Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 3

   

1․ Եւ ասում էր ինձ. «Մարդո՛ւ որդի, ինչ որ դրա մէջ գտնես՝ կե՛ր. մանր-մանր կե՛ր այդ մագաղաթը եւ գնա՛ ու խօսի՛ր իսրայէլացիների հետ»:
2․ Բաց արեց բերանս ու իբրեւ կերակուր դրեց այդ մագաղաթը եւ ասաց ինձ.
3․ «Մարդո՛ւ որդի, բերանդ թող ուտի, ու որովայնդ լցուի այդ մագաղաթով, որ քեզ տրուեց»: Կերայ այն, եւ բերանիս մեղրի քաղցրութիւն տուեց:
4․ Եւ ասաց ինձ.«Մարդո՛ւ որդի, դու գնա՛ ու մտի՛ր Իսրայէլի տուն. նրանց մօտ իմ պատգամները պիտի հաղորդես,
5․ որովհետեւ դու խրթնախօս եւ ծանրալեզու մի ժողովրդի մօտ չէ, որ ուղարկւում ես, այլ Իսրայէլի տուն,
6․ ո՛չ բազում օտար կամ այլալեզու ժողովուրդների մօտ, ո՛չ էլ խրթին լեզու ունեցողների, որոնց խօսքը չես էլ լսում: Եթէ այդպիսիների մօտ էլ ուղարկէի քեզ, նրա՛նք անգամ պիտի լսէին քեզ:
7․ Սակայն Իսրայէլի տունը պիտի չուզի քեզ լսել, որովհետեւ չի ուզում ինձ անսալ. ամբողջ Իսրայէլի ցեղը հակառակորդներ ու խստասիրտներ են:
8․ Եւ ահա ես քո դէմքը կարծրացրել եմ նրանց դէմ. քո յաղթանակն էլ պիտի զօրացնեմ ընդդէմ նրանց հակառակութեան:
9․ Եւ քո յաղթանակն ամէն ժամ վէմի պէս հաստատուն պիտի լինի: Մի՛ վախեցիր նրանցից ու մի՛ սարսափիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ նրանք դառնացնողների տուն են»:
10․ Եւ Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր խօսքերը, որ ասացի քեզ, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մէ՛ջ պահիր:
11․ Եւ գնա՛ ու մտի՛ր քո ժողովրդի գերեալ զաւակների մէջ: Նրանց հետ կը խօսես ու կ՚ասես. «Այսպէս է ասում Տէր Աստուածը, լսեն նրանք, թէ չլսեն»:
12․ Եւ Հոգին ինձ բարձրացրեց, ու ետեւիցս մեծ շարժման ձայն լսեցի. ասում էին. «Օրհնեալ է Տիրոջ փառքը՝ իր բնակատեղիում»:
13․ Ու տեսայ, որ դա ձայնն էր միմեանց հետ սաւառնող կենդանի էակների թեւերի, ձայնը նրանց հետ պտտուող անիւների եւ ձայնը շարժման:
14․ Տիրոջ Հոգին բարձրացրեց, բարձրացրեց ինձ, ու համբառնալով գնում էի՝ հետեւելով իմ հոգու մղումին:
15. Տիրոջ ձեռքն ինձ վրայ զօրաւոր եղաւ: Վերացած՝ մտայ գերեալների մէջ ու շրջեցի Քոբար գետի բնակիչների մօտ, որոնք այնտեղ էին: Ու դադար առնելով եօթը օր նստեցի նրանց մէջ:
   
ՏԷՐԸ ԵԶԵԿԻԷԼԻՆ ՊԱՀԱԿ Է ԿԱՐԳՈՒՄ
(Եզեկ. 33.1-9)
   
16. Եօթը օր յետոյ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
17․ «Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես 861 նրանց:
18․ Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի: Այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու:
19․ Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրէնութիւնից եւ իր ճանապարհից, - այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես:
20․ Եւ երբ արդարն էլ իր արդար գործերից շեղուի ու յանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ եմ բերելու. ինքը մեռնելու է, որովհետեւ նրա կատարած արդար գործերը չեն յիշուելու: Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արիւնը քեզնից եմ պահանջելու:
21․ Ապա եթէ դու զգուշացնես արդարին, որ նա մեղք չգործի, արդարն ապրելով պիտի ապրի, որովհետեւ զգուշացրել ես նրան. դու էլ քեզ պիտի փրկես»:
   
ԵԶԵԿԻԷԼԸ ԼՌՈՒԹԵԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ ԱՍՏԾՈՒ ԿՈՂՄԻՑ
   
22․ Այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրայ հանգչեց, ու նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, դու էլ այն դաշտը ելի՛ր, այնտեղ քեզ հետ խօսելու եմ»:
23․ Վեր կացայ ելայ այն դաշտը: Ահա այնտեղ էր իջել Տիրոջ փառքը, ինչպէս այն տեսիլքն ու փառքը, որ տեսել էի Քոբար գետի ափին: Երեսս ի վայր ընկայ:
24․ Եւ Հոգին եկաւ վրաս ու ինձ ոտքերիս վրայ կանգնեցրեց: Խօսեց հետս ու ասաց.
25․ «Մտի՛ր ու փակուի՛ր քո տանը: Մարդո՛ւ որդի, ահա քեզ վրայ կապանքներ են դրուած, ու քեզ դեռ կապելու են դրանցով. եւ դու դուրս չես գալու դրանց միջից:
26․ Լեզուդ էլ կապելու եմ քո քիմքին, ու համր ես լինելու: Դու նրանց համար յանդիմանող մի մարդ չես լինելու, որովհետեւ նրանք դառնացնողների տուն են:
27․ Ու երբ հետդ խօսեմ, բաց եմ անելու քո բերանը, եւ դու ասելու ես նրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը»: Ով որ լսելու է, թող լսի, իսկ ով որ արհամարհելու է, թող արհամարհի, քանի որ նրանք դառնացնողների տուն են»: