Գիրք` 48. Եզեկիել

Գլուխ 15

Առակ որթատունկի մասին
 

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, որթատունկի փայտն ի՞նչ առավելություն ունի մյուս փայտերից, որ գտնվում են անտառի ծառերի ճյուղերի մեջ։

3. Մի՞թե նրանից փայտ կվերցվի որևէ բանի գործածելու համար. կամ թե նրանից մի սեպ կվերցվի՞ դրանից որևէ առարկա կախելու համար։

4. Ահա տրվում է կրակի մեջ իբրև վառելիք. նրա երկու ծայրերը կրակը լափի, և միջուկը այրվի. մի՞թե նա մի բանի պիտանի կլինի։

5. Եթե նա ամբողջ եղած ժամանակ ոչնչի օգտակար չէ, ուր մնաց թե կրակը լափի նրան, և նա այրված լինի. մի՞թե նա դեռ մի բանի պիտանի կլինի»։

6. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ինչպես որ անտառի ծառերից որթատունկի փայտը տվեցի կրակին՝ որպես վառելիք, նույնպես և Երուսաղեմի բնակիչներին տվեցի։

7. Եվ իմ դեմքը նրանց դեմ պիտի ուղղեմ. նրանք կրակից դուրս կգան, բայց կրակը կլափի նրանց, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ որ դեմքս նրանց դեմ կուղղեմ։

8. Եվ այս երկիրն ամայի պիտի դարձնեմ նրանց արած անհավատարմության համար»,- ասում է Տեր Աստված։