Գիրք` 9. Պօղոս Առաքեալի թուղթը Գաղատացիներին

Գլուխ 3

ՕՐԷՆՔ ԿԱՄ ՀԱՒԱՏ
   
1. Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Յիսուս Քրիստոս նկարագրուեց խաչը ելած:
2. Ա՛յս բանն եմ միայն ուզում իմանալ ձեզնից. օրէնքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թէ՞ հաւատի քարոզութեամբ:
3. Այդչափ անմի՞տ էք. սկսեցիք հոգով, իսկ հիմա մարմնո՞վ էք վերջացնում:
4. Եւ այդքան փորձութիւններ ի զո՞ւր անցան ձեր գլխով, - եթէ անշուշտ ի զուր էին:
5. Իսկ արդ, նա, որ Հոգին բաշխեց ձեզ եւ զօրութիւններ գործեց ձեր մէջ, օրէնքի գործերո՞վ էր, թէ՞ հաւատի քարոզութեամբ:
6. Այսպէս՝ «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան համարուեց որպէս արդարութիւն» 1133:
7. Գիտէ՞ք արդեօք, որ Աբրահամի որդիները նրանք են, որոնք այդ հաւատից են:
8. Սուրբ Գիրքը կանխատեսում էր, թէ Աստուած հեթանոսներին հաւա՛տով է արդարացնելու. նախապէս խոստացաւ Աբրահամին, թէ՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնուելու»:
9. Այսպէս ուրեմն, նրանք, որ հաւատից են, օրհնւում են հաւատացեալ Աբրահամի հետ:
10. Նրանք, որ օրէնքի գործադրողներն են, անէծքի տակ են, քանզի գրուած է, թէ՝ «Անիծեալ է ամէն մարդ, որ օրէնքի գրքում եղած բոլոր գրուածները չի պահում եւ չի գործադրում» 1134:
11. Որ օրէնքով ոչ ոք չի արդարանայ Աստծու առաջ, այդ քաջ յայտնի է, որովհետեւ՝ «Արդարը, - ասում է, - հաւատով է ապրելու»:
12. Իսկ օրէնքը հաւատից չէ. բայց ով կատարի այն, նրանով կ՚ապրի:
13. Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրուած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը, որը կախուած է փայտից»),
14. որպէսզի Աբրահամի օրհնութիւնը Քրիստոս Յիսուսով գայ հեթանոսների վրայ, եւ որպէսզի Սուրբ Հոգու խոստումը մենք ընդունենք հաւատով:

   
ՕՐԷՆՔ ԵՒ ԽՈՍՏՈՒՄ
   

15. Եղբայրնե՛ր, մարդկայնօրէն եմ ասում. նոյնիսկ մարդկանց հաստատած կտակը ոչ ոք չի կարող խափանել եւ ոչ էլ նրա վրայ մի այլ բան աւելացնել:
16. Արդ, խոստումը Աբրահամի՛ն արուեց եւ նրա շառաւիղին. չի ասում՝ շառաւիղներին, չակնարկելու համար շատերին, այլ ակնարկում է մէկին՝ «Եւ քո զաւակին», որ Քրիստոսն է:
17. Ահա՛ թէ ինչ եմ ասում. այն կտակը, որ նախապէս հաստատուել էր Աստծու կողմից
Քրիստոսով 1135, դրանից չորս հարիւր երեսուն տարի յետոյ դրուած օրէնքը չի կարող խախտել, որպէսզի չխափանուի խոստումը:
18. Եթէ ժառանգութիւնը օրէնքից է, ապա այլեւս խոստումից չէ. բայց Աստուած Աբրահամին խոստումո՛վ շնորհեց այն:

   
ՕՐԷՆՔԻ ԴԵՐԸ
   

19. Իսկ արդ, ինչի՞ համար է օրէնքը. օրէնքը տրուեց յանցանքների պատճառով, մինչեւ որ գար այն զաւակը, որին եղած խոստումը հրեշտակների կողմից տրուեց միջնորդի միջոցով:
20. Իսկ միջնորդը ենթադրում է երկու կողմ, մինչդեռ Աստուած մէ՛կ է:
21. Եւ արդ, օրէնքը Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛ւ լիցի. որովհետեւ, եթէ օրէնքը, որ տրուած է, կարո՛ղ լինէր կեանք տալ, ապա հաստատապէս արդարութիւնը օրէնքից կը լինէր:
22. Բայց Սուրբ Գիրքը ամէն ինչ դրեց մեղքի տակ, որպէսզի խոստումը Յիսուս Քրիստոսի հաւատով տրուի հաւատացողներին:
23. Քանի դեռ հաւատը չէր եկել, օրէնքի տակ փակուած էինք մնում՝ սպասելով գալիք այն հաւատին, որ յայտնուելու էր մեր մէջ:
24. Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք:
25. Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք.
26. քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս:
27. Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք.
28. ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս:
29. Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման: