Գիրք` 8. Պօղոս Առաքեալի երկրորդ թուղթը կորնթացիներին

Գլուխ 7

ՊՕՂՈՍԻ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ ԶՂՋՄԱՆ ԱՌԻԹՈՎ
   
1. Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով:
2. Հանդուրժեցէ՛ք մեզ, որովհետեւ ոչ ոքի չվնասեցինք, ոչ ոքի չապականեցինք եւ ոչ ոքի չզրկեցինք:
3. Ձեզ դատապարտելու համար չեմ ասում, քանի որ առաջ էլ ասացի, թէ մեր սրտերում էք՝ լինի ձեզ հետ մեռնելու թէ ապրելու համար:
4. Մեծ վստահութիւն ունեմ ձեր հանդէպ. մեծապէս հպարտ եմ ձեզնով. լի եմ մխիթարութեամբ. մեր բոլոր նեղութիւնների մէջ լցուած եմ ուրախութեամբ.
5. որովհետեւ, երբ մենք Մակեդոնիա հասանք, ոչ մի բանով հանգիստ չունեցանք, այլ ամէն կողմից նեղութիւն կրեցինք, քանի որ դրսից պայքարներ էին, իսկ ներսից՝ արհաւիրքներ:
6. Բայց Աստուած, որ մխիթարում է խոնարհներին, մխիթարեց մեզ Տիտոսի գալով.
7. ոչ միայն նրա գալով, այլեւ այն մխիթարութեամբ, որով մխիթարուել էր նա ձեզ մօտ՝ պատմելով մեզ ձեր տենչանքը, ձեր լացուկոծը, ձեր նախանձախնդրութիւնը իմ հանդէպ, այնպէս որ ես է՛լ աւելի ուրախ եղայ:
8. Եւ եթէ ձեզ տխրեցրի էլ այդ թղթով, չեմ զղջում դրա համար, թէպէտեւ զղջացել էի. որովհետեւ տեսնում եմ, որ այդ թուղթը առժամանակ տխրեցրել է ձեզ:
9. Արդ, ուրախ եմ. ոչ որովհետեւ տրտմեցիք, այլ որովհետեւ ապաշխարութեան համար տրտմեցիք, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այնպէս որ մեզնից ոչ մի բանով վնաս չկրեցիք.
10. որովհետեւ տրտմութիւնը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարութիւն է առաջ բերում փրկութեան համար, որը զղջում չի պատճառում. իսկ աշխարհի տրտմութիւնը մահ է առաջ բերում:
11. Արդ, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այդ բանը ի՜նչ փութկոտութիւն արթնացրեց մեր մէջ, կամ ի՜նչ արդարացում կամ սաստ կամ երկիւղ կամ տենչանք կամ նախանձախնդրութիւն կամ վրէժխընդրութիւն. արդարեւ ամէն ինչում դուք ձեզ ցոյց տուիք, թէ մաքուր էք այդ հարցում:
12. Ապա ուրեմն, եթէ ես ձեզ գրեցի էլ, չգրեցի զրկանք պատճառողի եւ ոչ էլ զրկանք կրողի համար, այլ որպէսզի յայտնի լինի Աստծու առաջ մեր նկատմամբ ձեր ունեցած հոգածութիւնը:
13. Ահա թէ ինչու մխիթարուած ենք: Մեր մխիթարութեան վրայ առաւել եւս ուրախացանք Տիտոսի ուրախութեան համար, քանզի նրա հոգին ձեզնից՝ բոլորիցդ հանգիստ էր գտել:
14. Եւ եթէ ձեզանով մի փոքր պարծեցայ նրա առաջ, չամաչեցի. այլ, ինչպէս ամէն ինչ ճշմարտութեամբ խօսեցինք ձեզ հետ, նոյնպէս եւ Տիտոսի առաջ մեր պարծանքը ճշմարիտ եղաւ:
15. Եւ նրա գորովանքը առաւել մեծ է ձեր հանդէպ, երբ յիշեցնում էր 1123 մեզ բոլորի հնազանդութիւնը, թէ ինչպէս երկիւղով եւ դողով էք ընդունել նրան:
16. Եւ արդ, ուրախ եմ, որ ամէն ինչում վստահութիւն ունեմ ձեր վրայ: