1. Ով անարգում է փոքրագոյն բաները, քիչ-քիչ կը կործանուի:
2. Կանայք եւ գինին կործանում են իմաստութիւնը, եւ լկտի մարդը պիտի սատակի 555:
4. Ով փութկոտ է հաւատալու մէջ, նա թեթեւամիտ է, եւ ով յանցանք է գործում, մեղանչում է իր հոգու դէմ:
5 .Ով մտքով լիրբ է, շատերից կը մեղադրուի 556:
ՇԱՏԱԽՕՍՈՒԹԵԱՆ ՎՏԱՆԳԸ
7. Մի՛ յօժարիր խօսքդ կրկնել ո՛չ բարեկամին եւ ո՛չ թշնամուն:
8. Եթէ ներսդ մեղքեր չունես, բնաւ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կը լսի եւ կը զգուշանայ քեզանից:
9. Լսեցի՞ր որեւէ խօսք՝ թող մեռնի այն քո սրտում.
10. պի՛նդ կաց, քանզի այն քեզ չի պատռի եւ դուրս չի գայ:
11. Տխմարն իր խօսքից այնպիսի տանջանք է կրում, ինչպէս երեխայից ծնուածը:
12. Ինչպէս մարդու մարմնի մէջ մխրճուած նետն է, այնպէս էլ խօսքն է անմիտ մարդու սրտում:
ՈՒՂՂԵԼ ԲԱՐԵԿԱՄԻՆ
13. Քննի՛ր բարեկամիդ, գուցէ ոչնչով նա չի մեղանչել:
14. Իսկ եթէ մեղանչել է, դարձեա՛լ զգուշացրու, որպէսզի բարեկամութիւնը հաստատ մնայ:
15. Բանսարկութիւնները շատ են, բայց դու ամէն խօսքի մի՛ հաւատա:
17. Մարդ կայ, որ մեղանչում է լեզուով եւ ոչ թէ մտքով, քանզի ո՞վ է, որ մեղք չի գործում մտքով կամ լեզուով:
18. Ամէն իմաստութիւն երկիւղն է Տիրոջից: Նախքան սպառնալը՝ հարցուփո՛րձ արա քո մերձաւորին եւ տե՛ղ թող Բարձրեալի օրէնքի համար:
19. Չարերի խրատն իմաստութիւն չէ եւ ոչ էլ՝ մեղաւորների խորհուրդը:
20. Նենգութիւն կայ, որ գարշանք է, եւ կայ աղքատամտութիւն, որ զուրկ է իմաստութիւնից:
21. Լաւ է երկիւղած աղքատամիտը, քան գիտելիքով հարուստը, որ յանդգնում է զանց առնել օրէնքը:
22. Կայ նրբին խորագիտութիւն, որ լեցուն է ապիրատութեամբ եւ անիրաւութեամբ:
23. Մարդ կայ, որ կորցնում է իր շնորհները, որպէսզի երեւան հանի արդարութիւնը, խորամանկ էլ կայ, որ քայլում է խոնարհ եւ գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգութեամբ:
24. Նա դէմքով խոնարհ է եւ խուլ է ձեւանում, բայց քեզ կը սպասի այնտեղ, ուր չես էլ կարծում:
25. Եւ եթէ ուժի պակասութիւնը նրան արգելք հանդիսանայ վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կը պատճառի, երբ պահը գտնի:
26. Մարդը ճանաչւում է իր հայեացքից իսկ, եւ դէմքի տեսքից երեւում է իմաստութիւնը:
27. Մարդու հագուստը, երեսի ծիծաղը եւ ոտքի քայլը յայտնի է դարձնում նրան:
28. Յանդիմանութիւն կայ, որ բարի չէ, եւ լռութիւն կայ, որ իմաստութիւն է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: