Հովհաննես Ծործորեցի
Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»:
Եվ մի փոքր առաջ գնալով` երեսի վրա ընկավ և աղոթեց` ասելով:
Ղուկասն ասում է. «Մի քարընկեցի չափով հեռացավ, ծնրադրեց և աղոթեց» (Ղուկ. 22։41): Կամ աշակերտներից, կամ էլ տրտմությունից առաջ գնաց, որովհետև, ինչպես ասացի, երբ կամենում էր, հրավիրում էր [կրքերը], և երբ կամենում` հեռացնում [Իրենից]: Իսկ երեսի վրա ընկավ, որպեսզի մեր անկյալ բնությունը 1515 վերստին կանգնեցներ. ինչպես գորովագութ հայրն է խոնարհվում ընկած [որդու] հանդեպ և ձեռք մեկնելով բարձրացնում, այդպես էլ մեր Տերն ընկավ, որ [մեր բնությունը] բարձրացներ, և մեռավ, որ կենդանացներ: Նաև աղոթելու կերպն է սովորեցնում մեզ, որ պետք է գետնին հպվել երեսով` ճանաչելու համար, որ մեր բնությունը հողից է, ինչպես նաև մտքում ունենալու Արարչին, Ով կավի մեջ Իր անապական պայծառ պատկերը լցրեց:
[Ավետարանիչն] ասում է` «աղոթեց», որովհետև երբ փորձության մեջ ենք, ցնդում է մեր միտքը, և թափառում են մեր խորհուրդները. [Տերն] աղոթեց, որպեսզի սովորեցներ մեզ, որ [այլ] միջոցներ ու հնարքներ բանեցնելու փոխարեն աղոթք է հարկավոր` ժողովելու համար ցաքուցրիվ խորհուրդներն ու հեռացնելու վրա հասած փորձությունը: Որովհետև [Տիրոջ] բոլոր գործերը կատարվեցին մեզ համար իբրև օրինակ, որպեսզի մենք ևս Նրա օրինակով շարժվենք:
«Հա՛յր Իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակը հեռանա Ինձնից:
[Այսպես է ասում], ո՛չ որ չգիտեր` հեռանալո՞ւ է բաժակը, թե Ինքը խմելու է այն, որ ավելի առաջ ասում էր. «Մկրտությամբ պիտի մկրտվեմ» (Ղուկ. 12։50), և` «Իմ բաժակը կխմեք» (Մատթ. 20։23), «Դրա համար եկա այս ժամին» (Հովհ. 12։27), որ խմեմ սա, այսինքն` որ հատուցեմ ամենքի պարտքը, որը մարգարեներն ու արդարները չկարողացան հատուցել: Եվ նախքան Երուսաղեմ գնալը խոսում էր [Իր] խաչելության չարչարանքների և թաղման մասին, որի ժամանակ նաև Հովնանին հիշատակեց 1515, այլև [ասաց], որ Ինքը «մատնվում է մեղավոր մարդկանց ձեռքը` խաչվելու համար, բայց երրորդ օրը հարություն է առնելու» (հմմտ. Մատթ. 17։21-22): Ուրեմն ինչպե՞ս է հնարավոր, որ բաժակը հեռացվի, և Նրա խոսքերը սուտ լինեն. այլ այսպես էր աղոթում, որովհետև գիտեր ու տեղյակ էր, որ աշակերտները գայթակղվելու էին, Շմավոնը` ուրանալու, Հուդան` խեղդվելու, Երուսաղեմը` ավերվելու, Իսրայելը` ցրվելու, Տաճարը` քանդվելու, քաղաքը` այրվելու, և բյուրավորներ սատակվելու էին սովից ու սրից: Ուստի աղոթում է Հորը. «Թե հնարավոր է,- ասում է,- Իմ մահվան բաժակը թող կորստյան պատճառ չդառնա և շատերին հանցանք գործել չտա, այլ այս բաժակը, որ Ես խմելու եմ, թող առանց վնասի հեռացվի նրանցից», ինչպես որ խաչի վրա էր աղոթում. «Ների՛ր նրանց, որովհետև չգիտեն` ինչ են անում» (Ղուկ. 23։34):
Նաև, եթե ճշմարտապես մարմնացավ և ոչ թե խաբեաբար, ուրեմն նաև փոքրկացավ մարմնի պատճառով, և հնարավոր չէ, որ մարմնի փոքրկությունը չվախենա մահվանից: Որովհետև ինչպես որ աշխատեց, հոգնեց, տքնեց ու տկարացավ, այդպես էլ, երբ հասավ նրա մահվան ժամանակը, անհրաժեշտ էր, որ մարմնին հատուկ բաներն այդտեղ ևս կատարվեին, որպեսզի երևար նրա բնությունը, այն, որ նա Ադամի ծնունդն է: Այլև [Տերը] կարթին հագցրեց մահվան երկյուղը, որպեսզի խաբի մահվանը, և վերջինս դրանով համարձակվի կուլ տալ Նրան և շտապի դուրս թքել, քանի որ [մահը] խափանելու համար կատարվեց այս ամենը:
Բայց ոչ թե ինչպես Ես եմ կամենում, այլ ինչպես Դու»:
Նախ` այստեղ տեսնում ենք առաքյալի խոսքի իրականացումը, որ [ասում է, թե Տերը] «մահուչափ հնազանդ եղավ Հորը և խաչի՛ մահվամբ» (հմմտ. Փիլպ. 2։8)` ամբողջապես մեզ խրատելու համար, որպեսզի ոչ միայն Նրան, այլև Հորը շնորհակալ լինեն առհասարակ ամենքը, որ փրկվում են Միածնի մահվամբ:
Երկրորդ` ինչպես ասացինք, [Տերը] մահվան ժամանակ Իր մարմնին դրդեց սա ասելու, որովհետև բոլոր չարչարանքները մարմնի համար կրեց, որպեսզի երևար, որ Ինքը մարմին է առել: Որովհետև եթե այս ամենը եղավ, և տակավին շատերը չեն հավատում, որքան ավելի [չէին հավատա], եթե եղած չլիներ, որովհետև [Տերը] շատ բաներով ճշմարիտ ցույց տվեց տնօրենությունը` [մարմնի միջոցով], որով խոսում ու որով չարչարվում էր:
Երրորդ` [այսպես խոսեց], որպեսզի երևար աշխարհին Որդու մահվան ծանրությունը, և չասեին, թե առանց չարչարանքի ու աշխատության հատուցվեցին մեր պարտքերը:
Չորրորդ` սովորեցնում է Իր աշակերտներին իրենց Աստծո մահն ու չարչարանքը հանձն առնել, և եթե Նա, Ով գիտուն էր, գիտուն Հորն աղաչեց, որքա՛ն ավելի տգետներն իրենց կամքը պիտի հանձնեն Ամենագետին և իրենց կամքով բնավ ձեռնամուխ չլինեն խոսելու և գործելու:
Հինգերորդ` ընդդեմ նրա, որ Ադամը խափանեց Արարչի կամքը և հաստատեց սատանայինը` մատնվելով իրեն սպանողի բերանը, մեր Տերը խափանեց մարմնի կամքը, որպեսզի հաստատեր մարմնի Արարչի կամքը:
Վեցերորդ` [Տերն այսպես է խոսում], որպեսզի մեզ խրատի փորձության ժամանակ աղոթել ոչ թե մեր, այլ Նրա՛ կամքի կատարման համար, քանի որ Նա ավելի լավ գիտի, թե ինչն է օգտակար և ըստ այդմ է տնօրինում: Եվ յոթերորդ` ոչ թե Իր կամքը բաժանում է Հոր կամքից, այլ [Իրեն Նրա հետ] համակամ ու մեկ ցույց տալիս` ասելով. «Իմ կամքն այլ չէ, քան Քոնը, և ինչպես որ Դու ես կամենում մարդկանց փրկությունն Իմ մահվամբ, այդպես էլ Ես»:
Ստեփանոս Սյունեցի
Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:38
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:36

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: