Գիրք` 37. Յովնան

Գլուխ 2

ՅՈՎՆԱՆԻ ԱՂՕԹՔԸ
   
1․ Տէրը խոշոր կէտ ձկանը հրամայեց կուլ տալ Յովնանին: Երեք ցերեկ եւ երեք գիշեր Յովնանը կէտի փորում էր:
2․ Յովնանը կէտի փորի միջից աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց.
3․ «Իմ նեղութեան մէջ ես աղօթեցի իմ Տէր Աստծուն, եւ նա լսեց իմ աղաչանքը դժոխքի խորքից: Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը:
4․ Ինձ գցեցիր ծովի խորքերը, եւ ջրի հոսանքները պաշարեցին ինձ:
5․ Քո կոհակներն ու ալիքները թափուեցին ինձ վրայ, եւ ես մտածեցի, թէ մերժուել եմ քո ներկայութիւնից. արդեօք նորից պիտի տեսնե՞մ քո սուրբ տաճարը:
6․ Ջրերը թափուեցին ինձ վրայ շունչս կտրելու աստիճան: Խորունկ անդունդներ պաշարեցին ինձ:
7․ Գլուխս մտաւ լեռների փապարների մէջ, իջայ մի երկիր, որի նիգերը փակ են յաւիտեան: Ես կը փրկուեմ ապականութիւնից:
8․ Երբ հոգիս տկարացաւ, քե՛զ դիմեցի, Տէ՛ր իմ Աստուած. մտաբերեցի Տիրոջը, եւ թող իմ աղօթքները հասնեն քո սուրբ տաճարը:
9․ Նրանք, որ ունայն ու սուտ աստուածներ էին պաշտում, թողեցին իրենց երկիւղածութիւնը:
10․ Իսկ ես օրհնության եւ խոստովանանքի ձայնով քեզ պիտի մատուցեմ այն զոհը, որ ուխտեցի, եւ կ՚արժանանամ Տիրոջ փրկութեան»:
11․ Եւ Տէրը հրամայեց վիշապ ձկանը, եւ ձուկը նրան ցամաք նետեց: