ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ
1․ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2․ «Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն առածը, որ ասում են իսրայէլացիներիդ մէջ, թէ՝ «Հայրերն ազոխ են կերել, զաւակների ատամներն է առել»:
3․ Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - Իսրայէլում այդ առածն այլեւս չի ասուելու,
4․ որովհետեւ բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպէս հօրը, այնպէս էլ զաւակինը. ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի:
5․ Բայց եթէ մէկն արդար է, գործադրում է օրէնքներս ու արդարութիւնը,
6․ լեռների վրայ զոհաբերուածը չի ուտում, աչքը չի գցում Իսրայէլի տան կուռքերին, չի պղծում իր ընկերոջ կնոջը, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մօտենում, ոչ մի մարդու հանդէպ բռնութիւն չի գործադրում,
7․ պարտապանի աւանդը վերադարձնում է, յափշտակութիւն չի կատարում, իր հացը տալիս է քաղցածներին ու մերկին հագցնում է,
8․ իր դրամը փոխ չի տալիս ու տոկոսով յետ չի պահանջում, ձեռք է քաշում անիրաւութիւնից, արդար դատաստան է տեսնում մարդու եւ նրա ընկերոջ միջեւ,
9․ իմ հրամաններով է շարժւում, որպէսզի օրէնքներս պահի ու գործադրի, - այդպիսին արդար է, ապրելով պիտի ապրի, - ասում է Ամենակալ Տէրը:
10․ Իսկ եթէ մէկը այլասերուած, արիւն թափող զաւակ է ծնել, մեղքեր է գործել,
11․ իր արդար հօր ճանապարհով չի ընթացել, լեռների վրայ զոհաբերուածն է կերել,
12․ պղծել է իր ընկերոջ կնոջը, բռնադատել աղքատին ու տնանկին, յափշտակութիւն կատարել, աւանդը չի վերադարձրել, աչքը գցել է չաստուածների պաշտամունքին,
13․ անօրէնութիւն է գործել, իր դրամը փոխ է տուել եւ վաշխով ու տոկոսով յետ պահանջել, - այդպիսին, որ այս բոլոր անօրէնութիւններն է գործել, անշուշտ մեռնելու է, եւ նրա արիւնն իր գլխին է գալու:
14․ Եւ եթէ զաւակը ծնուի, տեսնի իր հօր գործած բոլոր մեղքերը, վախենայ եւ նոյն բաները չանի՝
15․ լեռների վրայ զոհաբերուածը չուտի, աչքը Իսրայէլի տան կուռքերին չգցի,
16․ իր ընկերոջ կնոջը չպղծի, ոչ ոքի չբռնադատի, աւանդը չիւրացնի, յափշտակութիւն չկատարի, իր հացը տայ քաղցածներին ու մերկերին հագցնի,
17․ անիրաւութիւնից ձեռք քաշի, վաշխ ու տոկոս չառնի, արդարութիւն գործի, իմ հրամաններով շարժուի, - այդպիսին իր հօր անիրաւութիւնների համար չի՛ մեռնելու, այլ ապրելով ապրելու է:
18․ Բայց նրա հայրը, եթէ սաստիկ նեղել է, յափշտակել է ու կողոպտել եղբօրը, հակառակ գործեր կատարել իմ ժողովրդի մէջ, - մեռնելու է իր անիրաւութեան համար:
19․ Ասում էք, թէ՝ «Ինչպէ՞ս է որ հօր անիրաւութիւնը որդուն չի պարտաւորեցնում»: Քանի որ որդին ողորմածութիւն է արել ու արդարութիւն գործել, իմ բոլոր օրէնքները պահել ու գործադրել է, - ապրելով պիտի ապրի:
20․ Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի, իսկ որդին հօր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրաւութիւնները: Արդարի արդարութի՛ւնն է իր վրայ ընկնելու, անօրէնի անօրէնութիւնը՝ իր վրայ»:
ՅՈՐԴՈՐ ԲԱՐԻՆ ԳՈՐԾԵԼՈՒ
21․ «Անօրէնը եթէ յետ կանգնի իր գործած անօրէնութիւններից ու պահի իմ բոլոր պատուիրանները, արդարութիւն գործի ու ողորմածութիւն անի, - ապրելով ապրելու է ու չի մեռնելու:
22․ Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրաւութիւնները չեն յիշուելու, այլ իր գործած արդարութեան համար նա ապրելու է:
23․ Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում, - ասում է Տէր Աստուածը, - եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի:
24․ Իսկ եթէ արդարն իր արդարութիւնից շեղուի, անարդարութիւն գործի, ըստ անօրէն մարդու կատարած բոլոր անօրէնութիւնների՝ նրա կատարած բոլոր արդար գործերն էլ չեն յիշուելու: Այն մեղքերի համար, որոնց մէջ նա ընկել է, եւ այն յանցանքների համար, որ գործել է, - դրանց մէջ էլ մեռնելու է:
25․ Ասում էք, թէ Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ: Արդ, լսեցէ՛ք, ո՛վ իսրայէլացիներ: Մի՞թէ իմ ճանապարհն է, որ ճիշտ չէ: Չէ՞ որ ձեր ճանապարհները ճիշտ չեն:
26․ Եթէ արդարն իր ճանապարհից շեղուի ու անիրաւութիւն գործի, մեռնելու է իր գործած անօրէնութեան մէջ:
27․ Իսկ եթէ անօրէնը յետ կանգնի իր անօրէնութիւնից, օրէնքներս կատարի, արդարութիւն անի, - ինքն իր հոգին փրկելու է,
28․ որովհետեւ տեսել ու յետ է դարձել իր կատարած բոլոր ամբարշտութիւններից: Ապրելով ապրելու է ու չի մեռնելու:
29․ Բայց Իսրայէլի այդ տունն ասում է, թէ Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ: Մի՞թէ իմ ճանապարհն է, որ ճիշտ չէ, ո՛վ տունդ Իսրայէլի: Չէ՞ որ քո ճանապարհները ճիշտ չեն:
30․ Ուստի Իսրայէլի այդ տանը, իւրաքանչիւրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատաստան անելու, - ասում է Ամենակալ Տէրը: - Դարձէ՛ք, յե՛տ կանգնեցէք ձեր բոլոր ամբարշտութիւններից, եւ անիրաւութեան համար տանջանքների չէք մատնուի:
31․ Դէ՛ն նետեցէք ձեզնից ձեր բոլոր ամբարշտութիւնները, որ կատարել էք իմ հանդէպ. ձեր մէջ նոր սիրտ ու նոր հոգի դրէք, կատարեցէ՛ք իմ բոլոր պատուիրանները: Ինչո՞ւ մեռնես, ո՛վ տունդ Իսրայէլի, - ասում է Տէրը:
32․ Յիրաւի, ես մեղանչածի մահը չեմ տենչում, - ասում է Ամենակալ Տէրը, - այլ նա թող յետ կանգնի իր չար ճանապարհներից ու փրկի իր հոգին: Արդ, եկէք ե՛տ դարձէք եւ ապրեցէ՛ք»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: