Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:24

Հովհաննես Ծործորեցի

Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից.
   
   Այդժամ Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Եթե մեկը կամենում է գալ Իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչն ու գա Իմ հետևից:

   Երբ սաստեց Պետրոսին և կամեցավ ավելի լավ ցույց տալ Պետրոսի արտաբերած խոսքերի անպիտանությունը և Իր չարչարանքներից լինելիք օգուտը, ասաց. «Դու ասում ես. «Թող չպատահի դա Քեզ», իսկ Ես ասում եմ քեզ, որ ոչ միայն Ինձ արգելելով կորստյան կմատնվես, այլև եթե ինքդ էլ միշտ պատրաստ չլինես մեռնելու, չես կարողանա փրկվել»: Եվ չի պարտադրում սա, այլ [մարդու] անձնիշխան կամքին է հանձնում, որովհետև ասում է. «Ով կամենո՛ւմ է գալ Իմ հետևից», դեպի բարին եմ կանչում և ոչ թե չարը, դեպի բարիքները և ոչ թե դեպի տանջանք: Որովհետև ում պարտադրում ու ստիպում են, հաճախ է հետ կանգնում, իսկ ով հոժարությամբ է հանձն առնում, գնում է Կանչողի հետևից: Խնդրանքը բռնությունից զորեղ է: Եթե ոսկի բաշխել կամեցողը ոչ ոքի վրա չի բռնանում, որքա՛ն ավելի [Նա, Ով կամենում է] երկնային բարիքներ բաշխել:

   Եվ որպեսզի չկարծեին, թե [Տիրոջ] հետևից ճանապարհ գնալը բավական է, [Տերն] ասում է՝ մեծ աշխատանքի և շատ տքնության կարիք կա. լինի այր թե կին, իշխան թե իշխանության ենթակա, ով գալու է այդ ճանապարհով, թող ուրանա իր անձը, այսինքն՝ չխնայի իր մարմինը: Թեկուզ տանջեն, կամ հալածեն, կամ անգամ այրեն, չխնայե՛նք [մեզ], այլ ինչպես եթե ուրիշի մարմինը տանջեին կամ հալածեին, այդպես սրտապնդվենք և [չարչարանքը] ոչինչ համարենք:

   Անձի ուրացում է նաև հին մարդուն մերկանալը, որպեսզի հնարավոր լինի ասել. «Կենդանի եմ ո՛չ ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ» (հմմտ. Գաղ. 2։20): Այլև անձի ուրացում է, երբ մեկն իր կամքին ծառայելուց հրաժարվում է, որպեսզի ավելի ինքնասեր չլինի, քան աստվածասեր: Եվ ոչ միայն սա. այլև «իր խաչը պիտի վերցնի»,- ասում է Տերը: Սրանով սովորեցնում է, որ անձի ուրացումն այնքան պիտի լինի, որ նախատինքով ու անեծքով մահն էլ հանձն առնենք և այն միշտ մեզ հետ կրելով տանենք՝ Տիրոջ չարչարալից մահվան նմանությունն ունենալով [մեր] մեջ, որպեսզի Նրա կյանքը ևս թագավորի մեր մեջ 855, և առաքինությամբ ու ժուժկալությամբ՝ բերկրանքով ընթանանք Նրա յուղերի բուրմունքի հետևից 856, ինչպես որ Տերն [Իր մահը] «բաժակ» կոչեց 857: Իսկ Պողոսն [ասում է]. «Աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի» (Գաղ. 6։14), և՝ «Քա՛վ լիցի, որ պարծենամ մեկ այլ բանով, քան Քրիստոսին խաչակից լինելով» (հմմտ. Գաղ. 6։14):

   Ասելով «թող Իմ հետևից գա»՝ [Տերը] մեկ այլ իմաստ էլ է ավանդում: Քանի որ շատ չարչարանքներ են կրում ավազակները, գերեզմանակրկիտները, կախարդներն ու գողերը, որոնց նաև խաչում են, ապա, որպեսզի չկարծվեր, թե միայն չարչարանքը բավական է, ավելացրեց նաև չարչարանքի պատճառը, [այսինքն]՝ որ այն ամենը Նրա հետևորդը լինելու պատճառով պիտի անեն և բոլոր վշտերը Նրա համար կրեն, ինչպես երբ ասում էր. «Եթե նախատեն ձեզ Ինձ համար, երանելի եք» (հմմտ. Մատթ. 5։11):
   

Ստեփանոս Սյունեցի

Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից.
   
   «Այն ժամանակ Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա Իր անձը, վերցնի Իր խաչը և գա իմ ետևից»:
   Ով մերկանում է հին մարդուց, և ինքն իրեն ուրանալով ասում. «Կենդանի եմ [այսուհետև, բայց] ոչ [թե] Ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղ. 2։20), [այսպիսին] վերցնում է իր խաչը և գնում Քրիստոսի ետևից՝ [համաձայն հետևյալ խոսքի]. «Աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի» (Գաղ. 6։14):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից.

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:20