Գիրք` 27. Երգ Երգոց

Գլուխ 5

 

ՄԱՐԴԸ
Հարսն աղաչում է, որ իր Փեսան ցած իջնի:

    1. «Թող իմ սիրեցեալն իջնի իր պարտէզը,
    եւ իր ծառերի պտուղներն ուտի»:
       
    Փեսան ասում է Հարսին.

      «Ես իմ պարտէզը մտայ, քո՛յր իմ հարս,

      զմուռս քաղեցի իմ խնկերի հետ,

      հացս կերայ իմ մեղրով,

      իմ կաթի հետ խմեցի գինիս:

      Կերէ՛ք, ո՜վ իմ սիրելիներ,

      խմեցէ՛ք եւ հարբեցէ՛ք, ո՜վ իմ սիրելիներ»:

       
    ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ
    ԿԻՆԸ
       

      2. «Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է»:

    Հարսն զգում է, որ Փեսան բախում է դուռը.

      «Իմ սիրեցեալն է, նրա ձայնն է.

      դուռն է բախում»:

       
    ՄԱՐԴԸ
    Փեսան ասում է

      «Բա՛ց, քո՛յր իմ, ո՜վ իմ սիրելի,

      իմ աղաւնի՛, իմ կատարեա՛լ.

      գլուխս, ահա, թրջուել է ցօղով,

      մազերս՝ գիշերուայ շաղով»:

       
    ԿԻՆԸ
    Հարսն այսպէս է ասում.

      3. «Ես հանել եմ իմ պատմուճանը,

      ինչպէ՞ս հագնեմ այն.

      ես լուացել եմ իմ ոտքերը,

      ինչպէ՞ս կեղտոտեմ դրանք:

      4. Իմ սիրեցեալը ձեռքը ձգեց պատուհանից,
      եւ որովայնս սարսռաց նրա համար:

      5. Վեր կացայ դուռը բացելու իմ սիրեցեալի համար.

      իմ ձեռքերից զմուռս կաթեց,

      եւ իմ մատներից զմուռսը լցուեց փականի բռնակի վրայ:

      6. Ես բացեցի դուռն իմ սիրեցեալի համար,

      բայց նա գնացել էր արդէն,

      եւ խելքս մաղուեց նրա խօսքի համար:

      Փնտռեցի նրան, բայց չգտայ,

      կանչեցի նրան, բայց ձայն չտուեց ինձ:

      7. Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները,

      խփեցին եւ վիրաւորեցին ինձ,

      իսկ պարիսպների պահակները քօղս հանեցին իմ վրայից:

      8. Երդուեցէ՛ք, ո՛վ Երուսաղէմի դուստրեր,

      հողի ու հանդի զօրութեան վրայ,

      եթէ դուք գտնէք իմ սիրեցեալին,

      կը պատմէք նրան, որ ես այրւում եմ նրա սիրուց»:

       
    ԿԱՆԱՅՔ
    Երուսաղէմի աղջիկները եւ պարիսպների պահապանները հարցնում են Հարսին.

      9. «Ինչո՞վ է առաւել քո սիրելին միւս տղաներից,

      ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ,

      ինչո՞վ է նա առաւել,

      որ այդպէս երդուեցնում ես մեզ»:
         
      ԿԻՆԸ
      Հարսը պատմում է սիրածի մասին՝ ասելով, թէ ինչպիսին է նա

        10. «Իմ սիրեցեալը սպիտակ է եւ կարմիր,

        ընտրեալ է՝ տասը հազարից:

        11. Նրա գլուխը ոսկի է ազնիւ,

        նրա մազերը գանգուր են, սեւ, ինչպէս ագռաւ:

        12. Նրա աչքերը նման են աղաւնիների՝

        հակուած առատ ջրերի վրայ,

        կաթով լուացուած եւ թառած՝ առատ ջրերի վրայ:

        13. Նրա ծնօտները նման են խնկէ անօթների,

        որոնք, ինչպէս օծման իւղեր,

        անուշահոտութիւն են բուրում.

        նրա շուրթերը շուշաններ են,

        որոնցից առատ զմուռս է բխում:

        14. Նրա ձեռքերը ճախարակուած ոսկի են՝

        Թարսիսի ակնաքարերով պատուած:

        Նրա որովայնը փղոսկրեայ տախտակ է՝

        շափիւղայ քարերով ընդելուզուած:

        15. Նրա սրունքները մարմարեայ սիւներ են՝

        հաստատուած ոսկէ խարիսխների վրայ:

        Նրա տեսքն ասես Լիբանանի ընտիր եղեւնափայտ լինի:

        16. Նրա կոկորդը լի է քաղցրութեամբ,

          եւ ամբողջովին հաճելի է նա:

          Այսպիսին է, ահա, իմ սիրեցեալը,

          ո՜վ Երուսաղէմի դուստրեր,

          այսպիսին է իմ հոգու սիրածը:

           
        Երուսաղէմի դուստրերը հարցնում են, թէ ուր է գնացել նրա, այսինքն՝ Հարսի սիրեցեալը.

          17. «Ու՞ր գնաց քո սիրեցեալը,

          ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ,

          ո՞ր կողմը գնաց քո սիրեցեալը,

          որ մենք էլ քեզ հետ որոնենք նրան»: