Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Այդ ժամանակ Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, և վերցնի իր խաչն ու գա Իմ հետևից»»։
«Այդ ժամանակ» - այսինքն ե՞րբ․ ա՛յն բանից հետո, երբ Պետրոսն ասաց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող Քեզ այդպիսի բան չպատահի», և ստացավ հետևյալ պատասխանը. «Հեռո՛ւ Ինձնից, սատանա՛»։ Տերը չբավարարվեց միայն արգելքով, այլ, ցանկանալով լիովին ցույց տալ Պետրոսի խոսքերի անտեղիությունը և տառապանքի օգուտը, հավելեց. «Դու Ինձ ասում ես. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող Քեզ այդպիսի բան չպատահի»։ Իսկ Ես քեզ ասում եմ, որ քեզ համար ոչ միայն վնասակար և կործանարար է Ինձ խոչընդոտելն ու Իմ տառապանքի համար վշտանալը, այլև նույնիսկ դու ինքդ չես կարող փրկվել, եթե մշտապես պատրաստ չլինես մեռնելու»։ Եվ որպեսզի աշակերտները Քրիստոսի մասին չմտածեին, թե Նրա համար տառապելն անպատվաբեր է, ուստի Հիսուս տառապանքի օգտի մասին խրատում է ոչ միայն վերևում հիշատակված խոսքերով, այլև հետևյալ բացատրություններով․ այսպես, Հովհաննեսի Ավետարանում Հիսուս ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ. 12:24)։ Այսպիսով, այստեղ, լիովին բացահայտելով տառապանքի օգուտը, մահվան անխուսափելիության վերաբերյալ ասված խոսքերը տարածում է ոչ միայն անձամբ Իր, այլև Իր աշակերտների վրա։ Այս սխրանքի օգուտն այնպիսին է, որ ձեզ համար նույնպես մեռնել չցանկանալը կործանարար է, իսկ ահա մահվանը պատրաստ լինելը՝ բարիք։ Սակայն Քրիստոս այս խորհուրդն ամբողջովին բացատրում է միայն հետո, իսկ այժմ բացահայտում է գեթ մասամբ։ Եվ նկատի՛ր, թե սա ասելով, Հիսուս ինչպես ոչ ոքի չի հարկադրում ու չի ասում, թե՝ դուք կամա թե ակամա պետք է գնաք այդ տառապանքին։ Իսկ ի՞նչ ասաց. «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ․․․Ես չեմ ստիպում, չեմ հարկադրում, այլ դա թողնում եմ յուրաքանչյուրի սեփական կամքին։ Դրա համար էլ ասում եմ. «Եթե մեկը կամենում է․․․»։ Ես կանչում եմ դեպի բարին, և ոչ դեպի չարիքն ու դժվարությունը, ոչ դեպի պատիժ ու տանջանք, որի դեպքում Ես ստիպված կլինեի հարկադրել դա ձեզ։ Ինչին որ ձեզ կանչում եմ, ինքնին այնպիսի մի բարիք է, որ կարող է ձեզ գրավել»։ Այսպես ասելով՝ Քրիստոս էլ ավելի ուժգին էր մղում Իր հետևից գնալուն։ Ով հարկադրում է, այդպիսով հաճախ վանում է, իսկ ով ունկնդրին ազատություն է տալիս, ավելի է գրավում դեպի իրեն։ Հեզ վերաբերմունքն ավելի ազդեցիկ է, քան հարկադրանքը։ Դրա համար էլ Քրիստոս ասաց. «Եթե մեկը կամենում է․․․»։ Մեծ են այն բարիքները, - ասում է Նա, - որոնք Ես ձեզ եմ տալիս, - այնքա՜ն մեծ, որ դուք ինքներդ հոժարությամբ կձգտեք դրանց։ Ով ոսկի է տալիս և գանձ առաջարկում, նա բռնություն չի գործադրում։ Իսկ եթե այդ հիշյալ բարիքների դեպքում բռնություն գործադրելու կարիք չկա, ապա առավել ևս դա անհրաժեշտ չէ երկնայի՛ն բարիքների դեպքում։ Եթե բարիքի հատկությունն ինքնին քեզ չի մղում այդ բարիքին ձգտելուն, ապա ուրեմն դու արժանի չես այն ստանալուն, իսկ եթե ստանաս էլ, չես իմանա ստացվածի գինը։ Դրա համար էլ Քրիստոս չի հարկադրում, այլ ներողամտորեն համոզում է մեզ։ Քանի որ աշակերտները, խռովվելով Հիսուսի խոսքերից, ըստ երևույթին, առանձին եղած ժամանակ շատ էին տրտնջում, ուստի Հիսուս ասում է՝ «չպետք է տրտնջալ և խռովվել։ Եթե դուք չեք հավատում, որ այն, ինչի մասին Ես ասացի, անթիվ բարիքների պատճառ կդառնա և դա կպատահի ձեզ, ուրեմն Ես չեմ ստիպում, չեմ հարկադրում, այլ ով ցանկանում է հետևել, նրա՛ն եմ կանչում։ Ինձ հետևելն այն մի՛ կարծեք, ինչ այժմ էլ անում եք՝ Իմ հետևից քայլելով։ Եթե ցանկանում եք Իմ հետևից գալ, ապա ձեզ հարկավոր է շատ ջանք գործադրել ու շատ վտանգների միջով անցնել։ Պետրո՛ս, մի՛ կարծիր, թե, քանի որ դու դավանեցիր Ինձ որպես Աստծու Որդի, միայն դրա շնորհիվ կարող ես պսակներ ակնկալել։ Դա բավարար մի՛ համարիր քո փրկության համար և մի՛ հանգստացիր դրանով այնպես, կարծես թե ամեն ինչ արդեն իսկ արել ես։ Ես, որպես Աստծու Որդի, կարող եմ այնպես անել, որ դու փորձությունների չենթարկվես, բայց չեմ ցանկանում դա քեզ համար, որպեսզի դու անձնապես էլ մի սխրանք գործես և որպեսզի այդպիսով էլ ավելի մեծ գովեստի արժանանաս։ Ինչպե՞ս է հնարավոր, որ մրցության կազմակերպիչը, լինելով մարզիկներից մեկի ընկերը, նրան պսակի միայն բարեհաճության ուժով՝ առանց այդ մարզիկի որևէ վաստակի, այլ միայն այն պատճառով, որ սիրում է նրան։ Այդպես էլ Քրիստոս ցանկանում է, որ նրանք, ում Տերը հատկապես սիրում է, ինքնուրույնաբար, և ոչ թե միայն Իր օգնությամբ փառքի արժանանան։ Տե՛ս ուրեմն, որ այդքան էլ դժվար չէ Փրկչի առաջադրած պատվիրանը։ Հիսուս ոչ թե Իր աշակերտներին փորձության է մատնում, այլ համընդհանուր պատվիրան է տալիս բոլորի համար՝ ասելով. «Եթե մեկը կամենում է»՝ կին լինի, թե ամուսին, պետ լինի, թե ենթակա, ամեն ոք պետք է հետևի այս ուղուն։ Եվ թեև, ըստ երևույթին, Քրիստոս խոսում է միայն մեկ պատվիրանի մասին, բայց նկատի ունի երեք գործողություն. ուրանալ սեփական անձը (ինքն իրենից հրաժարվել), խաչը վերցնել և հետևել Իրեն։ Երկուսը միմյանց հետ շաղկապված են, իսկ մեկը նրանցից առանձին է։ Այսպիսով, առաջին հերթին տեսնենք, թե ի՛նչ է նշանակում ինքն իրենից հրաժարվելը։ Նախ պետք է ուսումնասիրենք, թե ինչ է նշանակում մեկ ուրիշից հրաժարվելը, և այդ ժամանակ կիմանանք նաև, թե ինչ է նշանակում՝ ինքն իրենից հրաժարվել։ Այսպիսով, մեկ ուրիշից հրաժարվելը ո՞րն է։ Մեկ ուրիշից, ինչպես, օրինակ, սեփական եղբորից, ստրուկից, կամ էլ, առհասարակ, որևէ մեկից հրաժարվողը, թեկուզ և տեսնի, որ այդ մեկին ծեծում կամ շղթյակապ են անում կամ էլ մահվան են մատնում, և կամ՝ ինչ-որ այլ կերպ տանջում են, չի բարեխոսի նրա համար, չի պաշտպանի, չի կարեկցի, որևէ հաղորդակցություն չի ունենա նրա հետ՝ այնպես, կարծես այդ մեկն իրեն ամբողջովին օտար է։ Քրիստոս ուզում է, որ ճիշտ այդ նույն կերպ էլ մենք չխնայենք մեր մարմինը․ լինի ծեծ, թե հալածանք, հրկիզում, թե ինչ-որ այլ տանջանք, միևնույն է, մի՛ խնայիր քեզ։ Հենց սա է նշանակում՝ «մի խնայիր քեզ» պատգամը։ Հայրերը նույնպես, իրենց զավակների հանդեպ հոգածությունն են ցույց տալիս ա՛յն ժամանակ, երբ սեփական երեխաներին ուսուցիչների խնամքին հանձնելով՝ պատվիրում են չխնայել նրանց։ Այդպես էլ անում է Քրիստոս։ Նա չասաց՝ «թող ինքն իրեն չխնայի», այլ, ինչը շատ ավելի զորավոր է, - «թող հրաժարվի ինքն իրենից», այսինքն՝ թող ինքն իր հետ ընդհանուր ոչինչ չունենա, այլ թող մատնի իրեն վտանգների ու սխրանքների և դրանք հաղթահարի այնպես, ասես մեկ ուրիշն է ենթարկվում այդ ամենին։ Քրիստոս չասաց՝ «թող մերժի» (αρνησασθω), այլ՝ «թող հրաժարվի» (απαρνησασθω-ուրանա), և այս փոքրիկ մանրամասնությամբ մեծ զորություն հաղորդեց Իր խոսքերին, քանի որ վերջինն ավելի արտահայտիչ է, քան առաջինը։
«Եվ վերցնի իր խաչը․․․» - այս մի պատգամը հետևում է առաջինից։ Որպեսզի դու չկարծես, թե ինքդ քեզնից հրաժարվելով պետք է կրես միայն բանավոր վիրավորանքներ ու հանդիմանություններ, Հիսուս գծանշում է այն սահմանը, մինչև ուր պետք է հասնի ինքնահրաժարումը, և այդ սահմանը հենց մահն է, ու այն էլ՝ նախատինքով ուղեկցվող մահը։ Ահա թե ինչու Քրիստոս չասաց՝ «թող ուրանա իր անձը» մինչև մահ, այլ՝ «վերցնի իր խաչը»՝ նկատի ունենալով նախատինքով ուղեկցվող մահը, որը, ի դեպ, ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ ողջ կյանքի ընթացքում տեղի ունեցող մի գործողություն է։ «Անդադար մահն աչքիդ առջև ունեցիր, - ասում է Նա, - և ամեն օր պատրաստ եղիր զոհաբերության։ Շատերը, թեև արհամարհեցին հարստությունը, հաճույքները և փառքը, բայց չարհամարհեցին մահը, այլ վախեցան վտանգներից. դրա համար էլ Ես կամենում եմ, - ասում է Հիսուս, - որ Իմ մարտիկը մարտնչի մինչև արյան վերջին կաթիլը, և նրա սխրանքները շարունակվեն մինչև ինքնազոհաբերության սխրագործությունը»։ Այսպիսով, եթե անհրաժեշտ լինի մահվան մատնվել, և այն էլ՝ ամոթալի մահվան, մի այնպիսի մահվան, որը կմենկաբանվի որպես անեծքի և չար գործերի հետևանք լինելու կասկածով, ապա, միևնույն է, բոլոր դեպքերում ամեն ինչ պետք է կրել քաջությամբ և նույնիսկ ուրախանալ դրանով։ «Եվ հետևիր Ինձ»։ Քանի որ կարող է լինել մեկը, որը թեպետ տառապում է, սակայն դրանով հանդերձ՝ չի հետևում Նրան, որովհետև չի տառապում հանուն Քրիստոսի (չէ՞ որ, օրինակ, թե՛ ավազակները, թե՛ գերեզմանահատները և թե՛ կախարդները ևս շատ ծանր տանջանքներ են կրում), ուստի, որպեսզի դու չմտածես, թե տառապանքներն ինքնին բավական են՝ անկախ դրանց առաջացման պատճառից, Հիսուս ավելացնում է, թե ի՛նչը պետք է լինի տառապանքների պատճառը։ Ուրեմն ի՞նչը։ Ինչ էլ որ անես, ինչ էլ կրես, հետևի՛ր Քրիստոսին, ամեն ինչ հանուն Նրա կրիր և պահպանիր մյուս առաքինությունները։ «Եվ հետևիր Ինձ» խոսքերում ներառված է նաև այն, որ դու փորձությունների ժամանակ ցուցաբերես ոչ միայն քաջություն, այլև ողջախոհություն, և հեզություն, ու անսասան պահես քո բոլոր առաքինությունները։ Հենց սա է նշանակում՝ ինչպես հարկն է հետևել Քրիստոսին, այսինքն՝ ձգտել առաքինի գործերի և ամեն ինչ հանուն Աստծու կրել։ Կան մարդիկ, որոնք, սատանային հետևելով, նույն տառապանքին են ենթարկվում և հանուն սատանայի հանձնում իրենց հոգիները, մինչդեռ մենք ամեն դժվարության դիմադրում ենք Քրիստոսի՛ համար, կամ, ավելի ճիշտ ասած՝ ինքներս մեզ համար։ Սատանային հետևողներն աննահանջաբար վնասում են իրենց թե՛ այստեղ, և թե՛ այնտեղ։ Իսկ ահա մենք օգուտ ենք ստանում և՛ այս, և՛ գալիք կյանքում։ Այսպիսով, մի՞թե ծայրահեղ անփութություն չի լինի մեր կողմից՝ այնպիսի քաջություն չցուցաբերելը, ինչպիսին ցուցաբերում են կորստյան մատնվողները, և այն էլ տվյալ պարագայում, որ մեզ համար այդքա՜ն պարգևներ են պատրաստված։ Բացի այդ, մեզ օգնում է Քրիստոս, իսկ նրանց՝ ոչ ոք։ Ավելի վաղ, երբ Հիսուս քարոզության էր ուղարկում Իր աշակերտներին, նրանց պատվիրեց՝ ասելով. «Հեթանոսների շրջաններով չգնա՛ք», «ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ» և «ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ» (Մատթ. 10:5, 16, 18)։ Իսկ այժմ պատվիրում է շատ ավելի սաստիկ և խստորեն։ Այն ժամանակ խոսում էր միայն մահվան մասին, իսկ այժմ հիշատակում է նաև խաչի մասին, և այն էլ՝ հավիտենական խաչի մասին. «Եվ վերցրու, - ասում է Նա, - քո խաչը», - այսինքն՝ անդադար պահի՛ր և կրի՛ր այն։ Քրիստոս մշտապես հենց այդպես էլ վարվում էր. ո՛չ ամենասկզբում, ո՛չ Իր առաջին խրատների ժամանակ, այլ աստիճանաբար և քիչ-քիչ առաջարկում էր առավել դժվար իրագործելի պատվիրանները, որպեսզի չխռովեր Իր ունկնդիրներին։
«Այդ ժամանակ Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, և վերցնի իր խաչն ու գա Իմ հետևից»» - Եվ տե՛ս, թե Հիսուս ինչպես է խոսում՝ ոչ ոքի որևէ մի հարկադրանքի չենթարկելով։ Նա չասաց՝ «ուզում եք, թե ոչ, միևնույն է, դուք պարտավոր եք սա կրել»։ Այլ այսպես ասաց՝ «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ․․․Ես բռնություն չեմ գործադրում, չեմ հարկադրում, այլ ամեն մեկին իր ընտրության տերն եմ դարձնում, ինչի համար էլ ասում եմ. «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ»։ Կանչում եմ դեպի այն, ինչը գեղեցիկ ու պատվավոր է, այլ ոչ դեպի վատն ու ատելին, ոչ դեպի պատիժը և տանջանքը, այլ դեպի Երկնային արքայություն և Երկնային կյանք․․․
«Եվ վերցնի իր խաչը» - Տեսա՞ր, թե երկնային Թագավորն ինչպես զինեց Իրեն հետևող զինվորին։ Նա չտվեց վահան, չտվեց սաղավարտ, ոչ էլ աղեղ կամ զրահ, ո՛չ սրունքապանակներ, ո՛չ էլ նման որևէ այլ բան, այլ տվեց այն, ինչն ավելի ամուր է այս բոլորից՝ ա՛յն ապահովությունը, որը բխում է խաչից՝ դևերի հանդեպ հաղթանակի այդ նշանից։ Սա է սուրը, սա է վահանը, սա է զրահը, սա է սաղավարտը, սա է սրունքապանակը, սա է հուսալի պաշտպանությունը, սա է նավահանգիստը, սա է ապաստանը, սա է պսակը, սա է հաղթանակի պարգևը, սա է ինչպես ներկա, այդպես էլ երբևէ լինելիք բոլոր բարիքների գանձարանը։ Ինչպես մի զորավար, զորեղ զենք վերցնելով, այն իր զինվորներին է տալիս, այնպես էլ Քրիստոս է անում։ «Նայեցե՛ք, - ասում է Նա, - թե ինչ գործեց Իմ Խաչը. դուք էլ վերցրեք այդ նույն զենքը և կատարեք այն, ինչ ցանկանում եք»։ Իսկ մեկ այլ դեպքում Հիսուս խոստանում է նույնիսկ ասվածից էլ ավելին՝ ասելով. «Ով հավատում է Ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ Ես եմ անում. և դրանցից ավելի մեծերը կանի․․․» (Հովհ. 14:12)։ Իսկ ի՞նչ է նշանակում այս խոսքը. «Վերցրո՛ւ քո խաչը և արի՛ Իմ հետևից»։ Մի՞թե այն, որ մեզանից յուրաքանչյուրը փայտ կրի։ Ամենևին ոչ։ Դրանում որևէ առաքինություն չկա։ Այլ Քրիստոսի խոսքը նշանակում է, որ մենք պետք է տրամադրված լինենք վտանգներ կրելուն՝ «մեր հոգիներում արյուն ունենալով», պատրաստ լինենք զոհաբերության ենթարկվելու և ամենօրյա մահվանը՝ ամեն ինչ անելով այնպես, կարծես անխուսափելի մահվան դատապարտված լինելով՝ մենք արդեն իսկ հույս էլ չունենք, որ մեր կյանքը մինչև երեկո շարունակվելու է։ Հենց սա էր ասում Պողոս առաքյալը. «Ես մեռնում եմ ամեն օր» (Ա Կորնթ. 15:31)։ Մի՞թե բնությունից քեզ միայն մեկ մահ չի տրվել։ Այո՛, սակայն, եթե ցանկանում ես, կարելի է բազում անգամներ մեռնել հանուն Քո Տիրոջ․․․
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից.
Այդժամ Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Եթե մեկը կամենում է գալ Իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչն ու գա Իմ հետևից:
Երբ սաստեց Պետրոսին և կամեցավ ավելի լավ ցույց տալ Պետրոսի արտաբերած խոսքերի անպիտանությունը և Իր չարչարանքներից լինելիք օգուտը, ասաց. «Դու ասում ես. «Թող չպատահի դա Քեզ», իսկ Ես ասում եմ քեզ, որ ոչ միայն Ինձ արգելելով կորստյան կմատնվես, այլև եթե ինքդ էլ միշտ պատրաստ չլինես մեռնելու, չես կարողանա փրկվել»: Եվ չի պարտադրում սա, այլ [մարդու] անձնիշխան կամքին է հանձնում, որովհետև ասում է. «Ով կամենո՛ւմ է գալ Իմ հետևից», դեպի բարին եմ կանչում և ոչ թե չարը, դեպի բարիքները և ոչ թե դեպի տանջանք: Որովհետև ում պարտադրում ու ստիպում են, հաճախ է հետ կանգնում, իսկ ով հոժարությամբ է հանձն առնում, գնում է Կանչողի հետևից: Խնդրանքը բռնությունից զորեղ է: Եթե ոսկի բաշխել կամեցողը ոչ ոքի վրա չի բռնանում, որքա՛ն ավելի [Նա, Ով կամենում է] երկնային բարիքներ բաշխել:
Եվ որպեսզի չկարծեին, թե [Տիրոջ] հետևից ճանապարհ գնալը բավական է, [Տերն] ասում է՝ մեծ աշխատանքի և շատ տքնության կարիք կա. լինի այր թե կին, իշխան թե իշխանության ենթակա, ով գալու է այդ ճանապարհով, թող ուրանա իր անձը, այսինքն՝ չխնայի իր մարմինը: Թեկուզ տանջեն, կամ հալածեն, կամ անգամ այրեն, չխնայե՛նք [մեզ], այլ ինչպես եթե ուրիշի մարմինը տանջեին կամ հալածեին, այդպես սրտապնդվենք և [չարչարանքը] ոչինչ համարենք:
Անձի ուրացում է նաև հին մարդուն մերկանալը, որպեսզի հնարավոր լինի ասել. «Կենդանի եմ ո՛չ ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ» (հմմտ. Գաղ. 2։20): Այլև անձի ուրացում է, երբ մեկն իր կամքին ծառայելուց հրաժարվում է, որպեսզի ավելի ինքնասեր չլինի, քան աստվածասեր: Եվ ոչ միայն սա. այլև «իր խաչը պիտի վերցնի»,- ասում է Տերը: Սրանով սովորեցնում է, որ անձի ուրացումն այնքան պիտի լինի, որ նախատինքով ու անեծքով մահն էլ հանձն առնենք և այն միշտ մեզ հետ կրելով տանենք՝ Տիրոջ չարչարալից մահվան նմանությունն ունենալով [մեր] մեջ, որպեսզի Նրա կյանքը ևս թագավորի մեր մեջ (Բ Կոր. 4։9-11), և առաքինությամբ ու ժուժկալությամբ՝ բերկրանքով ընթանանք Նրա յուղերի բուրմունքի հետևից (Երգ 1։3), ինչպես որ Տերն [Իր մահը] «բաժակ» կոչեց (Մատթ. 20։22, 26։39): Իսկ Պողոսն [ասում է]. «Աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի» (Գաղ. 6։14), և՝ «Քա՛վ լիցի, որ պարծենամ մեկ այլ բանով, քան Քրիստոսին խաչակից լինելով» (հմմտ. Գաղ. 6։14):
Ասելով «թող Իմ հետևից գա»՝ [Տերը] մեկ այլ իմաստ էլ է ավանդում: Քանի որ շատ չարչարանքներ են կրում ավազակները, գերեզմանակրկիտները, կախարդներն ու գողերը, որոնց նաև խաչում են, ապա, որպեսզի չկարծվեր, թե միայն չարչարանքը բավական է, ավելացրեց նաև չարչարանքի պատճառը, [այսինքն]՝ որ այն ամենը Նրա հետևորդը լինելու պատճառով պիտի անեն և բոլոր վշտերը Նրա համար կրեն, ինչպես երբ ասում էր. «Եթե նախատեն ձեզ Ինձ համար, երանելի եք» (հմմտ. Մատթ. 5։11):
Ստեփանոս Սյունեցի (†735)
Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից.
«Այն ժամանակ Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա Իր անձը, վերցնի Իր խաչը և գա իմ ետևից»:
Ով մերկանում է հին մարդուց, և ինքն իրեն ուրանալով ասում. «Կենդանի եմ [այսուհետև, բայց] ոչ [թե] Ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղ. 2։20), [այսպիսին] վերցնում է իր խաչը և գնում Քրիստոսի ետևից՝ [համաձայն հետևյալ խոսքի]. «Աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի» (Գաղ. 6։14):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:20
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: