Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։15

Ա. Լոպուխին

««Բայց Ղևիի ցեղի քահանաները՝ Սադովկի որդիները, որոնք Իսրայելի որդիների՝ Ինձ ուրանալու ժամանակ մշտապես որպես պահապաններ կանգնեցին Իմ սրբարանի վրա, պիտի մոտենան Ինձ, որպեսզի ծառայեն Ինձ, և պիտի կանգնեն Իմ առաջ, որպեսզի Ինձ ճարպ և արյուն մատուցեն, - ասում է Տեր Աստված»։ [15] (Սինոդական թարգ․)
   

    Հավատուրաց ղևտացիներին հակադրվում են Ղևիի այն սերունդները, որոնք սերում էին Սադովկից (Ահարոնի որդի Եղիազարի հետնորդներից), որի անունն արդեն իսկ նշանակում էր «արդարություն» և որը Սողոմոնի թագավորության հռչակումից հետո հավատարիմ մնաց Դավթին և օծեց Սողոմոնին, ու դա այն դեպքում, երբ Աբիաթար քահանայապետը (Ահարոնի որդի Իթամարի հետնորդը) բռնեց Ադոնիայի կողմը (Գ Թագ. 1:7, 25), ինչի պատճառով էլ զրկվեց քահանայապետությունից: Ահա թե ինչու քահանայապետության «իրավունքն» այդ ժամանակվանից ի վեր անցավ Սադովկին (Գ Թագ. 2:26, 27): Սադովկը կատարեց նաև Սողոմոնի տաճարի առաջին զոհաբերությունը: Դավթի և Սողոմոնի նկատմամբ Սադովկի հավատարմությունը (Գ Թագ. 2:35) ասես երաշխիք էր նաև Սադովկի սերունդների` ճշմարիտ Աստծո հանդեպ հավատարմության համար: Սադովկի որդիները հետագայում էլ` Իսրայելի «ուրացության» ժամանակ (տե՛ս 10-րդ համարի բացատրությունը) «որպես պահապաններ կանգնեցին սրբարանի վրա»: Նրանք մեկ ճշմարիտ Աստծո նկատմամբ աստվածապաշտության օրինականությունը կենտրոնացնում էին միայն Երուսաղեմում և նրա տաճարում (բարձունքում): Դրանից հետևելով` նույնիսկ այժմ էլ նրանք՝ Ղևիի հետնորդները լինելով, «պիտի մոտենան» Տիրոջը` Նրան «ծառայելու» համար (տե'ս Եզեկ. 40:46-րդ համարի բացատրությունը) և «և պիտի կանգնեն Տիրոջ առաջ» (տե'ս 11-րդ համարի բացատրությունը), «որպեսզի Նրան ճարպ և արյուն մատուցեն» (տե'ս 7-րդ համարի բացատրությունը): Տերը նրանց այդ հարցում հավաստիացնում է Իր խոսքով: Քննադատական դպրոցի առաջարկած տեսակետի համաձայն` Եզեկիելն այստեղ կողմնակից է Երուսաղեմի քահանայության (սադովկեցիների)` գավառական («բարձունքների») քահանայության նկատմամբ ունեցած գերազանցությանը, ինչից էլ բխում է  սադովկեցիների քահանայագործության բացառիկ իրավունքի նկատմամբ իր հավակնությունը (նորագույն շրջանի մեկնաբաններից այս տեսակետին են հարում Սմենդը, Բերթոլետը, Կրեչմարը):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) «Իսկ ղեւտացի քահանաները՝ Սադոկի այն որդիները, որոնք պահպանել են իմ սրբութիւնները, երբ Իսրայէլի տունը մոլորուել-հեռացել էր իմ ճանապարհից, - նրանք մերձենալու են ինձ՝ պաշտամունք մատուցելու համար ինձ: Կանգնելու են իմ դիմաց եւ ինձ զոհեր, ճարպ ու արիւն են մատուցելու, - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Բայց ղևտացի քահանաները՝ Սադովկի որդիները, որոնք կատարեցին իմ սրբարանի պահպանությունը, երբ Իսրայելի որդիները մոլորվել էին ինձնից, պիտի մոտենան ինձ՝ ինձ ծառայելու, և պիտի կանգնեն իմ առաջ՝ ինձ ճարպ և արյուն մատուցելու,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Եւ քահանայքն Ղևտացիք որդիքն Սադովկայ որք պահեցին զպահպանութիւնս սրբութեանց իմոց ‘ի մոլորել տանն Իսրայէլի յինէն, նոքա՛ մերձեսցին առ իս պաշտել զիս. և կացցեն առաջի երեսաց իմոց մատուցանել ինձ զոհս և ճարպ և արիւն՝ ասէ Տէր Աստուած։