Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 23

ՄԵՂԱՒՈՐ ՔՈՅՐԵՐԸ
   
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մօր դուստրեր.
3. իրենց երիտասարդ հասակում պոռնկացան Եգիպտոսում: Այնտեղ ճմռթուեցին նրանց ստինքները, այնտեղ նրանք զրկուեցին իրենց կուսութիւնից:
4. Աւագ դստեր անունը Ոողա էր, քրոջ անունը՝ Ոողիբա: Նրանք իմը եղան եւ տղաներ ու աղջիկներ ծնեցին. սրանց անուններն էին, Շամրինինը՝ Ոողա, Երուսաղէմինը՝ Ոողիբա:
5. Ոողան, իմը լինելով, պոռնկացաւ, աչքը գցեց իր հոմանիների՝ ասորեստանցիների վրայ, որոնք նրա մօտ էին.
6. դրանք ծիրանի ու կարմիր հագածներ, իշխաններ ու զօրագլուխներ, երիտասարդներ, ամէն ինչով ընտրեալներ, երիվարներ հեծած սպառազէններ էին:
7. Ոողան իր պոռնկութիւնը տարածեց նրանց վրայ, Ասորեստանի բոլոր ընտրեալ զաւակների վրայ, բոլոր նրանց վրայ, որոնց յետեւից գնացել էր իր բոլոր մտածումներով, ու պղծութիւն արեց:
8. Եգիպտացիների երկրից բերած իր պոռնկութիւնը չթողեց նա, որովհետեւ նրանց հետ խառնակւում էր իր երիտասարդ ժամանակից. նրանք էին սրան զրկել կուսութիւնից, իրենց պոռնկութիւնը թափել նրա վրայ:
9. Դրա համար նրան մատնեցին իր հոմանիների ձեռքը, ասորեստանցիների ձեռքը, որոնց յետեւից էր գնում նա:
10. Նրանք մէջտեղ հանեցին սրա խայտառակութիւնը, վերցրին նրա տղաներին ու աղջիկներին, իրեն սրով սպանեցին: Եւ կատարուեց կանանց խօսքը. նրանից վրէժ լուծեցին նրա դուստրերի միջոցով:
11. Այս բանը տեսաւ նրա քոյր Ոողիբան, իր ապականուած ցանկասիրութեան մէջ աւելի առաջ գնաց, քան քոյրը, նաեւ պոռնկութեան մէջ աւելի առաջ, քան քոյրը:
12. Գնաց ասորեստանցի իշխանների ու զօրավարների յետեւից, որոնք նրա մօտ էին. դրանք ազնիւ ծիրանիներ հագածներ, երիվարներ հեծած սպառազէններ, ամէն ինչով ընտրեալ երիտասարդներ էին:
13. Տեսայ, որ պղծութիւն էին անում. երկուսի էլ ճանապարհը նոյնն էր:
14. Սա խրուեց իր պոռնկութեան մէջ: Երբ պատերին քաղդէացի տղամարդկանց պատկերներ էր տեսնում՝ նկարուած քերիչներով,
15. մէջքներին տեսակ-տեսակ գօտիներ, գլուխներին՝ ներկուած խոյրեր (խայտաբղէտ գոյներ էին ցոլանում բոլորից էլ, ինչպէս լինում են Բաբելոնի զաւակները քաղդէացիների երկրում, իրենց երկրում), -
16. աչք էր դնում նրանց վրայ՝ իր աչքերի հայեացքով, սուրհանդակներ ուղարկում քաղդէացիների երկիրը, նրանց մօտ:
17. Նրա մօտ եկան Բաբելոնի զաւակները նրա անկողնում հանգչելու, պղծեցին նրան իր պոռնկութեան մէջ: Նա խառնակուեց նրանց հետ. մարմինը յագեցաւ նրանցից:
18. Բացայայտեց իր պոռնկութիւնը եւ պատմեց իր ամօթը: Եւ ես հեռացայ նրանից, ինչպէս հեռացել էի նրա քրոջից:
19. Բայց դու սաստկացրիր պոռնկութիւնդ, որ յիշեցնում էր երիտասարդութեանդ օրերը, երբ պոռնկութիւն էիր անում Եգիպտոսում:
20. Աչքդ գցեցիր էշերի ու ձիերի անդամներ ունեցող քաղդէացիների վրայ:
21. Պատժելու եմ քեզ այն անիրաւութիւնների համար, որոնք գործեցիր երիտասարդութեանդ օրերին քո օթեւանում, Եգիպտացիների երկրում, ուր ճմռթուեցին ստինքներդ, ու խախտուեց կուսութիւնդ»:
   
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՊԱՏԻԺԸ
   
22. «Ուստի, ո՛վ Ոողիբա, այսպէս է ասում Տէր Աստուածը. «Ահա քեզ վրայ ոտքի եմ հանելու հոմանիներիդ, որոնցից յագեցաւ ու զզուեց մարմինդ,
23. նրանց բերելու եմ, շրջապատել եմ տալու քեզ, բերելու եմ նրանց՝ Բաբելոնի զաւակներին ու բոլոր քաղդէացիներին, Փակուդին, Սուէին ու Կուէին, Ասորեստանի բոլոր զաւակներին էլ նրանց հետ՝ ընտիր երիտասարդներին, իշխաններին, զօրավարներին, երիվարներ հեծած անուանի սպառազէններին:
24. Բոլորն էլ քեզ վրայ են գալու հիւսիսից, ազգերի մի բազմութիւն՝ կառքերով ու անիւներով, սաղաւարտաւորներ ու վահանաւորներ: Շուրջդ պահակներ են դնելու: Քեզ դատելու եմ նրանց առաջ, եւ նրանք վրէժ են լուծելու քեզնից իրենց դատաստանով:
25. Քո դէմ պիտի ուղղեմ նաեւ քո հանդէպ ունեցած իմ վրէժխնդրութիւնը. նրանք քեզ հետ վարուելու են իմ զայրոյթի չափով. կտրելու են քիթդ ու ականջներդ եւ ինչ որ մնայ քեզնից, սրով կոտորելու են. վերցնելու են տղաներիդ ու աղջիկներիդ, իսկ մնացածներին հրով են ոչնչացնելու:
26. Վրայիցդ հանելու են հագուստներդ ու քեզանից վերցնելու են պարծանքիդ զարդերը:
27. Այսպիսով առջեւդ եմ դնելու ամբարշտութիւնդ ու պոռնկութիւնդ, որոնցով զբաղւում էիր Եգիպտացիների երկրում: Եւ աչքդ այլեւս չես բարձրացնելու դէպի նա, այլեւս չես յիշելու Եգիպտոսը»:
28. Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. »Ահա քեզ մատնելու եմ ատելիներիդ ձեռքը, որոնցից յագեցաւ ու զզուեց մարմինդ:
29. Քեզ հետ վարուելու են ատելութեամբ, վերցնելու են ամբողջ վաստակդ ու աշխատանքդ: Մերկ ես լինելու եւ խայտառակուած: Մեջտեղ է գալու պոռնկութեանդ ամօթը: Քո ամբարշտութիւնն ու պոռնկութիւնն են գլխիդ բերելու դա,
30. մինչ պոռնկութիւն էիր անում ազգերի հետ, պղծւում նրանց մտածումներում:
31. Քրոջդ ճանապարհով ընթացար, եւ նրա բաժակը քո ձեռքն եմ տալու»: Այսպէս է ասում Տէր Աստուած.
32. «Քրոջդ բաժակն ես ըմպելու, մի խոր ու լայն բաժակ: Ծաղր ու ծանակ ես դառնալու, կատարելապէս հարբելու ես:
33. Բոլորովին թուլանալու ես: Ըմպելու ես քո պոռնկութեան, Շամրին քրոջդ բաժակը եւ քամելու ես ցմրուր:
34. Մազերդ ես փետելու եւ ստինքներդ ծեծելու: Տօներն ու ամսագլուխները վերացնելու եմ քեզանից. այդ ե՛ս խօսեցի», - ասում է Ամենակալ Տէրը: -
35. Ուստի այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այն բանի համար, որ ինձ մոռացար, յետեւդ գցեցիր, դո՛ւ էլ կրիր ամբարշտութեանդ ու պոռնկութեանդ պատիժը»»:
   
ԱՍՏԾՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԵՐԿՈՒ ՔՈՅՐԵՐԻՆ
   
36. Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, երբ դատես Ոողային ու Ոողիբային, նրանց կը պատմես իրենց անօրէնութիւնները:
37. Նրանք շնացան, եւ արիւն կայ նրանց ձեռքերին: Նրանք իրենց մտքում էլ էին շնանում: Իրենց ծնած զաւակներին բոցի միջով էին անցկացնում:
38. Այն աստիճան բաներ արեցին իմ դէմ, որ նոյն օրն իսկ սրբութիւններս էին պղծում, շաբաթներս ապականում՝
39. կուռքերին զոհաբերելու համար իրենց որդիներին: Նոյն օրը մտնում էին իմ սրբավայրերը եւ պղծում էին դրանք: Այսպէս էին վարւում իմ Տան մէջ:
40. Հեռուից եկած մարդիկ էլ, որոնց որպէս սուրհանդակներ էին ուղարկել, հէնց որ գալիս էին, բաղնիք էիր մտնում, ծարիրով ու սնգոյրով շպարւում էիր,
41. զարդեղէնով զարդարւում ու նստում էիր զարդարուած գահաւորակի վրայ: Սեղան էիր գցում նրանց առջեւ, իմ խունկն ու իւղը վերցնում էիր եւ զուարճանում նրանց հետ:
42. Նրանք ներդաշնակ ձայնով նուագում էին: Այդ մարդկանց կողքին՝ անապատից եկած ուրիշ բազմաթիւ գինեմոլ մարդիկ էլ կային: Ապարանջաններ էիր դնում նրանց ձեռքերին, պարծանքի պսակներ՝ նրանց գլխին:
43. Ես ասում էի՝ «Պոռնկական գործերով թող նրանց հետ չշնանայ», բայց նա պոռնկանում էր.
44. եւ նրա մօտ էին մտնում, ինչպէս պոռնիկ մի կնոջ մօտ: Նոյն ձեւով մտնում էին նաեւ Ոողայի ու Ոողիբայի մօտ՝ անօրէնութիւն գործելու:
45. Նրանք, որ արդար մարդիկ էին, վրէժ են լուծելու սրանցից, շնացածների հանդէպ լուծուող վրէժ եւ արեան վրէժ, որովհետեւ սրանք շնացողներ էին, եւ իրենց ձեռքերն արիւնոտ էին»:
46. Այսպէս է ասում Տէր Աստուածը. «Զօ՛րք արձակիր, նրանց մէջ խռովութի՛ւն գցիր ու յափշտակութիւն,
47. զօրքերի քարերով քարկոծի՛ր նրանց, խոցոտի՛ր նրանց իրենց սրերով: Նրանց տղաներն ու աղջիկները թող կոտորուեն: Իսկ նրանց տները թող հրդեհեն:
48. Ամբարշտութիւնը վերացնելու եմ երկրից, եւ բոլոր կանայք խրատուելու են ու այլեւս չեն հետեւելու սրանց ամբարշտութեան:
49. Ձեր ամբարշտութիւնը ձեր առջեւն է գալու, ապա պատիժ էք կրելու ըստ ձեր մեղքերի ու մտածումների: Ու պէտք է իմանաք, որ ես եմ Տէր Աստուածը»»: