Մաղաքիա արք. Օրմանյան
12-21. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կ՚անի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կ՚անի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ: Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդումիջոցով»: «Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները. եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի: Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ: Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի էք լինելու: Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ. ու ես՝ ձեր մէջ: Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»:
Թովմասի և Փիլիպպոսի ընդհատումներին բավարարություն և հարցումներին պատասխան տալուց հետո, Հիսուս շարունակում է Իր կտակի քարոզի ընդհատված խոսքը և Իր նպատակին, այսինքն՝ առաքյալներին ոգևորելու, մխիթարելու և քաջալերելու համար նորանոր փաստեր է բերում կամ խոստումներ նշում։ Դրանցից առաջինը վերադառնալու և Երկնավոր Հոր օթևանը տանելու խոստումն էր, երկրորդը՝ ապագայում ընդարձակ գործունեության հաջողությունը, որը այս պահից կարող էր առաքյալներին ոգևորել։ «Հաստատ իմացեք, - ասում է Հիսուս, - և ես վստահեցնում եմ ձեզ, որ իմ մեկնելուց հետո էլ, ով ինձ հետ կապված է հավատով, պիտի կարողանա լրիվ կատարել բոլոր այն գործերը, որոնք ես եմ կատարել և, նույնիսկ, իմ գործերից ավելի մեծ գործեր կկատարի։ Կարևոր էչ, որ ես ձեզ հետ չլինեմ, որովհոտև ես իմ Երկնավոր Հոր մոտ եմ գնալու և ինչի կարիքը որ կունենաք, իմ անունից խնդրեք և ինչ որ խնդրեք, ես Երկնավոր Հորս կմիջնորդեմ և ձեզ համար կընդունեմ, որպեսզի ներկայիս նման այն ժամանակ էլ Մարդու Որդու փառքը շարունակվի և Երկնավոր Հայրը Որդիով փառավորվի»:
Քաջալերանքի այս երկրորդ փաստն իրոք կարող էր չափազայց մեղմացնել առաքյալների՝ առանց Հիսուսի մնալու ցավն ու տարակուսանքը, երբ վստահ լինեին, թե Հիսուս, մոտ կամ հեռու լինելով, միշտ նույն ձևով պիտի պաշտպաներ և օգներ նրանց։ Հիսուսի այդ խոսքերի մեջ ուշադրության արժանի է այն կետը, որ նա խոստանում է, թե մարդը Հիսուսի գործերից ավելի մեծ գործեր կարող է կատարել։ Եթե դա պարզապես հռետորական չափազանցություն չհամարենք, ապա պետք է այն մեկնաբանենք որպես առաքելական գործունեության ընդարձակման վերաբերյալ, որը տարածվեց ողջ աշխարհում, մինչ երբ Հիսուսի գործունեությունն ամփոփվեց միայն Պաղեստինում։ Իսկ հրաշքների մեծության կամ փոքրության համեմատությունը անտեղի ենք համարում, քանի որ դրանք բոլորն էլ գերբնական զորության արդյունք են։
Այս դեպքում տեղին ենք համարում նշել, որ Հիսուն՝ թեև Իր կտակի քարոզով ինչքան էլ Իր առաքյալնեին քաջալերելու նպատակ ունի, սակայն դա չէ ողջ նպատակը։ Հիսուս նկատի ունի բոլոր դարերի Իր աշակերտներին և հետևորդներին և նրանց բոլորին է ուղղում իր ոգևորող հորդորանքները։ Ինքը՝ Հովհաննես առաքյալն էլ, որ բոլոր առաքյալների մահից հետո գրում էր իր Ավետարանը և Եկեղեցին էլ բավականին ընդարձակվել էր ու նոր հովիվներ և համայնքներ էին հանդես եկել՝ գրի առնելով Հիսուսի գեղեցիկ քաջալերանքները, նպատակ ուներ ոգևորել Եկեղեցու իրեն ժամանակակաից պաշտոնյաներին ու հավատացյալներին և այդ նպատակով էլ մանրամասնորեն գրի էր առնում Հիսուսի վերջին ազդեցիկ խոսքերը։
Մի երկրորդ քաջալերիչ փաստ էլ է ավելացնում Հիսուս և ասում է․ «Եթե իրավ ինձ սիրում եք և կմնաք ինձ հավատարիմ և իմ բոլոր պատվիրանները ճշմարտությամբ պահեք, ես էլ Երկնավոր հորից կխնրեմ, որ իմ փոխարեն մեկ այլ մխիթարիչ ուղարկի, որը երբեք ձեզանից չհեռանա և մինչև վերջ մնա ձեզ հետ։ Այդ նոր մխիթարիչը Սուրբ Հոգին է, ճշմարտության հոգին, որին աշխարհիկները անարժան են ընդունելու, քանի որ չեն ցանկանում տեսնել ու ճանաչել, իսկ դուք, որ հետևում եք Երկնքի Առաքելությանը, աշակերտում եք Ավետարանին, նրան ճանաչեցիք, ուրեմն և արժանի եղաք նրան ընդունել, պիտի կարողանաք այն ընդունել և միշտ ձեզ մոտ պահել, և նա էլ ձեզանից չի հեռանա»։
Հնարավոր չէ Հիսուսի այս խոստումը բացառապես Սուրբ Հոգու գալստյան և պենտեկոստեի օրվա փաստով մեկնաբանել, չնայած նրան, որ այն՝ Հոգու ազդեցության առաջին և զգալի նշանը եղավ։ Հիսուսի Սուրբ Հոգին նրանց հետ պիտի մնա և բնակվի «», և այս հանգամանքը ոչինչ է Սուրբ Հոգու աղդեցության և հովանավորության իմաստը ճշտելու համար։ Սուրբ Հոգին այստեղ Մխիթարիչ է անվանվում և դա համապատասխանում է առաքյալներին մխիթարելու Հիսուսի նպատակին, բայց քանի որ այստեղ մխիթարությունն իրական և գործնական նպատակով է վերցվում, մխիթարիչ անունն էլ միաժամանակ առաքյալների համար անմիջական և հավատացյալների համար միջնորդաբար պարունակում է պաշտպանի, հովանավորի, օգնականի, խրատատուի, ուսուցչի և սփոփողի իմաստները։ Իսկապես, ոգևորության և վստահության մեծ փաստ է այն, որ բոլորը միշտ պիտի ստույգ վայելեն աստվածային Հոգու օժանդակությունն ու շնորհները։
Մխիթարության և ոգևորության փաստերը նշելիս Հիսուս ավելացնում է չորրորդ փաստը և ասում է․ «Մի մտածեք, ձեզ որբ և բոլորովին լքված չեմ թողնի։ Նորից կգամ ձեզ մոտ։ Իրոք, քիչ հետո աշխարհն ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կտեսնեք, քանի որ ես ողջ եմ լինելու և դուք էլ ողջ պիտի մնաք։ Այդ օրը իրար պիտի տեսնենք, պիտի իմանանք ու պիտի համոզվենք, որ Հորս հետ, դուք ինձ հետ, ես ձեզ հետ միացած, բոլորս իրար կապված ու միացած պիտի լինենք։ Այդ միության կապը սերն է և սիրո նշանը պատվիրանները պահելն է․ նա, ով պահում է իմ պատվիրանները, նա սիրում է ինձ և նա, ով ինձ սիրում է, նա կսիրվի նաև Երկնավոր Հոր կողնից, ես էլ նրան կսիրեմ և նրան ինքս ինձ կհայտնեմ»։ Քաջալերության այս չորրորդ փաստը, ինչպես հայտնի է բացատրություններից, տարբերվում է առաջին փաստից։ Այնտեղ խոսվում է վերջին ժամանակներում վերադառնալու և առաքյալներին միասին տանելու մասին, այստեղ առաքյալների կենդանության օրոք, այս աշխարհում Հիսուսի նրանց հայտնվելու մասին է խոսվում և եթե ընդարձակենք խոսքի նպատակը, ապա այստեղ խոսքը գնում է ընտրյալներին շնորհվող հայտնության մասին։ Ոմանք ցանկացան այդ հայտնությունները սրբերից ոմանց ժամանակ առ ժամանակ առանձին հրաշքների երևումներով մեկնաբանել, սակայն դա չէր կարող լինել Հիսուսի բուն նպատակը, որը գլխավորապես Իր խոսքն ուղղում էր առաքյալներին։ Ոմանք այն մեկնաբանեցին հոգևոր և ներքին հայտնությամբ, որը զգում են ընտրյալների հոգիները՝ իրենց մեջ տպավորված տեսնելով Հիսուսի ներկայությունը, որը կարծես տիրում է իրենց սրտին ու հոգուն և իշխում է ու թագավորում է ներքին մարդու վրա։ Այս մեկնությանը նպաստում են այն պայմանները, որ Հիսուս հիշում է սիրո և պատվիրանապահության կապը բացատրելու ժամանակ, ընդունելով և՛ Հոր և՛ Որդու և՛ ընտրյալների մեջ փոխադարձ ներքին միավորությանը։ Սայան չպետք է բոլորովին օտար և անտեղի համարենք այդ չորրորդ փաստի մեջ լռելյայն ու անուղղակի կերպով տեսնել ակնարկը իր հարության մասին։ Մի փոքր ժամանակ ցավ ու տագնապ կրելուց հետո, առաքյալները պետք է հանդարտվեն, վերակենդանացած Հիսուս պիտի հայտնվի ոչ բոլոր մարդկանց, այլ՝ յուրայիններին, ովքեր, այդ երևույթով քաջալերված, սերը պիտի ավելացնեն և գործի պիտի դնեն պատվիրանները։ Այլ տեղերից էլ գիտենք, որ Հիսուս Իր առաքյալներին ասել էր Իր հարության խոսքը և այս կարևոր առիթով չպետք է լռեր, քանի որ առաքյալներին ոգևորելու շատ հարմար և շատ հզոր փաստ էր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: