Ա. Լոպուխին
««Բայց Ղևիի ցեղի քահանաները՝ Սադովկի որդիները, որոնք Իսրայելի որդիների՝ Ինձ ուրանալու ժամանակ մշտապես որպես պահապաններ կանգնեցին Իմ սրբարանի վրա, պիտի մոտենան Ինձ, որպեսզի ծառայեն Ինձ, և պիտի կանգնեն Իմ առաջ, որպեսզի Ինձ ճարպ և արյուն մատուցեն, - ասում է Տեր Աստված»։ [15] (Սինոդական թարգ․)
Հավատուրաց ղևտացիներին հակադրվում են Ղևիի այն սերունդները, որոնք սերում էին Սադովկից (Ահարոնի որդի Եղիազարի հետնորդներից), որի անունն արդեն իսկ նշանակում էր «արդարություն» և որը Սողոմոնի թագավորության հռչակումից հետո հավատարիմ մնաց Դավթին և օծեց Սողոմոնին, ու դա այն դեպքում, երբ Աբիաթար քահանայապետը (Ահարոնի որդի Իթամարի հետնորդը) բռնեց Ադոնիայի կողմը (Գ Թագ. 1:7, 25), ինչի պատճառով էլ զրկվեց քահանայապետությունից: Ահա թե ինչու քահանայապետության «իրավունքն» այդ ժամանակվանից ի վեր անցավ Սադովկին (Գ Թագ. 2:26, 27): Սադովկը կատարեց նաև Սողոմոնի տաճարի առաջին զոհաբերությունը: Դավթի և Սողոմոնի նկատմամբ Սադովկի հավատարմությունը (Գ Թագ. 2:35) ասես երաշխիք էր նաև Սադովկի սերունդների` ճշմարիտ Աստծո հանդեպ հավատարմության համար: Սադովկի որդիները հետագայում էլ` Իսրայելի «ուրացության» ժամանակ (տե՛ս 10-րդ համարի բացատրությունը) «որպես պահապաններ կանգնեցին սրբարանի վրա»: Նրանք մեկ ճշմարիտ Աստծո նկատմամբ աստվածապաշտության օրինականությունը կենտրոնացնում էին միայն Երուսաղեմում և նրա տաճարում (բարձունքում): Դրանից հետևելով` նույնիսկ այժմ էլ նրանք՝ Ղևիի հետնորդները լինելով, «պիտի մոտենան» Տիրոջը` Նրան «ծառայելու» համար (տե'ս Եզեկ. 40:46-րդ համարի բացատրությունը) և «և պիտի կանգնեն Տիրոջ առաջ» (տե'ս 11-րդ համարի բացատրությունը), «որպեսզի Նրան ճարպ և արյուն մատուցեն» (տե'ս 7-րդ համարի բացատրությունը): Տերը նրանց այդ հարցում հավաստիացնում է Իր խոսքով: Քննադատական դպրոցի առաջարկած տեսակետի համաձայն` Եզեկիելն այստեղ կողմնակից է Երուսաղեմի քահանայության (սադովկեցիների)` գավառական («բարձունքների») քահանայության նկատմամբ ունեցած գերազանցությանը, ինչից էլ բխում է սադովկեցիների քահանայագործության բացառիկ իրավունքի նկատմամբ իր հավակնությունը (նորագույն շրջանի մեկնաբաններից այս տեսակետին են հարում Սմենդը, Բերթոլետը, Կրեչմարը):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) «Իսկ ղեւտացի քահանաները՝ Սադոկի այն որդիները, որոնք պահպանել են իմ սրբութիւնները, երբ Իսրայէլի տունը մոլորուել-հեռացել էր իմ ճանապարհից, - նրանք մերձենալու են ինձ՝ պաշտամունք մատուցելու համար ինձ: Կանգնելու են իմ դիմաց եւ ինձ զոհեր, ճարպ ու արիւն են մատուցելու, - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Բայց ղևտացի քահանաները՝ Սադովկի որդիները, որոնք կատարեցին իմ սրբարանի պահպանությունը, երբ Իսրայելի որդիները մոլորվել էին ինձնից, պիտի մոտենան ինձ՝ ինձ ծառայելու, և պիտի կանգնեն իմ առաջ՝ ինձ ճարպ և արյուն մատուցելու,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Եւ քահանայքն Ղևտացիք որդիքն Սադովկայ որք պահեցին զպահպանութիւնս սրբութեանց իմոց ‘ի մոլորել տանն Իսրայէլի յինէն, նոքա՛ մերձեսցին առ իս պաշտել զիս. և կացցեն առաջի երեսաց իմոց մատուցանել ինձ զոհս և ճարպ և արիւն՝ ասէ Տէր Աստուած։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: