Գիրք` 33. Ամոս

Գլուխ 2

ե) Մովաբի դէմ
   
1․ Այսպէս է ասում Տէրը.
«Մովաբի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք այրեցին եդոմայեցիների թագաւորների ոսկորները, մինչեւ որ դրանք մոխիր դարձան:
2․ Կրակ պիտի գցեմ Մովաբի վրայ, եւ կրակը պիտի լափի նրանց քաղաքների հիմքերը. Մովաբը պիտի մեռնի տկարութեան մէջ՝ աղաղակով եւ փողի ձայնով:
3․ Պիտի սպանեմ նրա դատաւորին եւ նրա հետ պիտի կոտորեմ բոլոր իշխաններին», - ասում է Տէրը:
   
զ) Յուդայի երկրի դէմ
   
4․ Այսպէս է ասում Տէրը.
«Յուդայի երկրի որդիների երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք մերժեցին Տիրոջ օրէնքներն ու չկատարեցին նրա հրամանները, մոլորեցրին նրանց իրենց ստեղծած սնոտի կուռքերով, որոնց յետեւից գնացին նրանց հայրերը:
5․ Կրակ պիտի գցեմ Հրէաստանի վրայ, եւ այն պիտի լափի Երուսաղէմի հիմքերը»:
   
է) Իսրայէլի դէմ
   
6․ Այսպէս է ասում Տէրը.
«Իսրայէլի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք արդարին ծախեցին արծաթով եւ տնանկին՝ մի զոյգ կօշիկի դիմաց,
7․ [որով տրորվում է] երկրի հողը, որ կռփահարում էին աղքատների գլուխները, շեղում խոնարհների ճանապարհը, եւ հայր ու որդի մի [պոռնիկի] մօտ էին մտնում, որպէսզի պղծեն իրենց Աստծու անունը:
8․ Նրանք իրենց զգեստները որպէս ծածկոց գցում [էին զոհասեղանի վրա] 688 եւ բռնագրաւուած գինի էին խմում իրենց աստծու տան մէջ:
9․ Բայց ես նրանց առաջից վերացրի Ամորհացուն, որի հասակը մայրու բարձրութիւն ունէր, եւ նա հզօր էր կաղնու պէս, վերացրի նրա պտուղները՝ վերեւից, եւ նրա արմատները՝ ներքեւից:
10․ Ես հանեցի ձեզ Եգիպտացիների երկրից եւ քառասուն տարի շրջեցրի ձեզ անապատում՝ ժառանգել տալու համար ամորհացիների երկիրը:
11․ Ես մարգարէներ վերցրի ձեր որդիներից եւ ուխտաւորներ՝ ձեր երիտասարդներից: Մի՞թէ դա այդպէս չի եղել, Իսրայէլի՛ որդիներ», - ասում է Տէրը:
12․ Դուք Իմ ուխտաւորներին գինի էիք խմեցնում եւ մարգարէներին պատուիրում, որ չմարգարէանան:
13․ Դրա համար էլ ահա ես ձեզ պիտի ճզմեմ տեղում, ինչպէս ճզմում է օրանով լի սայլը իր անցած տեղը:
14․ Փախչողին լքելու է նրա ուժը, զօրաւորը զօրեղ չի մնայ իր զօրութեամբ, եւ պատերազմողը չի փրկի ինքն իրեն:
15․ Աղեղնաւորը չի կարող դէմ կանգնել, արագավազը չի փրկուի, հեծեալն էլ չի ազատի իր անձը:
16․ Սիրտը չի գտնի իր զօրութիւնը, մերկն էլ կը հալածուի այն օրը», - ասում է Տէրը: