Գիրք` 34. Միքիա

Գլուխ 7

ՄԱՐԳԱՐԷԻ ՈՂԲԸ
   
1․ Վա՛յ ինձ, որովհետեւ նմանուեցի հնձի ժամանակ մնացած հասկերը հաւաքողի եւ այգեկութի ժամանակ ճռաքաղ անողի, բայց ողկոյզ չկար առաջին բերքից, որից ուտում էի:

2․ Վա՛յ ինձ, որովհետեւ երկիւղածութիւնը վերացաւ երկրից, եւ մարդկանց մէջ չկայ մէկը, որ ուղիղ լինի. բոլորը արեամբ են դատում, իւրաքանչիւրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, եւ իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում:

3․ Իշխանը նուէր է խնդրում, իսկ դատաւորը խաղաղութեան խօսքեր է ասում իրեն պէտք եղած ձեւով:

4․ Ես կը հանեմ նրանց միջից այն բարութիւնը, որը ցեցի նման ուտում եւ պտտւում է կանոնի վրայ դատաքննութեան օրը: Վա՛յ, վա՛յ, եկաւ հասաւ քո վրէժխնդրութիւնը. արդ, թող լաց լինեն նրանք:

5․ Մի՛ հաւատացէք սիրելիներին, մի՛ ապաւինէք իշխաններին, զգո՛յշ եղիր քո անկողնակցից, որ որեւէ բան չպատմես նրան,

6․ որովհետեւ որդին անարգում է հօրը, եւ դուստրը կը կանգնի իր մօր դէմ, հարսը՝ իր սկեսրոջ դէմ, եւ մարդու թշնամին իր իսկ ընտանիքը կը լինի:
7․ Սակայն ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կը լսի ինձ:
   
ԺՈՂՈՎՐԴԻ ՅՈՅՍՆ ՈՒ ԱՂՕԹՔԸ
   
8․ Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորի՛ց կը կանգնեմ, քանի որ, եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը:
9․ Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կը տանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը:

10․ Ինձ կը տեսնի իմ թշնամին, եւ ամօթը կը պատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է քո Տէր Աստուածը»: Իմ աչքերը կը տեսնեն նրան: Արդ, նա ոտքի կոխան կը դառնայ, ինչպէս ճանապարհի կաւը:

11․ Աղիւսի ծեփի օր եւ քո ջնջման օր կը լինի այն օրը. այդ օրը կը մերժի քո իրաւունքները:

12․ Քո քաղաքները կ՚ենթարկուեն ասորեստանցիների պաշարման եւ աւարին: Քո ամուր քաղաքները կը բաժանուեն Տիւրոսից մինչեւ գետը, ծովից ծով եւ լեռից լեռ:

13․ Եւ երկիրը կ՚ապականուի իր բնակիչներով հանդերձ՝ իր գործերի պտուղի պատճառով:

14․ Արածացրո՛ւ քո ժողովրդին քո ցեղերի գաւազանով, նաեւ քո ժառանգութեան ոչխարի հօտերը, որոնք առանձին բնակւում են Կարմէլի անտառում, թող նրանք արածեն Բասանում եւ Գաղաադում մշտապէս:

15․ Եւ ինչպէս Եգիպտացիների երկրից քո ելքի օրերին, ես հրաշքներ ցոյց պիտի տամ նրանց:

16․ Պիտի տեսնեն հեթանոսներն ու պիտի ամաչեն իրենց ամբողջ զօրութիւնից, ձեռքները պիտի դնեն իրենց բերանների վրայ, եւ նրանց ականջները պիտի խլանան:

17․ Նրանք պիտի լիզեն հողը ինչպէս օձերը, որ սողում են երկրի վրայ: Պիտի խռովուեն իրենց պաշարման մէջ, մեր Տէր Աստծուց պիտի սարսափեն եւ պիտի վախենան քեզնից:

18․ Ո՞վ է Աստուած քեզ նման, որ վերացնում է անօրէնութիւնը, զանց է առնում իր ժառանգութեան երկրի մնացորդների անիրաւութիւնը եւ գործի չի դնում իր բարկութիւնը, քանի որ ողորմութիւն է կամենում:

19․ Նա պիտի դառնայ ու գթայ մեզ, պիտի թաղի մեր մեղքերը եւ ծովի խորքը պիտի նետի մեր բոլոր անօրէնութիւնները:

20․ Ճշմարտութիւն պիտի տայ Յակոբին, ողորմածութիւն՝ Աբրահամին, ինչպէս որ երդումով խոստացել էր մեր հայրերին սկզբից ի վեր: