորին»:
59․ Գնացին ու իրենց մտածածն ասացին նրան:
ԲԱՔԻԴԷՍԻ ԱՆՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԵԿՆՈՒՄԸ ՀՐԷԱՍՏԱՆԻՑ
60․ Նա բազմաթիւ զօրքերով արագ ճանապարհ ընկաւ, գաղտնի հրովարտակ ուղարկեց Հրէաստանում գտնուող իր համախոհներին, որ բռնեն Յովնաթանին ու նրա հետ գտնուողներին, բայց սրանք դա անել չկարողացան, քանի որ դաւի գաղտնիքը բացայայտուել էր:
61․ Նրանք բռնեցին երկրի չար առաջնորդներից մի յիսուն հոգու եւ խողխողեցին:
62․ Յովնաթանը, Շմաւոնն ու նրանց հետ եղող մարդիկ խոյս տուեցին դէպի Բեթբէս, որ անապատում էր, նրա քանդուած պատերը վերանորոգեցին ու ամրացրին:
63․ Երբ Բաքիդէսը տեսաւ դա, զօրք հաւաքեց, եկաւ պաշարեց այն:
64․ Բեթբէսի շրջակայքում մարտ մղեց, կռիւ արեց բազմաթիւ օրեր, դրա շուրջը մեքենաներ կանգնեցրեց:
65․ Յովնաթանն իր Շմաւոն եղբօրը թողեց քաղաքում, իսկ ինքն եկաւ այդ գաւառը:
66․ Եկաւ Արթամ, սպանեց Օդոմերային, նրա եղբայրներին ու Փասիրոնի որդիներին իրենց վրանում: Դրանից յետոյ սկսեց կոտորել զինուորներին:
67․ Շմաւոնն ու նրա հետ եղող մարդիկ ելան քաղաքից, հրկիզեցին մեքենաները,
68․ պատերազմեցին Բաքիդէսի դէմ եւ պարտութեան մատնեցին նրան, որովհետեւ նրա մտադրութիւնն ու նրա արշաւանքն իզուր էին:
69․ Սա բարկացաւ այն անօրէն մարդկանց վրայ, ովքեր իրեն խորհուրդ էին տուել արշաւել նրա երկիրը: Բաքիդէսը նրանցից շատերին սպանեց ու որոշեց վերադառնալ այն երկիրը, որտեղից եկել էր:
70․ Երբ Յովնաթանն իմացաւ այդ, բանագնացներ ուղարկեց նրա յետեւից, որ նրա հետ խօսեն խաղաղութիւն հաստատելու մասին, դաշինք կնքեն, եւ նա վերադարձնի բոլոր գերիներին:
71․ Նա համաձայնեց եւ արեց այնպէս, ինչպէս Յովնաթանը խօսել էր իր հետ: Նա երդուեց, որ, քանի կենդանի է ինքը, այլեւս չարիք չի հասցնի նրանց:
72․ Նա վերադարձրեց այն գերիներին, որ վերցրել էր նախկինում Հրէաստանից, իսկ ինքը գնաց իր երկիրն ու այլեւս չարշաւեց նրանց սահմանների վրայ:
73․ Կռիւները դադարեցին Իսրայէլում: Յովնաթանը բնակուեց Մաքմասում, սկսեց դատել իր ժողովրդին ու անօրէններին կոտորել Իսրայէլում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: