ՏՂԱՄԱՐԴԸ ԵՒ ԿԻՆԸ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ
1. Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին:
2. Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ:
3. Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած:
4. Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը:
5. Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի.
6. քանզի, եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը: Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քօղով ծածկուի:
7. Պէտք չէ, որ տղամարդը իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծու. իսկ կինը ի՛ր մարդու փառքն է.
8. որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց.
9. քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար:
10. Դրա համար կինը պարտաւոր է քօղ 1106 դնել գլխին, հրեշտակների պատճառով:
11. Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տէր.
12. որովհետեւ, ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց:
13. Եւ դուք ինքնե՛րդ դատեցէք. վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծու առաջ:
14. Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ, որ, եթէ մարդը երկար մազերով է, այդ անարգանք է իրեն.
15. բայց կինը, եթէ երկար մազերով է, այդ պատիւ է իրեն. որովհետեւ մազերը քօղի փոխարէն են տրուած նրան:
16. Իսկ եթէ մէկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները:
ՏԻՐՈՋ ԸՆԹՐԻՔԸ
(Մատթ. 26.26-29, Մարկ. 14.22-25, Ղուկ. 22.14-20)
17. Բայց այս բանը պատուիրում եմ, ոչ որպէսզի ձեզ գովեմ. որովհետեւ ոչ թէ դէպի լաւը, այլ դէպի վատթարն են գնում ձեր հաւաքոյթները:
18. Նախ՝ երբ ի մի վայր էք ժողովւում եկեղեցում, լսում եմ, թէ բաժանումներ կան ձեր մէջ. եւ մասամբ հաւատացի:
19. Բայց պէտք է, որ հերձուածներ էլ լինեն ձեր մէջ, որպէսզի ձեր միջից նրանք, որ ընտիր մարդիկ են, երեւան:
20. Եւ արդ, երբ դուք միասին հաւաքւում էք, Տիրոջ տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ 1107.
21. որովհետեւ իւրաքանչիւր ոք առաջ է ընկնում իր ընթրիքն ուտելու. մէկը՝ քաղցած է, իսկ միւսը՝ արդէն հարբած:
22. Միթէ տներ չունէ՞ք ուտելու եւ խմելու համար: Կամ՝ Աստծու եկեղեցի՞ն էք արհամարհում եւ ամաչեցնում չքաւորներին: Ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ դրա համար: Չեմ գովում.
23. որովհետեւ ես ընդունեցի Տիրոջից, ինչ որ աւանդեցի ձեզ. այն՝ որ Տէր Յիսուս, այն գիշերը, երբ մատնուեց, հաց վերցրեց,
24. գոհութիւն մատուցեց, կտրեց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. արէ՛ք այս իմ յիշատակի համար»:
25. Նոյն ձեւով էլ ընթրիքից յետոյ վերցրեց բաժակը եւ ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արիւնով. արէ՛ք այս իմ յիշատակի համար, քանի անգամ էլ որ խմէք»:
26. Քանի անգամ որ այս հացն ուտէք եւ այս բաժակը խմէք, պատմեցէ՛ք Տիրոջ մահը, մինչեւ որ նա գայ:
27. Ահա թէ ինչու, ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանօրէն 1108, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արեանը:
28. Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից.
29. որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը:
30. Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են.
31. որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի:
32. Իսկ եթէ դատւում ենք, Տիրոջից խրատւում ենք, որպէսզի աշխարհի հետ չդատապարտուենք:
33. Եղբայրնե՛ր, ուրեմն, երբ ի մի հաւաքուէք ուտելու, սպասեցէ՛ք միմեանց:
34. Իսկ եթէ մէկը քաղցած լինի, իր տանը թող ուտի, որպէսզի դատապարտութեա՛ն համար հաւաքուած չլինէք: Իսկ մնացած պատուէրները, երբ որ գամ, այն ժամանակ կը հաղորդեմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: