ՏԻՐՈՋ ԵՐԿԻՒՂԸ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ԺԱՄԻՆ
1. Որդեա՛կ, եթէ նուիրւում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձութիւնների պատրաստիր:
2. Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթութեան մի՛ մատնուիր աղէտների ժամանակ:
3. Փարուի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպէսզի յետագայում բարձրանաս:
4. Ինչ էլ որ գայ քո գլխին, ընդունի՛ր յօժարութեամբ եւ յաճախադէպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր:
5. Ոսկին փորձւում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում:
6. Հաւատա՛ Տիրոջը, եւ նա կը պաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները եւ յոյսդ դի՛ր նրա վրայ:
7. Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք նրա ողորմութիւնը եւ մի՛ խոտորուէք, որպէսզի չգլորուէք:
8. Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, հաւատացէ՛ք նրան, եւ չի կորչի ձեր վարձը:
9. Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք բարիքներ, յաւիտենական ուրախութիւն եւ ողորմութիւն:
11. Նայեցէ՛ք հին ազգերին եւ տեսէք՝ ո՞վ հաւատաց Տիրոջը եւ ամօթով մնաց:
12. Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկիւղի մէջ՝ եւ յուսահատուեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, եւ նա անտես արեց նրան:
13. Արդարեւ, Տէրը գթած է եւ ողորմած, ներում է մեր մեղքերը եւ փրկում է մեզ նեղութեան ժամանակ:
14. Վա՜յ վատթար սրտերին, յուսալքուած ձեռքերին եւ այն մեղաւորին, որ քայլում է երկու շաւիղներով:
15. Վա՜յ յուսաբեկ սրտին, որ չի հաւատում. դրա համար էլ նա չի գտնի պաշտպանութիւն:
16. Վա՜յ ձեզ, որ կորցրել էք համբերութիւնը, եւ ի՞նչ պիտի անէք, երբ Տէրն այցելի հաշիւ պահանջելու:
18. Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, զանց չեն առնի նրա խօսքերը, եւ ովքեր սիրում են նրան, կը պահեն նրա ճանապարհները:
19. Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, կը փնտռեն նրա բարեհաճութիւնը, եւ ովքեր սիրում են նրան, կը լցուեն նրա օրէնքով:
20. Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, նրանց սրտերը պատրաստ կը լինեն Տիրոջ առաջ, նրանց անձերը՝ խոնարհ:
22. Լաւ է Տիրոջ ձեռքն ընկնենք եւ ոչ թէ՝ մարդկանց,
23. քանզի ինչպէս նրա մեծութիւնն է, այնպէս էլ՝ նրա ողորմածութիւնը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: