Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
6-9․ «Եվ Տիրոջ Հրեշտակը վկայեց ու ասաց Հեսուին»: [6] «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եթե դու ընթանաս Իմ ճանապարհներով և եթե լինես Իմ պատվիրանների պահապանը, ապա կլինես Իմ տան դատավորը, կհսկես Իմ գավիթները, և Ես քեզ թույլ կտամ շրջել այստեղ կանգնողների մեջ»»։ «Լսի՛ր ուրեմն, Հեսո՛ւ, մե՛ծ քահանայապետ, դու և քո առջև նստած քո եղբայրները՝ նշանավոր մարդիկ. ահա Ես բերում եմ Իմ ծառային՝ Շառավղին»։ «Քանզի ահա այն քարը, որ Ես դնում եմ Հեսուի առաջ. այդ մեկ քարի վրա յոթ աչքեր կան. ահա Ես նրա վրա պիտի փորագրեմ նրա գրերը, - ասում է Զորությունների Տերը, - և այս երկրի մեղքը պիտի ջնջեմ մեկ օրում»։ (Սինոդական թարգ․)
Որպես վերջաբան՝ տրվում է խոստում, որը վերաբերում է ողջ Իսրայելի ակնկալիքների առարկային: Հեսուի և նրա քահանայակից եղբայրներին կանխագուշակվում է Տիրոջ Ծառայի հայտնությունը, որի անունը «Շառավիղ» է: Այս անվամբ, անշուշտ, մատնանշվում է Փրկիչը: Սակայն մերժողական քննադատության ներկայացուցիչները փորձում են ապացուցել, որ Զաքարիայի մարգարեության 3:8−րդ համարում Շառավիղ է կոչվում Զորաբաբելը (և միայն նա): Զելլինը, օրինակ, արտահայտում է հետևյալ միտքը. «Համաձայն Զաք. 4:9−ի՝ որպես տաճարի հիմնադիր և կառուցող ներկայացվում է Զորաբաբելը, իսկ համաձայն Զաք. 6:13−ի` Շառավիղը. այստեղից էլ Զորաբաբելի և Շառավղի նույն անձը լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ դրվել» (II, 77): Մեկնության այս տարբերակը, որի դեպքում անտեսվում է խոսքի համատեքստը, չի կարող հիմնավոր համարվել: Օրինակ` ինչպե՞ս կարելի է այս տեսակետի հետ համաձայնեցնել հաջորդ համարի հետևյալ արտահայտությունը` «այս երկրի մեղքը պիտի ջնջեմ մեկ օրում»: Ակնհայտ է, որ երկրի մեղքը ջնջելն ուղղակիորեն կապված է այն քարի վրա փորագրված մակագրության հետ, որը նախորդ համարում կոչվում է Շառավիղ. դրանք մակագրություններ են, որոնք խոսում են ինչպես Շառավղի արժանիքների, այնպես էլ առաքելության մասին: Այս արտահայտությունը բացարձակապես չի կարելի վերագրել Զորաբաբելին, այլ միայն Փրկչին, Ում նախատիպն ու ըստ մարմնի նախահայրը Զորաբաբելն էր: Ահա Զորաբաբելի և Քրիստոսի (Շառավղի) փոխհարաբերության անաչառ մեկնությունը, որը ներկայացնում է սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին՝ մեկնելով Զաքարիայի մարգարեության 4:9−րդ համարը. «Եթե Տերը խոսում է Զորաբաբելի մասին` ասելով, որ Զորաբաբելի ձեռքերը հիմնեցին այս տաճարը, և նրա ձեռքերն էլ պիտի ավարտեն այն, ապա պատմականորեն դու կարող ես այդ խոսքերը վերագրել նրան, սակայն հոգևոր տեսանկյունից այդ խոսքերը պետք է ընկալել Քրիստոսի վերաբերյալ, քանի որ Նա դարձավ մեր հիմքը, և մենք բոլորս հոգևորապես կառուցված ենք Նրա համար՝ որպես սուրբ տաճար» (Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Ч. 11. С. Посад, 1898, էջ 7-8):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Տիրոջ Հրեշտակը կանգնած էր: Տիրոջ Հրեշտակը վկայութիւն տուեց Յեսուին եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակն ազդարարեց Հեսուին և ասաց.
(Գրաբար) Եւ հրեշտակ Տեառն կայր. եւ դնէր վկայութիւն հրեշտակն Տեառն ընդ Յեսուայ եւ ասէր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: