Գիրք` 27. Երգ Երգոց

Գլուխ 2

   
Փեսան ասում է իր եւ Հարսի մասին.

    1. «Ես դաշտերի ծաղիկ եմ,
    հովիտների շուշան: 
    2. Ինչպէս շուշանն է փշերի մէջ,
    այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»:

Հարսն ասում է Փեսային.

    3. «Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ,
    այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ:
    Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ նստեցի.
    եւ քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում»:

Հարսն ասում է օրիորդներին.

    4. «Դուք ինձ խնջոյքի սենեա՛կը տարէք,
    եւ թողէ՛ք մնամ ես իմ սիրոյ հետ: 
    5. Զօրացրէ՛ք ինձ իւղերով եւ խնձո՛ր դիզեցէք վրաս,
    քանզի այրւում եմ խանդակաթ սիրով: 
    6. Թող նրա ձախը լինի գլխիս տակ,
    եւ աջը նրա թող գրկի ինձ»:

Հարսն ասում է օրիորդներին.

    7. «Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր,
    հողի եւ հանդի զօրութեան վրայ,
    որ երբ վեր կենաք,
    դուք իմ սիրածին չէք արթնացնի,
    մինչեւ որ ինքը չկամենայ»:

Լսում է Փեսայի ձայնը եւ ասում.

   
ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ
   

    8. «Իմ սիրեցեալի ձայնն է.
    ահա գալիս է նա,
    վազքով անցնում է լեռների վրայով
    եւ ցատկոտում բլուրների վրայ: 
    9. «Իմ սիրեցեալը նման է այծեամի
    կամ եղնիկի հորթերի,
    որ լինում են Բեթէլի լեռներում»:

Հարսն օրիորդներին պատմում է, թէ ինչպիսին է Փեսան եւ ասում.

    «Ահա նա կանգնած է մեր պատի յետեւում,
    եւ ձգուելով դէպի պատուհանները՝ նայում է ճաղերից: 
    10. Ինձ պատասխան է տալիս իմ սիրեցեալը եւ ասում՝
    «Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի: 
    11. Ահա ձմեռն անցաւ,
    անձրեւները անցան-գնացին,
    ծաղիկները երեւացին մեր երկրում, 
    12. էտելու ժամանակը հասաւ,
    տատրակի ձայնը լսուեց մեր երկրում: 
    13. Թզենին իր բողբոջն արձակեց,
    ծաղկած որթերը տարածեցին իրենց հոտը: 
    14. Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի:
    Ո՛վ իմ աղաւնեակ,
    դու, որ պատսպարուել ես վէմի հովանու տակ,
    ցո՛յց տուր քո երեսն ինձ
    եւ լսելի՛ դարձրու ինձ քո ձայնը,
    քանզի քաղցր է քո ձայնը,
    եւ գեղեցիկ է երեսը քո»:

Փեսան այսպէս է ասում օրիորդներին. 

    15. «Բռնեցէ՛ք փոքրիկ աղուէսներին,
    որ ապականում են այգիները,
    որպէսզի ծաղկեն մեր որթերը»:

Հարսն ասում է այսպէս. 

    16. «Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը.
    նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ,
    17. քանի դեռ ցերեկը կը լուսաւորի,
    եւ դեռ կը շարժուեն ստուերները:
    Վերադարձի՛ր, ո՛վ իմ սիրեցեալ,
    այծեամի պէս կամ եղնիկների հորթերի նման,
    որ լինում են խնկաբեր լեռների վրայ»: