Զաքարիայի մարգարեության մեկնություն 3։6

Ա․ Լոպուխին

6-9․ Տիրոջ Հրեշտակը վկայեց ու ասաց Հեսուին. [6] «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եթե դու ընթանաս Իմ ճանապարհներով և լինես Իմ պահապանը, ապա կդատես Իմ տունը և կհետևես իմ բակերին: Ես թույլ կտամ քեզ քայլել նրանց միջև, որոնք կանգնած են այստեղ»: «Արդ, սլի՛ր, Հեսո՛ւ, մեծ քահանայապետ, դու և քո ազգակիցները, որոնք նստած են քո առջև, նշանավոր մարդիկ. ահա, Ես բերում եմ Իմ ծառային` առավիղին»: «Քանզի ահա այն քարը, որը Ես դնում եմ Հեսուի առջև: Այս մեկ քարի վրա յոթը աչքեր կան. ահա Ես նրա վրա մակագրություն պետք է փորագրեմ ու այս երկրի մեղքերը պետք է վերացնեմ մեկ օրում»,− ասում է Զորությունների Տերը: (Սինոդական թարգ․)
   
   Որպես վերջաբան՝ Իսրայելի ողջ ակնկալիքներին վերաբերող խոստում է տրվում: Հեսուի և նրա ազգակից քահանաների համար կանխագուշակվում է Տիրոջ Ծառայի հայտնվելը, որի անունը «Շառավիղ» է: Այս անվամբ, իհարկե, մատնանշվում է Մեսիան: Սակայն մերժողական քննադատության ներկայացուցիչները փորձում են ապացուցել, որ Զաքարիայի մարգարեության 3:8−րդ համարում Շառավիղ է կոչվում Զորաբաբելը (և միայն նա): Զելլիինը, օրինակ, հետևյալ միտքն է արտահայտում․ «Համաձայն մարգարեության 4:9−րդ համարի՝ որպես տաճարի հիմնադիր և կառուցող ներկայացվում է Զորաբաբելը, իսկ համաձայն Զաք. 6:13−րդ համարի` Շառավիղը. այստեղից էլ Զորաբաբելի և Շառավիղի նույն անձը լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ առնվել» (II, 77): Մեկնության այս տարբերակը, որի պարագայում անտեսվում է հատվածի համատեքստը, չի կարող հիմնավոր համարվել: Օրինակ` ինչպե՞ս համաձայնեցնել այս տեսակետի հետ հաջորդ համարի հետևյալ արտահայտությունը` «վերացնելու եմ այս երկրի մեղքերը մեկ օրում»: Ակնհայտ է, որ երկրի մեղքերի ներումը անմիջական կապի մեջ է այն քարի վրա կատարված մակագրության հետ, որը նախորդ համարում անվանվում է Շառավիղ. դրանք մակագրություններ են, որոնք խոսում են ինչպես Շառավիղի արժանիքների, այնպես էլ առաքելության մասին: Այս արտահայտությունը բացարձակապես չի կարելի վերագրել Զորաբաբելին, այլ միայն Մեսիային, Ում նախաօրինակն ու նախահայրն էր համարվում Զորաբաբելն ըստ մարմնի: Ահա Զորաբաբելի և Հիսուսի (Շառավղի) փոխհարաբերության հատվածի վերաբերյալ խոսում է սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին՝ մեկնելով Զաքարիայի մարգարեության 4:9−րդ համարը. «Եթե Տերը խոսում է Զորաբաբելի մասին` ասելով, որ Զորաբաբելի ձեռքով հիմնադրվեց այս տաճարը, ապա պատմական առումով մենք կարող ենք ընդունել այդ փաստը, սակայն հոգևոր տեսակետից այդ խոսքերը պետք է վերագրել Քրիստոսին, քանի որ Նա դարձավ մեր հիմքը, և մենք բոլորս Նրա համար կառուցված ենք իբրև հոգևոր տաճարներ» (Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Ч. 11. С. Посад, 1898, էջ 78): Թագավորական իշխանության և քահանայական արժանապատվության միավորումը մեկ անձի մեջ, որի մասին խոսվում է մարգարեության 6:13−րդ համարում, նույնպես չի կարելի վերագրել Զորաբաբելին։ Միայն Մեսիան է միաժամանակ և՛ թագավոր, և՛ քահանայապետ (Reinke. Op. cit. S. 88. 71, էջ 84):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Տիրոջ Հրեշտակը կանգնած էր: Տիրոջ Հրեշտակը վկայութիւն տուեց Յեսուին եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակն ազդարարեց Հեսուին և ասաց.
(Գրաբար) Եւ հրեշտակ Տեառն կայր. եւ դնէր վկայութիւն հրեշտակն Տեառն ընդ Յեսուայ եւ ասէր.