Գիրք` 27. Երգ Երգոց

Գլուխ 1

ԻՍՐԱՅԷԼԻ ՍՈՂՈՄՈՆ ԱՐՔԱՅԻ ԱՍԱԾ ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ

ԱՌԱՋԻՆ ԵՐԳ

   
Հարսն ասում է.

    1․ Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով:
    2․ Քո ստինքներն աւելի լաւ են գինուց,
    եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից:
    Քո անունը թափուած իւղ է անուշ.
    սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ,
    3․ եւ դէպի իրենց ձգեցին քեզ:
    Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»:

Հարսն օրիորդներին պատմում է, թէ Փեսան ինչ է շնորհել իրեն.

    «Արքան ինձ իր սենեակը տարաւ»:

Հարսը պատմում է օրիորդներին, եւ նրանք ասում են.

    «Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով,
    եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»:

Օրիորդները Հարսին յայտնում են Փեսայի անունը.

    «Արժանին սիրեց քեզ»

Հարսն ասում է

    4․ «Ես սեւ եմ եւ գեղեցիկ,
    ո՜վ Երուսաղէմի դուստրեր,
    Կեդարի վրանների պէս
    եւ Սողոմոնի խորանի նման: 
    5․ Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել,
    քանզի խէթ նայեց արեգակն ինձ:
    Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ,
    ինձ այգեստանի պահապան դրին,
    բայց ես իմ այգին չպահպանեցի»:

Հարսն ասում է Փեսային

    6․ «Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած,
    ու՞ր ես քո հօտը հովուում,
    ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին,
    որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»:

   
ՄԱՐԴԸ
Փեսան ասում է Հարսին

    7․ «Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ,
    թէ որտեղ կը գտնես ինձ,
    գնա՛ հօտերի ոտնահետքերով
    եւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ:
    8․ Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»:

Օրիորդներն ասում են Հարսին

    9․ «Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման,
    եւ գեղեցիկ է քո պարանոցը,
    ասես մանեակներով զարդարուած լինի: 
    10․ Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս,
    որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, 
    11․ մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»:

Հարսն ասում է իր եւ Փեսայի մասին․

    12․ «Իմ նարդոսը իր հոտը բուրեց.
    ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար,
    որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ:
    13․ Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար՝
    Ենգադդի այգիների մէջ»:

Փեսան ասում է Հարսին.

    14․ «Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի,
    ի՜նչ գեղեցիկ ես.
    քո աչքերը նման են աղաւնիների»:

Հարսն ասում է Փեսային. 

    15․ «Ի՜նչ բարետես ես, ահա, ո՛վ իմ սիրեցեալ,
    եւ որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ՝
    հովանու ներքոյ:
    16․ Մեր տան գերանները մայրիներ են,
    եւ նոճիներ են մեր առաստաղները»: