ԻՍՐԱՅԷԼԻ ԱՆՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
Իսրայէլի տան աւագներին
1. Եօթներորդ տարում, հինգերորդ ամսին, ամսուայ տասներորդ օրը, Իսրայէլի տան աւագներից մարդիկ եկան՝ հարցում անելու Տիրոջը, ու նստեցին իմ առաջ:
2. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
3. «Մարդո՛ւ որդի, խօսի՛ր Իսրայէլի այդ տան աւագների հետ ու ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. հարցում անելո՞ւ էք գալիս ինձ մօտ: Վկայ եմ ես, ձեզ չեմ պատասխանելու», - ասում է Ամենակալ Տէրը:
4. Պատժե՞մ դրանց, մարդո՛ւ որդի. դրանց հայրերի մեղքերի վկայութիւնը դի՛ր դրանց առաջ:
5. Եւ ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուածը. այն օրից, երբ աչքս քաղցրացաւ Իսրայէլի այդ տան վրայ, երբ յայտնուեցի Յակոբի այդ տան զաւակին, երբ յայտնուեցի Եգիպտացիների նրանց երկրում, ձեռք մեկնեցի նրանց ու ասացի. «Ես եմ ձեր Տէր Աստուածը», -
6. այն օրը ձեռք պարզեցի նրանց՝ դուրս բերելու համար Եգիպտացիների երկրից դէպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, մի երկիր, ուր կաթ եւ մեղր է բխում, որ աւելի քաղցր է, քան ուրիշ որեւէ երկրինը:
7. Եւ ասացի նրանց. «Իւրաքանչիւրը թող դէ՛ն նետի իր աչքերից գարշելի կուռքերը. եգիպտացիների ճանապարհով ընթանալով՝ մի՛ պղծուէք: Ես եմ ձեր Տէր Աստուածը»:
8. Սակայն նրանք ապստամբեցին իմ դէմ, չուզեցին ինձ անսալ: Իւրաքանչիւր ոք իր աչքերից գարշելի կուռքերը դէն չնետեց: Եգիպտացիների ճանապարհը չթողեցին: Ես էլ ասացի, որ սրտմտութիւնս եմ թափելու նրանց վրայ՝ եգիպտացիների մէջ յագեցնելու համար նրանց դէմ զայրոյթս:
9. Բայց դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի մէջ, որոնց մէջ էին գտնւում դրանք: Յայտնուեցի նրանց մէջ՝ Եգիպտացիների երկրից դուրս բերելու համար նրանց:
10. Եւ նրանց դուրս բերեցի Եգիպտացիների երկրից, բերեցի անապատ,
11. տուեցի նրանց պատուիրաններս, ցոյց տուեցի նրանց օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ՚ապրի:
12. Շաբաթ 878 օրերս էլ տուեցի նրանց, որպէսզի նշան լինեն իմ ու նրանց միջեւ, եւ որպէսզի նրանք իմանան, որ ես եմ Տէրը, որ սրբագործում եմ նրանց: Եւ այն անապատում ասացի Իսրայէլի տանը. «Իմ հրամաններո՛վ շարժուեցէք», բայց չշարժուեցին: Ասացի. «Պահեցէ՛ք ու գործադրեցէ՛ք օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ՚ապրի»:
13. Սակայն Իսրայէլի տունն ինձ դառնացրեց անապատում: Իմ հրամաններով չշարժուեցին, զանց առան օրէնքներս, որոնք եթէ մէկը գործադրէր՝ դրանցով կ՚ապրէր: Շաբաթ օրերս սաստիկ պղծեցին: Ու ասացի, որ անապատում սրտմտութիւնս թափելու եմ նրանց վրայ՝ ոչնչացնելու համար նրանց:
14. Եւ դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի առաջ, որոնց միջից, նրանց աչքերի առջեւ, դուրս բերեցի սրանց:
15. Եւ անապատում ձեռքս բարձրացրի նրանց վրայ՝ ամենեւին չտանելու համար նրանց այն երկիրը, որ յատկացրել էի նրանց, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որ աւելի քաղցր է, քան ուրիշ որեւէ երկրինը:
16. Այն բանի համար, որ զանց առան օրէնքներս, իմ հրամաններով չշարժուեցին, շաբաթներս պղծեցին եւ իրենց սրտի մտադրութիւնների յետեւից գնացին, -
17. աչքս խնայեց նրանց ու չջնջեց նրանց, անապատում վերջ չտուեցի նրանց:
18. Ու ասացի նրանց անապատում. «Ձեր հայրերի կրօնով մի՛ առաջնորդուէք, նրանց օրէնքները մի՛ պահէք, նրանց վարքով մի՛ խառնակուէք ու մի՛ պղծուէք:
19. Ես եմ ձեր Տէր Աստուածը, իմ հրամաններո՛վ շարժուեցէք, իմ օրէնքնե՛րը պահեցէք ու գործադրեցէ՛ք դրանք, շաբաթներս սո՛ւրբ պահեցէք,
20. եւ դա նշան կը լինի իմ ու ձեր միջեւ: Կ՚իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը”:
21. Նրանց զաւակներն էլ դառնացրին ինձ, իմ հրամաններով չշարժուեցին, հոգ չտարան գործադրելու օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ՚ապրի: Շաբաթներս էլ էին պղծում: Ես էլ ասացի, որ սրտմտութիւնս եմ թափելու նրանց վրայ անապատում՝ յագեցնելու համար նրանց դէմ զայրոյթս:
22. Բայց ես նրանց վրայից յետ քաշեցի ձեռքս, եւ դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի մէջ, որոնց միջից, նրանց աչքերի առջեւ, դուրս բերեցի սրանց:
23. Այն անապատում ես ձեռքս նրանց վրայ բարձրացրի՝ ազգերի մէջ նրանց սփռելու, երկրներով մէկ ցիրուցան անելու համար, քանի որ
24. օրէնքներս չգործադրեցին, պատուէրներս զանց առան, շաբաթներս պղծեցին, եւ իրենց աչքներն էլ իրենց հայրերի մտադրութիւնների վրայ էր:
25. Այդ էր պատճառը, որ նրանց տուեցի հրամաններ, որ բարի չէին, եւ օրէնքներ, որոնցով չէին կարող ապրել
26. Նզովելու եմ նրանց՝ իրենց ընծաներով հանդերձ, այնպէս եմ անելու, որ ոչնչացնեմ նրանց բոլոր անդրանիկ ծնունդներին: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»:
ԱՍՏՈՒԱԾ ՎԵՐՋ Է ԴՆԵԼՈՒ ԻՍՐԱՅԷԼԻ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԵԱՆԸ
27. «Ուստի խօսի՛ր Իսրայէլի այդ տան հետ, մարդո՛ւ որդի, ու ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ձեր հայրերը սաստիկ բարկացրին ինձ իմ հանդէպ իրենց գործած մեղքերով.
28. նրանց տարայ այն երկիրը, որ երդուել էի նրանց տալ: Այնտեղ տեսան նրանք բոլոր բարձր բլուրները, սաղարթախիտ ծառերը, զոհեր մատուցեցին իրենց աստուածներին, իրենց զոհաբերութիւնների կարգը կատարեցին, ծխեցին իրենց անուշահոտ խունկը, ընծայաբերեցին իրենց նուէրները:
29. Եւ ասացի նրանց. «Այդ ի՞նչ աբբանա՝ բարձրադիր սրբավայր է, ուր դուք մտնում էք»: Եւ այն կոչուեց աբբանա 879: Ու այդպէս է կոչւում մինչեւ այսօր:
30. Դրա համար էլ ասա՛ Իսրայէլի տանը. «Այսպէս է ասում Տէր Աստուածը. ձեր հայրերի անօրէնութեամբ ապականւում էք, նրանց գարշելի կուռքերի հետ պոռնկանում,
31. նուէրներ մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում էք աստուածներին՝ կրակի միջով անցկացնելով նրանց: Մինչեւ օրս պղծւում էք ձեր բոլոր մտածումների մէջ: Եւ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայէլի: Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - ես ձեզ պատասխան չեմ տալու:
32. Եւ եթէ այդ բանը ձեր մտքով անցնում է, չի լինելու այնպէս, ինչպէս դուք էք ասում, թէ՝ «Մենք կը լինենք հեթանոսների կամ երկրի այն ազգերի նման, ովքեր ծառեր ու քարեր են պաշտում»:
ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԺՈՒՄ Է ԵՒ ՆԵՐՈՒՄ
33. «Ուստի վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - հզօր ձեռքով, բարձրացած բազկով ու յորդացող ցասումով եմ թագաւորելու ձեզ վրայ:
34. Հանելու եմ ձեզ ազգերի միջից, դուրս եմ բերելու այն երկրներից, ուր դուք ցրուած էք, - հզօր ձեռքով, բարձրացած բազկով ու յորդացող ցասումով:
35. Բերելու եմ ձեզ ազգերի անապատը, դատի եմ նստելու ձեզ հետ երես առ երես,
36. ինչպէս որ այն անապատում դատի նստեցի ձեր հայրերի հետ, երբ նրանց դուրս հանեցի Եգիպտացիների երկրից: Այդպէս եմ դատելու ձեզ, - ասում է Տէրը, Ամենակալն Աստուած:
37. Ձեզ անց եմ կացնելու մականիս տակով, մտցնելու եմ իմ հետ ուխտ կապածների թուի մէջ
38. ու զատորոշելու եմ ձեր միջից ամբարիշտներին եւ ապստամբներին, որպէսզի նրանց հանեմ իրենց բնակած վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայէլի երկիրը: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէր Աստուածը:
39. Իսկ դուք, ո՛վ տունդ Իսրայէլի, այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. նախ իւրաքանչիւրդ մի կո՛ղմ նետեցէք ձեր ընթացքը, ապա եւ լսեցէ՛ք ինձ, իմ սուրբ անունը մի՛ պղծէք ձեր նուէրներով, ձեր վարք ու բարքով,
40. որովհետեւ իմ սուրբ լերան վրայ, Իսրայէլի բարձր լերան վրայ, - ասում է Տէր Աստուած, - իսպառ ինձ է ծառայելու Իսրայէլի այդ ամբողջ տունը, այնտեղ եմ ընդունելու, այնտեղ եմ ուշադիր նայելու ձեր ընծաներին, ձեր բոլոր երախայրիքներն ընդունելու եմ ձեր սուրբ ընծաներով հանդերձ, նաեւ անուշահոտութիւնները՝
41. ձեզ դուրս բերելու համար ժողովուրդների միջից եւ ընդունելու համար ձեզ այն երկրներից, ուր սփռուած էիք: Ու ձեր մէջ, ժողովուրդների դէմ յանդիման, սրբանալու եմ:
42. Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը, երբ ձեզ տանեմ Իսրայէլի երկիրը, մի երկիր, որը երդուել եմ տալ ձեր հայրերին:
43. Եւ այնտեղ յիշելու էք ձեր բռնած ճանապարհն ու վարք ու բարքը, որոնցով պղծուեցիք դուք: Ձեր երեսներն էք ծեծելու ձեր գործած բոլոր անիրաւութիւնների համար:
44. Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը. այդպէս եմ անում, որպէսզի անունս չպղծուի ձեր չար ճանապարհների, ձեր ապականուած վարք ու բարքի պատճառով»», - ասում է Ամենակալ Տէրը:
ԿՐԱԿ ՀԱՐԱՒՈՒՄ
45. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
46. «Մարդո՛ւ որդի, դէմքդ ուղղի՛ր դէպի Թեման, նայի՛ր Դադոնի կողմը եւ մարգարէութի՛ւն արա Նագեբ իշխանի անտառի մասին:
47. Եւ կ՚ասե՛ս Նագեբի անտառին. «Լսի՛ր Տիրոջ պատգամները, այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քեզ վրայ կրակ եմ թափելու, եւ քեզանում ամէն ծառ՝ դալարն էլ, չորն էլ, նրան ճարակ է դառնալու. բորբոքուած բոցը չի հանգչելու, եւ նրա մէջ այրուելու են բոլոր մարդիկ՝ արեւելքից մինչեւ հիւսիս:
48. Եւ ամէն ոք պէտք է իմանայ, որ ես՝ Տէրս եմ վառել այն. եւ դա չի հանգչելու»»:
49. Ու ասում եմ. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր Աստուած»: Նրանք ինձ ասում են. «Չէ՞ որ դա առակ է, որ դու պատմում ես»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: