Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 39

ԳՈԳԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
   
1. «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր Գոգի մասին ու ասա՛. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քեզ դէմ եմ, Գո՛գ, իշխա՛նդ Ռոսմեսոքի ու Թոբէլի:
2. Հաւաքելու եմ քեզ եւ առաջնորդելու եմ, հանելու եմ քեզ հիւսիսի կողմերից ու բերելու եմ քեզ Իսրայէլի լեռները:
3. Դէն եմ գցելու աղեղդ քո ձախ ձեռքից, նետերդ էլ՝ քո աջ ձեռքից:
4. Կործանելու եմ քեզ Իսրայէլի լեռների վրայ, եւ դու ու քո շուրջը բոլոր գտնուողներն էլ ընկնելու էք: Քեզ հետ եղած բոլոր ժողովուրդներն էլ կեր են դառնալու բոլոր գիշատիչ թռչուններին, կեր են դառնալու անապատի բոլոր գազաններին,
5. եւ դու ընկնելու ես դաշտերի երեսին, որովհետեւ ես եմ խօսել, - ասում է Տէր Աստուած: -
6. Հուր եմ ուղարկելու Մագոգի վրայ, եւ կղզիներն ապրելու են խաղաղութեամբ: Պիտի իմանան, որ ես եմ Տէր Աստուածը:
7. Անունս էլ սուրբ է ճանաչուելու Իսրայէլի իմ ժողովրդի մէջ ու այլեւս չի պղծուելու իմ սուրբ անունը: Երկրի բոլոր ազգերը պէտք է իմանան, որ ես եմ Իսրայէլի սուրբ Տէրը:
8. Ահա հասել է օրը, ու պիտի իմանաս, որ դա լինելու է, - ասում է Տէր Աստուած. - այս է այն օրը, որի մասին խօսել էի:
9. Եւ պիտի ելնեն Իսրայէլի քաղաքների բնակիչները, պիտի այրեն իրենց զէնքերը, նիզակներն ու ասպարները, նետերն ու աղեղների բեկորները, տէգերի բներն ու սուինների կոթերը.
10. եօթը տարի վառելու են իրենց կրակը. փայտ չեն վերցնելու դաշտերից, փայտ չեն կտրելու անտառներից, այլ զէնքերն են այրելու կրակի մէջ: Աւարառութեան ենթարկելու իրենց աւարառուներին, կողոպտելու՝ իրենց կողոպտիչներին», - ասում է Տէր Աստուած:
   
ԳՈԳԻ ԹԱՂՈՒՄԸ
   
11. «Այն օրը Գոգին ես Իսրայէլում տալու եմ գերեզմանի յայտնի տեղ, ծովի կողմերից եկածների շիրիմը. ձորափերի շուրջը գերեզման են շինելու ու այնտեղ թաղելու են Գոգին ու նրա բոլոր բազմութիւններին: Եւ շիրիմը կոչուելու է «Գոգի հօտի գերեզման»:
12. Իսրայէլի տան զաւակներն են թաղելու նրանց, որպէսզի մաքրուի երկիրը:
13. Եօթը ամիս շարունակ թաղելու են նրանց երկրի բոլոր ժողովուրդները: Եւ նրանց համար նշանաւոր է լինելու այն օրը, երբ ես փառաւորուելու եմ, - ասում է Տէր Աստուած: -
14. Եւ նոյն գործով զբաղուող մարդիկ հաւաքուելու են, որ գնան շրջեն երկրով մէկ, թաղեն երկրի երեսին մնացածներին եւ եօթը ամիս յետոյ երկիրը մաքրեն:
15. Ամէն ոք, ով անցնի երկրով, երբ մարդու ոսկոր տեսնի, նրա մօտ մի նշան է անելու, մինչեւ որ նրանք, ովքեր թաղում են, թաղեն այն «Գոգի հօտի գերեզմանի» մէջ:
16. Քաղաքի անունն էլ Գերեզման է կոչուելու. ու երկիրը մաքրուելու է:
17. Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, այսպէս է ասում Տէր Աստուած. «Ասա՛ բոլոր գիշատիչ թռչուններին, դաշտի բոլոր գազաններին. «Հաւաքուեցէ՛ք ու եկէ՛ք, հաւաքուեցէ՛ք երկրի բոլո՛ր կողմերից իմ ողջակէզի համար, որ ես եմ զոհել, մեծ ողջակէզի, որ կատարում եմ Իսրայէլի լեռների վրայ, մի՛ս կերէք ու արի՛ւն խմեցէք:
18. Կերէ՛ք միսը հսկաների, խմեցէ՛ք արիւնը երկրի իշխանների, կերէ՛ք խոյերը, եզներն ու նոխազները, որովհետեւ բոլոր եզներն էլ պարարտ են:
19. Իմ զոհած ողջակէզների ճարպը կերէ՛ք յագենալու եւ արիւնը խմեցէ՛ք հարբելո՛ւ աստիճան:
20. Դուք կը յագենաք իմ սեղանից, հեծեալներից, երիվարներից, հսկաներից ու պատերազմող բոլոր այրերից»», - ասում է Տէր Աստուած:
21. «Ես փառքս տալու եմ ձեզ, ու բոլոր ժողովուրդները տեսնելու են իմ արած դատաստանը, ձեռքս, որ դնելու եմ իրենց վրայ:
22. Եւ Իսրայէլի տան զաւակները պիտի իմանան, որ ես եմ իրենց Տէր Աստուածը՝ սկսած այն օրից եւ յետագայում»:
   
ՅԱԿՈԲԻ ՏՈՀՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ
   
23. «Բոլոր ժողովուրդներն էլ պէտք է իմանան, որ իրենց մեղքերի պատճառով գերեվարուեցին Իսրայէլի տան զաւակները: Այն բանի համար, որ անարգեցին ինձ, ես երես դարձրի նրանցից, նրանց մատնեցի իրենց թշնամիների ձեռքը, ու բոլորն էլ սրից ընկան:
24. Նրանց պղծութիւնների ու անօրէնութիւնների համար արեցի այդ բոլորը եւ երես դարձրի նրանցից:
25. Դրա համար էլ այսպէս է ասում Տէր Աստուած. «Այժմ յետ եմ դարձնելու Յակոբի գերեվարուածներին, ողորմելու եմ Իսրայէլի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անուան համար:
26. Եւ երբ նրանք անարգանք, անիրաւութիւն ստանան իրենց կատարած անիրաւութիւնների դիմաց, նրանց խաղաղութեամբ վերաբնակեցնելու եմ իրենց երկրում. ոչ ոք չի զարհուրեցնելու նրանց:
27. Երբ նրանց վերադարձնեմ ազգերի միջից, հաւաքեմ հեթանոսների երկրներից, սուրբ եմ լինելու նրանց մէջ, ազգերի առաջ:
28. Եւ պիտի իմանան, որ ես եմ իրենց Տէր Աստուածը, երբ նրանց յայտնուեմ ժողովուրդների մէջ: Նրանց հաւաքելու եմ իրենց երկիրն ու այլեւս ոչ մի տեղ նրանցից մարդ չեմ թողնելու:
29. Ոչ էլ այլեւս երես եմ դարձնելու նրանցից, որ զայրոյթս թափեմ Իսրայէլի տան վրայ»», - ասում է Տէր Աստուած: