ՈՂԲ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՈՒԱՌՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
1․ ալեփ Ինչպէ՜ս խամրեց ոսկին, գունաթափուեց, սպիտակ արծաթը 848, նրանց թանկագին քարերը հալուեցին ու ցրիւ եկան իրենց ճանապարհների խաչմերուկներում:
2․ բեթ Սիոնի պատուական որդիները, աւելի պատուական, քան թանկագին քարերը, ինչպէ՜ս համարուեցին խեցեղէն ամաններ՝ բրուտների ձեռքի աշխատանք:
3․ գամէլ Ինչպէս վիշապներ, նրանք մերկացրին իրենց ստինքները եւ կաթ տուեցին իրենց կորիւններին. իմ ժողովրդի որդիները տանջահար եղան, եւ չկայ բժշկութիւն նրանց համար. անապատի ջայլամների պէս տառապեցին նրանք:
4․ դալեթ Ծարաւից կաթնակեր մանուկների լեզուներն իրենց քիմքերին կպան. երեխաները հաց խնդրեցին, բայց նրանց հաց կտրող չեղաւ:
5․ հէ Ովքեր կերակրով էին սնուել, ճանապարհների վրայ սովամահ եղան, ովքեր գրկերի մէջ գուրգուրանք ու գգուանք էին վայելել, աղբանոցները գրկած՝ թաթաւեցին ու թաւալուեցին:
6․ վաւ Իմ ժողովրդի դստեր մեղքերն աւելի շատացան, քան կործանուած Սոդոմի անօրէնութիւնները. նրանք փութով վեր էին կենում, բայց նրանց ձեռքերի վաստակը ոչ մի տեղ չէր երեւում:
7․ զէ Նրանց ազնուական իշխանները, որոնք մաքուր էին, ձեան պէս սպիտակ, կաթի պէս անարատ, փայլուն ինչպէս շափիւղայ, ակնեղէն.
8․ խէթ այժմ նրանց տեսքն ածուխի նման սեւացաւ, ու ոչ ոք չէր ճանաչում նրանց. նրանց դրել էին ճանապարհների խաչմերուկներում: նրանց կաշին ոսկորներին էր կպել. նրանք կոշտացել ու չորացած փայտ էին դարձել:
9․ թէթ Սրից հասած վէրքերից դիտապաստ ընկածներն աւելի բախտաւոր էին, քան սովից մեռածները: Խումբ-խումբ շարժւում էին վիրաւոր մարդիկ:
10․ յոդ Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր դարձան:
11․ քափ Տէրն ի կատար ածեց իր ցասումն ու բարկութիւնը, թափեց իր ցասումն ու բարկութիւնը եւ կրակ բորբոքեց Սիոնում, որը լափեց նրա հիմքերը:
12․ լամէք Աշխարհում գոյութիւն ունեցող բոլոր երկրների թագաւորները չհաւատացին, թէ թշնամին կարող է ներս մտնել Երուսաղէմի դարպասներից:
13․ միմ Բայց դա տեղի ունեցաւ նրանց մարգարէների մեղքով, նրանց քահանաների մեղքով, քանզի նրանք այնտեղ թափում էին արդար մարդկանց արիւնը:
14․ նուն Ճանապարհների գլխին ցնցուեց ու սասանուեց նրանց զօրութիւնը, մեռածների արեամբ պղծուեցին ու թաթախուեցին այնպէս, որ նրանց հագուստները հնարաւոր չէր մաքուր վիճակում նրանց վրայից հանել:
15․ սամքաթ «Հեռո՛ւ կացէք, պի՛ղծ անուանեցէք նրանց, հեռո՛ւ մնացէք, հեռո՛ւ մնացէք, մի՛ մօտեցէք»: Եւ նրանք շարժուեցին ու բարկացած հեռացան: «Ասացէ՛ք հեթանոսներին, որ նրանք այլեւս չշարունակեն ապրել նրանց մէջ»:
16․ էյ Մեր կենդանութեան ժամանակ իսկ նուաղեցին մեր աչքերը իզուր օգնութիւն սպասելուց, որովհետեւ զուր տեղը մենք նրանց հսկիչ էինք կարգել սնոտի բաների վրայ:
17․ փէ Տէրն իր երեսը շրջել է նրանցից եւ այլեւս չի նայելու նրանց: Քահանաները չլսեցին ծերերին, նրանց որդիների նկատմամբ անողորմ եղան: Աչքներս պահած՝ նայում էինք այն ազգերին, որոնք մեզ չէին կարող փրկել:
18․ ծադէ Որսացին մեզ. մի փոքր ժամանակ եւս, եւ մեզ սպանած-բնաջնջած կը լինեն մեր քաղաքներից: Հասել է ժամը, հասել է ժամանակը, լրացան մեր օրերը, լրացան ժամանակները:
19․ կոփ Լեռների վրայ մեզ հալածողները թեթեւաշարժ են. նրանք, ինչպէս երկնային արծիւներ, ճախրեցին բարձր լեռների վրայ եւ, անապատում դարան մտած, պաշարեցին մեզ:
20․ րէշ Տէր Քրիստոսը 849 մեր անձի շունչն է. իրենց ապականութեամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թէ կը նստենք նրա հովանու տակ եւ կ՚ապրենք հեթանոսների մէջ:
21․ շին Ցնծա՛ եւ ուրախացի՛ր, ո՛վ եդոմայեցիների դուստր, որ բնակւում ես օստացիների այդ երկրում, քեզ էլ կը հասնի այս բաժակը. կը կանգնես ու կը խմես, կը խմես ու նորից կը վերադարձնես:
22․ թաւ Քո անօրէնութիւնները պիտի վերջ գտնեն, Սիո՛ն,
եւ այլեւս դու չպիտի պատժուես. բայց քեզ, ո՛վ Եդոմի դուստր, քո մեղքերի համար Տէրը պատժելու եկաւ՝ յայտնի դարձնելով քո բոլոր ամբարշտութիւնները:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: