Գիրք` 27. Սուրբ Յովհաննէս Առաքեալի յայտնությունը

Գլուխ 6

ԵՕԹԸ ԿՆԻՔՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
   

1. Տեսայ նաեւ, որ Գառը բացեց եօթը կնիքներից մէկը. եւ չորս կենդանիներից մէկից լսեցի մի ձայն, նման որոտի ձայնի, որ ասում էր՝ գալիս եմ 1249:
2. Եւ ահա տեսայ մի սպիտակ ձի. եւ նա, ով հեծել էր նրա վրայ, աղեղ ունէր. եւ նրան պսակ տրուեց. եւ եկաւ յաղթողը, որ յաղթի:
3. Եւ երբ բացեց երկրորդ կնիքը, մի ձայն լսեցի երկրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ 1250:
4. Եւ ելաւ ուրիշ, մի կարմիր ձի. եւ ով հեծել էր նրա վրայ, նրան արտօնուած էր վերացնել խաղաղութիւնը երկրից, որպէսզի միմեանց սպանեն: Եւ նրան տրուեց մի մեծ սուր:
5. Եւ երբ բացեց երրորդ կնիքը, մի ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ 1251: Եւ տեսայ ահա մի սեւ ձի. եւ ով նստել էր նրա վրայ, իր ձեռքին կշեռք ունէր:
6. Եւ չորս կենդանիների միջից ձայն լսեցի. «Մի կապիճ ցորեն՝ մէկ դենարի, եւ երեք կապիճ գարի՝ մէկ դենարի 1252. եւ ձէթ ու գինուն վնաս չտաս»:
7. Եւ երբ բացեց չորրորդ կնիքը, չորրորդ կենդանուց լսեցի մի ձայն, որ ասում էր՝ գալիս եմ 1253:
8. Եւ տեսայ ահա դեղնաւուն մի ձի. եւ ով նստել էր նրա վրայ, ունէր Մահը. եւ Դժոխքը գնում էր նրա յետեւից: Եւ նրան իշխանութիւն տրուեց աշխարհի մէկ չորրորդ մասի վրայ կոտորած անելու սրով, սովով, մահով եւ երկրի գազաններով:
9. Եւ երբ բացեց հինգերորդ կնիքը, խորանի տակ տեսայ հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանուել էին Աստծու խօսքի եւ այն վկայութեան համար, որ պահում էին:
10. Նրանք ասում էին բարձր ձայնով. «Սո՛ւրբ եւ ճշմարի՛տ Տէր, մինչեւ ե՞րբ պիտի չդատես եւ մեր արեան վրէժը չլուծես երկրի բնակիչներից»:
11. Եւ նրանց տրուեցին սպիտակ զգեստներ. եւ ասուեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչեւ որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահուան պիտի ենթարկուեն, ինչպէս իրենք:
12. Եւ երբ բացեց վեցերորդ կնիքը, տեսայ, որ մեծ երկրաշարժ եղաւ. եւ արեգակը սեւ դարձաւ ինչպէս այծի մազից հիւսուած կարպետը, եւ լուսինն ամբողջովին դարձաւ ինչպէս արիւն:
13. Եւ երկնքի աստղերը թափուեցին երկրի վրայ ինչպէս տերեւը թզենու 1254, որ ուժգին շարժւում է հողմից.
14. եւ երկինքը գալարուեց ինչպէս մագաղաթեայ գիրք. եւ բոլոր լեռներն ու կղզիները շարժուեցին իրենց տեղից:
15. Եւ երկրի թագաւորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզօրներն ու բոլոր ծառաները ու բոլոր ազատները թաքնուեցին քարայրներում եւ ժայռերի ծերպերում:
16. Եւ լեռներին ասում էին՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ.
17. որովհետեւ եկաւ նրա բարկութեան մեծ օրը. եւ ո՞վ կարող է կանգնել նրա առաջ: