Ներկա ժողովածուի խորագիրը պայմանավորված է նրանում ընդգրկված միավորների բովանդակությամբ: Այն բաղկացած է հայ եկեղեցական մատենագրության մեջ մասնահատուկ հետաքրքրություն ներկայացնող հետևյալ նյութերից.
Ա. Խաչի գյուտը Երուսաղեմում
Բ. Ս. Եղիշե վարդապետ, Հեսուի և Դատավորների մեկնությունը
Գ. Վարդան Արևելցի, Ճառեր
Դ. Մեկնություն «Հայր մեր»-ի` Ստեփանոս Սյունեցի, Ներսես Լամբրոնացի, Վարդան Արևելցի, Ղուկաս Լոռեցի:
Նյութերի այսօրինակ ընտրությունն ու աշխարհաբարի վերածումը նպատակ ունի ընթերցողներին ճաշակ տալ հավատքի հուշարձաններով այնքան հարուստ Հայ միջնադարի հոգևոր կեցության երկու կարևորագույն մարզերի` սրբազան ավանդության և աստվածաբանության վերաբերյալ: Այսպիսի ժողովածուի կազմումը լոկ ճանաչողական նպատակ չի հետապնդում, քանզի ճանաչողությամբ գոհանալ նշանակում է թերի թողնել հոգևոր աշխատանքը: Ըստ այսմ, ժողովածուի նպատակն է ճանաչողության միջոցով արթնացնել նիրհող հոգևոր բնազդը, ընթերցողին վերադարձնել այն, ինչ անողոք ժամանակը և անտարբերություն սերմանող դարը խլել էին նրանից:
Լայն առումով ներկայացված բոլոր նյութերն էլ այս կամ այն հարաբերությամբ վերաբերում են սրբազան ավանդությանը: Սակայն Ա նյութը, թող որ անուղղակիորեն կապվելով աստվածաշնչյան իրականության հետ, սրբազան ավանդությունը ներկայացնում է առավել հարազատորեն` նրա ակունքին գտնվելով անհամեմատ մոտիկ: Այս են ցույց տալիս պատմական փաստերը: Ինչպես հայտնի է, Կլավդիոս կայսեր (41-54թթ.) կնոջ Պրոտոնիկե (կամ Պատրոնիկե) կայսրուհու կողմից Հիսուսի խաչը գտնելու մասին վիպող զրույցը մաս է կազմում ասորական մատենագրության վաղագույն հուշարձաններից մեկի` «Ադդայի (Թադեոսի) վարդապետությանե: Այն կյանքի է կոչվել Գ դարում, «որպես աղբյուր ունենալով Եդեսիայի փաստաթղթերը»[1], որոնցում արձանագրված են եղել քրիստոնեության արշալույսին տեղի ունեցած իրադարձությունները: Սրանց արձագանքը կարելի է համարել հետևյալը. Քրիստոսի աշակերտներից մեկը` Ադդան դիմելով Եդեսիայի Աբգար արքային ու նրա պալատականներին պատմում է այն մասին, թե «ինչ կատարվեց նրանց հետ, ովքեր, ինչպես և դուք, ընդունեցին Քրիստոսին»: Իր անունից նա պատմեց նաև Պրոտոնիկեի մասին: Պրոտոնիկե կայսրուհու պատմության վաղնջականության ու հավաստիության մասին է վկայում այն փաստը, որ քրիստոնեական պատմագրության հայր Եվսեբիոս Կեսարացին (+339թ.) իր Եկեղեցական պատմության մեջ հիշատակում է մինչ այդ արդեն լայնորեն շրջանառվող այդ պատմության մի տարբերակը[2]: Տոգորվելով Պրոտոնիկեի Երուսաղեմում ծավալած սխրական բարեպաշտությամբ` Կլավդիոսն իր կայսրության 9-րդ տարում (50թ.) Հռոմից արտաքսում է Քրիստոսին մերժած և անարգած հրեաներին[3]: Պրոտոնիկեի զրույցի պատմականությունը հաստատվում է նրանով, որ այն վիպական անդրադարձն է Կլավիդիոս կայսեր օրոք 46/47թ. գարնանը Երուսաղեմում տեղի ունեցած իրադարձությունների: Ըստ Ա դարի հրեա պատմիչ Հովսեպոս Ֆլավիոսի վկայության, այդ տարում է եղել Հրեաստանի սովը[4]: Այս տեղեկությունը համապատասխանում է «Գործք առաքելոց»-ի վկայությանը, թե մեծ սով է եղել Կլավդիոս կայսեր օրոք (Գործք առաքելոց ԺԱ 28): Սովյալներին օգնելու նպատակով Ադիաբենի (Եդեսիա) Հեղինե թագուհին իրապես 46/47թ. այցելել է Երուսաղեմ[5]: Ինչպես նկատում է Մովսես Խորենացին, այս Հեղինեն «հավատքով զարդարված իր Աբգար ամուսնու նման չհանդուրժելով կռապաշտներին (խոսքը աքսորավայրի` Խառանի բնակիչների մասին է - Հ.Ք.) բնակակից լինելը» հեռանում է այնտեղից, և Կլավդիոս կայսեր ժամանակով գնում է Երուսաղեմ: Իր գանձերը վաճառելով` նա Եգիպտոսից ցորեն է գնում և «բաշխում բոլոր կարոտյալներին»[6]: Այսու պատմականորեն վավերական Հեղինեի անձը, նկարագիրն ու բարեպաշտական ընթացքն իր վիպական արտացոլքն է գտնում Պրոտոնիկեի նկարագրի և ընթացքի մեջ: Պրոտոնիկեի բարեպաշտ ընթացքին ներդաշնակում է Կլավդիոս կայսեր Հռոմում իրականացրած հակահրեական քաղաքականությունը[7]:
Ինչ վերաբերում է Հակոբոսին, նա` Հակոբոս Տյառնեղբայրն, ըստ ավանդության, եղել է Երուսաղեմի եկեղեցու առաջին հովվապետը, որի գլխավորությամբ 49թ. գումարվել է առաջին եկեղեցաժողովը[8]: Ինչպես պատմում է սրբազան ավանդությունը, Հակոբոս Տյառնեղբոր նահատակությունից հետո, հրեաները մարդկանցից ծածուկ Սուրբ Խաչը թաղում են Գողգոթայի հողի մեջ: Ս. Խաչի երկրորդ գյուտը կապված է Մեծն Կոստանդիանոս կայսեր մոր` ս. Հեղինեի անվան հետ, որ Երուսաղեմ կատարած ուխտագնացության առիթով 335թ. այնտեղ կառուցել է բազիլիկատիպ մի եկեղեցի:
«Սուրբ Թադեոս առաքյալի վարդապետությունից է` Պատրոնիկե թագուհու ձեռքով Խաչի առաջին գյուտի մասին» ավանդազրույցը, որ բաղկացուցիչն է «Ադդեի (Թադեոսի) վարդապետության», ասորերենից հայերեն է թարգմանվել Ե դ.: Հայերեն թարգմանությունը «կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ թարգմանվել է վաղագույն մի խմբագրությունից, այլ նաև հետաքրքրական տարընթերցումներով»[9]:
Ներկա աշխարհաբար թարգմանությունն իրականացված է ըստ հետևյալ հրատարակության. «Ղեբուբնա Եդեսացի, Թուղթ Աբգար թագաւորի Հայոց, եւ քարոզութիւնք սրբոյն Թադէոսի առաքելոյ», Երուսաղէմ, 1868, էջ 60-71:
* * *
Մատենագրական մյուս միավորները (Բ-Դ) գերազանցապես վերաբերում են աստվածաբանության մարզին: Սրբազան ավանդության հենքի վրա դրանցում տրված է Աստվածաշնչի տարբեր մատյանների ու տեղիների մեկնաբանությունը:
Հայ միջնադարյան մատենագրության ուրույն բնագավառներից է աստվածաշնչական մեկնաբանությունը: Նրա ակունքը սկիզբ է առնում Ե դարից և սնվում թարգմանական գրականությունից: Այս բնագավառում ստեղծված առաջին գործերից են Ս.Եղիշեի Արարածոց գրքի ու Հեսուի և Դատավորաց մեկնությունները: Արարածոց մեկնությունը ցավոք մեզ լրիվ չի հասել: Սակայն, ինչպես երևում է, այդ աշխատությունն ամբողջապես կար ու շրջանառության մեջ էր մինչև Ժ դարը: Իբրև կարևոր երկասիրություն նրա մի շարք հատվածները վկայակոչվել ու զետեղվել են ԺԳ դարի մեծանուն մատենագիր Վարդան Արևելցու Արարածոց խմբագիր մեկնության, ինչպես նաև` «Լուծմունք ի Սուրբ Գրոց» («Ժղլանք») աշխատության մեջ: Այդ հատվածները հավաքել և դրանց հիման վրա ուսումնասիրություն է գրել երջանկահիշատակ Լ.Ս. Խաչիկյանը[10]:
Հեսուի և Դատավորաց մեկնությունը (460թ.) շարադրված է ալեքսանդրյան մեկնաբանական ավանդույթի հետևողությամբ: Հեղինակն իրեն հատուկ հմտությամբ կիրարկում է այդ ավանդույթի թելադրած խորհրդաբանական մեկնության բոլոր գլխավոր սկզբունքները[11]: Հինկտակարանային իրողությունների մեկնաբանությունը նպատակաուղղված է մեկ հիմնական խնդրի. ցույց տալ Նորի ներկայությունը Հնի մեջ, այլաբանական վերլուծումով թափանցել Հնի խորքերը` նոր ու նորացնող պատգամներ քաղելով այնտեղից: Սակայն բարոյացումից զատ մեկնությունը նպատակ ունի աստվածաբանականացնել միտքը, այն առաջնորդել դեպի խորհրդի բարձունքները: Այս արդեն հատկորոշում է սուրբգրային մեկնաբանության վերին, բարձրագույն մակարդակը[12], որ թույլ է տալիս ընթերցողին Աստվածաշնչի մեջ տեսնել ու լսել վերտարածքային ու վերժամանակային իրակությունների առկայծումներն ու արձագանքները:
Ս. Եղիշե վարդապետի խնդրո առարկա աշխատությունն ընդգրկում է Հեսուի և Դատավորաց գրքերի ոչ բոլոր գլուխների և համարների մեկնությունը: Այսպես. Հեսուի մեկնությունը սկսվում է Բ 1-ից (գլ. Ա-Բ) և պարունակում Դ 1-7 (գլ. Գ), Ե 2 (գլ. Դ-Ե), Զ 15 (գլ. Զ), Զ 22-25 (գլ. Է-Ղ), Է 1-26 (գլ. Թ), Թ 1-15, Ժ 24 (գլ. Ժ), Ժ 12-14 (գլ. ԺԱ) հատվածների բացատրությունը: ատության ԺԲ-ԺԶ գլուխները պարունակում են ԴատավորացԱշխ գրքի հետևյալ տեղիների մեկնությունը Բ 1-5 (գլ. ԺԲ), Զ 36-40 (գլ. ԺԳ), Է 9-22, Ը 24-25 (գլ. ԺԴ), ԺԱ 29-40 (գլ. ԺԵ), ԺԳ-ԺԶ (գլ. ԺԶ):
Աշխարհաբար թարգմանությունն իրականացված է համաձայն տպագրի[13] («Մատենագիրք Հայոց», Ա, էջ 936-954) և պատրաստածս քննական բնագրի («Էջմիածին» [ամսագիր, 2014, հրատ. ընթացքում]):
* * *
Վարդան Արևելցին (+1271) հայ եկեղեցական մատենագրության մեծագույն դեմքերից մեկն է, որի բազմահարուստ ժառանգության մեջ (պատմագրական, մեկնաբանական, քարոզչական, սրբախոսական, քերականագիտական, հանրագիտարանային և այլն) մասնավոր հետաքրքրություն են ներկայացնում ճառերը, որոնց նպատակն է բացատրել Աստվածաշունչը: Այդ է պատճառը, որ դրանք ունեն ոչ այնքան բարոյախրատական որքան մեկնաբանական աստվածաբանական ուղղվածություն: Ինչպես երևում է, այդ ճառերը շարադրվել են ոչ թե լայն ունկնդության, այլ ավելի վարդապետական լսարաններում ներկայացվելու նպատակով: Դրանց մեջ արտահայտվում է Վարդան Արևելցու` Աստվածաշնչի, եկեղեցու հայրերի ժառանգության, Մերձավոր Արևելքի պատմության, Անտիկ դիցաբանության փայլուն իմացությունն ու մեկնաբանելու, ուշագրավ վերլուծումներ կատարելու կարողությունը: Վարդան վարդապետն իր ճառերում շոշափում է աստվածաշնչյան բանասիրության հարցեր: Այսպես, Բ ճառում նա նկատում է, որ համաձայն ասորիների Մովսես նախամարգարեի գրած առաջին գիրքը Ելիցն է, որովհետև նա այդ գիրքը գրել է իբրև ականատես, մինչդեռ Հնգամատյանի առաջին` Ծննդոց գիրքը նա շարադրել էր հետագայում համաձայն Աստծո թելադրանքի: Հեղինակը վկայակոչում է Եբրայեցի իմաստասեր Ապոլիմոսին, որն ասում էր, թե երբ իսրայելացիները անցնում էին Կարմիր ծովով նրանց վրա հանգչում է շնորհաց Հոգին, և, մոռանալով գերության լեզուն` եգիպտերենը, նրանք նոր լեզու են ստանում ու դրանով երգում օրհնությունը: Եվ, համաձայն աստվածատուր այդ լեզվի էլ, Մովսեսը ստեղծեց եբրայական գրերը, որոնցով շարադրեց Հնգամատյանը:
Աղբյուրներին քաջատեղյակ լինելը թույլ է տալիս Վարդանին համադրել դրանք և ընդունել դրանցից առավել արժանհավատը: Այսպես, Զ ճառում, խոսելով Հովհաննես Ավետարանչի և նրա Ավետարանի մասին` Վարդանն ասում է, թե ըստ Հովհաննեսի աշակերտ Պրոխորոնի վկայության, նա Ավետարանը գրել է Պատմոս կղզում Դոմետիանոս կայսեր հալածանքների ժամանակ, մինչդեռ համաձայն Եվսեբիոս Կեսարացու Եկեղեցական պատմության, գրել է Եփեսոս քաղաքում:
Ուշագրավ է Սուրբ Երրորդության վերաբերյալ հեղինակի խորհրդածությունը: Քրիստոնեական աստվածաբանության մեջ բառացիկ խորությամբ ու համակողմանիությամբ վերլուծված այս իրողությունն ունի երկու մակարդակ. հայտնութենական (=տնօրինական) և վերհայտնութենական (=անդրանցական` տրանսցենդենտալ): Ցույց տալու համար, որ առաջին մակարդակն անհրաժեշտապես կապված է ժամանակի հետ` Վարդան վարդապետը հարկ է նկատում արձանագրել, որ Ս. Երրորդության վերաբերյալ գիտելիքով օժտված են ոչ միայն քրիստոնյաները, այլև` հրեաները: Այդ են հաստատում արդեն Հին Կտակարանի «Երկրորդ օրենք» գրքի «Լսիր Իսրայել քո Տեր Աստվածը մեկ է» (Զ 4) բառերը: Երբ Հերմես եռամեծ փիլիսոփան ստուգում էր Յոթանասնից թարգմանության որակն ու ճշգրտությունը, հանդիպելով այս բառերին, զարմանքից դադարեցնում է ընթերցումը և ասում հրեաներին, թե իրենց Աստվածը եռանձնյա է, բայց բնությամբ` մեկ, որովհետև այդ են մատնացույց անում Տեր (=Հայր), Աստված (=Որդի), Տեր (=Ս.Հոգի) և մեկ (բնություն) բառերը:
Վարդապետական աստվածաբանության հետազոտման համար նույնքան ուշագրավ են Վարդանի մտածումները Աստծո բնության վերաբերյալ: Վկայակոչելով Եվագր Պոնտացուն` Վարդան Արևելցին շեշտում է հրամանակարգային այն կարևորագույն հիմնադրույթը, թե Աստված մեկ ու միակ է, ունի գերպարզ, անտրոհելի բնություն: Եթե մենք` եղական արարածներս բաղադրված ենք բազմաթիվ ու զանազան տարրերից, ապա Աստված ունի անլուծելի, անխառն, համակ լավ, բարի, ազնիվ, միատարր բնություն: Ադամորդիներից նա, ով հաղորդակից է այս գերպարզ լավին ու բարուն` մոտիկ է Աստվածությանը: Մինչդեռ բազմակիությունը տրոհելի և լուծելի է. տրոհելիությունը հատուկ է մարմնին, իսկ անտրոհելիությունը` հոգուն: Այս նույն ճառում Վարդանը խոսում է Աստծո էության և անվան հարաբերության մասին: Աստվածաբան հեղինակը նկատում է, որ էությունը նախորդում է անվանը: Բայց քանի որ Աստծո ինքնիսկույթ բնությունը սկզբունքորեն անընկալելի և անհայտ է մեզ, ուստի «Տեր», «Աստված» անվանումներով բացարձակ էությունը դրսևորում է իր երկու կարևորագույն, ադամորդուն հասկանալի, հատկությունները: «Տեր» անունով մատնանիշ է արվում այն անառարկելի ճշմարտությունը, թե միայն նա է ստույգ գոյ և էություն, և որ մենք, լինելով եղական, գոյության ենք կոչվել Նրա կողմից: «Տեր»-ը ցույց է տալիս նաև Աստվածության իշխանական և դատողական զորությունը, իսկ «Աստված»-ը` արարչական և բարեգործական կարողությունը: «Ես եմ քո Տեր Աստվածը» արտահայտության մեջ «Տեր»-ը նախորդում է «Աստված»-ին այն պատճառով, որպեսզի եգիպտական գերությունից հանելիս ընտրյալ ժողովուրդն իրենից վախենար ինչպես ծառան` տիրոջից: Մինչդեռ «Տեր»-ին հետևող «Աստված» անվամբ շեշտվում է Նրա բարերար ու բարի լինելը, որով Իր ժողովրդից չպահանջեց հաշիվ տալ Նրա անբարո վարքի համար:
Ս.Երրորդության, Աստծո բնության վերաբերյալ խորհրդածություններից զատ ուշարժան են նաև Վարդանի մարդաբանական դիտումները, որոնք աչքի են ընկնում վարդապետական ինքնօրինակությամբ: Ընդգծելու համար մարդու հոգեբնախոսական ներդաշնակությունը (Ա ճառ) նա մատնանշում է ադամորդու հոգով և մարմնով ստեղծված լինելու հանգամանքը: Վարդանն ասում է, որ դա այն նպատակով է, որպեսզի, երբ մարդ նայի որևէ բանի կարիք չունեցող հոգու բնությանը, հպարտանա, բայց, մյուս կողմից, տեսնելով նյութի կարիք ունեցող հողեղեն բնությունը` խոնարհվի[14]: Մյուս պատճառն այն է, որ մարդ, ունենալով այդ երկու հակոտնյա բևեռները` կարողանա միջնորդ լինել հակոտնյա բևեռների` անմարմին երկնավորների և բացառապես մարմնից բաղկացած անբան երկրավորների համար, «որպեսզի արարածներն իրարից չօտարանանե: Հոգով մեղանչող մարդը մարմնով չարչարվելով կարող է արդարանալ, մինչդեռ սատանան չի կարող, որովհետև վերջինս մարմին չունի: Ուստի ապաշխարությունն ու արդարացումը երկու շնորհներ են, որոնցով օժտված մարդը կարող է ձերբազատվել մեղքերից:
Միջնադարում ընդունված բառային ստուգաբանության միջոցով Վարդան վարդապետը փորձում է բացահայտել բառի մեջ բնակվող վարդապետական բովանդակությունը: Արարչության վեցերորդ օրվա խորհուրդը բացատրելու համար նա հիշատակում է Հռոմի Սեղբեստրոս Ա պապի կողմից շաբաթվա օրանունների հաստատումը: Վեցերորդ օրը պապն անվանեց «պարասկյավի» (հունարեն parasceuh բառի տառադարձումն է): Վարդանը նախ տալիս է դրա մասամբ լեզվաբանական մասամբ հոգևոր ստուգաբանությունը: Ասելով, թե այդ բառը «ուրբաթ» անվան համարժեքն է` Վարդանը նշում է, որ այն «մեր լեզվի համաձայն «ավարտ» է թարգմանվում, քանզի մարդն արարչության «գլուխն ու ավարտը եղավ»: Եվ իրապես, ասորերենից եկող «ուրբաթ» բառը «ծագում է ընդհանուր սեմական rb` «արևը մայր մտնել, երեկոյանալ» … եբրայեցերեն «երեկոյ» արմատից»[15], որն էլ բացորոշ կերպով առնչված է «ավարտ»` «օրվա վերջ» իմաստի հետ: Սակայն հետևելով բառիս հունարենում ընդունված և հայ իրականության մեջ որդեգրված աստվածաբանական իմաստին («Ուրբաթն հայերէն է օր բօթի, իսկ ըստ եբրայեցւոց` կազմութիւն». Վանական վրդ. 1181-1251)[16]` Վարդանն այն ստուգաբանում է իբրև «կազմություն» (կամ պատրաստություն), որովհետև այդ օրը մարդ կազմվեց Աստծո պատկերով: Այնուհետև հայացնելով «ուրբաթ» բառը տրվում է դրա երրորդ` քրիստոսաբանական ստուգաբանությունը: Ըստ հեղինակի «ուրբաթ» բառը կազմված է «ուր բոթն» մասնիկներից, որոնք խորհրդաբանորեն ակնարկում են Ադամի գործած մեղքի և դրախտից արտաքսվելու տխուր լուրի` բոթի հետևանքով ադամորդուն համակած վիշտը: Այդ վիշտը բազմապատկվում է նույն` ուրբաթ օրը, «ուրբաթացած ժամին» Աստծո Միածին Որդու` Քրիստոսի` Խաչի վրա ճաշակած անարգ մահվամբ, որը սակայն մեզ ազատեց մեղքից և մահից:
Վարդան Արևելցու ստուգաբանական դիտարկումներից են նաև Շաբաթ` հանգիստ (Բ) Կին` կյանք (Գ), Կաթողիկոս` Ամենակալ (Գ), Աբեղա` հայր, Կրոնավոր` Քրիստոսի Խաչը կրող (Գ), Քահանա` քավիչ (Գ), Եպիսկոպոս` տեսուչ (Գ), Եկեղեցի` ժողովուրդ (Գ), Իսրայել` Հորը տեսնողը (Ե) և այլն: Ստուգաբանական այս դիտարկումները ևս իրենց հերթին վկայում են Վարդանի իմացականության, աստվածաբանական պատրաստությունների մասին:
Ճառերի աշխարհաբար թարգմանությունն իրականացված է հետևյալ հրատարակության հիման վրա. Վարդան Արևելցի, Ճառք, Ներբողեանք, Երևան, 2000, որտեղից ընտրված ու ներկայացված են Ա, Բ, Գ (զանց է առնված վերջընթեր հռետորական մասը) Ե, Ժ, ԺԲ ճառերը:
* * *
Հայ (և ոչ միայն հայ) միջնադարյան մատենագրության մեջ ուրույն հետաքրքրություն են ներկայացնում Տերունական աղոթքի մեկնությունները: Այս աղոթքի մեջ (Մտթ. Զ 9-13, Ղուկ. ԺԱ 2-4) առավելագույն խտացումով արտահայտված են Աստված-մարդ, մարդ-Աստված հարաբերության կարևորագույն պահերը: Նա հոգևոր կենցաղավարության այբուբենն է, որի յուրաքանչյուր տառանիշը հանգամանալից բացատրվել է Եկեղեցու հայրերի ու վարդապետների (Որոգինես, ս. Կիպրիանոս, ս. Գրիգոր Նյուսացի, ս. Հովհան Ոսկեբերան և ուրիշներ) ջանքերով: Առաջնորդվելով հայրախոսական հարուստ փորձառությամբ` հայ մատենագիրները ևս բացատրել են Տերունական աղոթքը: Ժողովածուս ընդգրկում է Ստեփանոս Սյունեցու (+735), Ներսես Լամբրոնացու (+1197), Վարդան Արևելցու (+1271) և Ղուկաս Լոռեցու (ԺԵ-ԺԶ դդ.) «Հայր մեր»-ի մեկնությունները, որոնցից յուրաքանչյուրն օժտված է ուրույն վարդապետական հետաքրքրությամբ: Եթե Ստեփանոս Սյունեցու մեկնությունն աչքի է ընկնում գերազանցապես խորհրդական, Ներսես Լամբրոնացունը` բարոյախրատական, ապա Վարդան Արևելցունը` բարոյախորհրդաբանական ուղղվածությամբ: Աստվածաբանական երկու մոտեցումների մեկտեղումը Վարդան վարդապետի մեկնությանը տալիս է վարդապետական ակներև արժեք: Ուստի զարմանալի չէ, որ երկի մի մասն իբրև ուրույն մատենագրական միավոր, գրչական միջամտությամբ, տեղ է գտել ձեռագրերից մեկում ս. Գրիգոր Նարեկացու անունով (Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 5753, թ. 37ա-41ա), և այդ միակ ձեռագրի հիման վրա հրատարակվել ու արժեվորվել իբրև Նարեկացու գրչի արգասիք[17]: Ղուկաս Լոռեցու մեկնությունը բնորոշվում է բարոյախրատական հորդորի պարզությամբ, կենցաղային անսեթևեթ իմաստությամբ:
Ստեփանոս Սյունեցու «Հայր մեր»-ի մեկնության աշխարհաբար թարգմանությունը հրապարակվում է ըստ` «Չորս Ավետարանների համառոտ մեկնություն», աշխարհ. թրգմ. Վիգեն դպիր (այժմ Տ.Խադ քհն.) Ղազարյանի, Ս. Էջմիածին, 1997 էջ 51-53, Սարգիս Կունդ, Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու, աշխատ. Եզնիկ Եպս. Պետրոսյանի, Ս. Էջմիածին, 2005, էջ 263-265, Ներսես Լամբրոնացունը` համաձայն նրա Պատարագի մեկնության մաս կազմող համապատասխան դրվագի (Վենետիկ, 1847, էջ 451-465), որը Մաշտոցի անվան Մատենադարանի որոշ ձեռագրերում կենցաղավարում է իբրև ուրույն միավորը. ձեռ. 1715, թ. 240ա-252բ, 2169, թ. 356բ-366ա, 851, թ. 297ա-316բ), Վարդան Արևելցունն` ըստ հետևյալ հրատարակության. Վարդան Արևելցի. Ճառք, Ներբողեանք, Եր., 2000, էջ 163-174: Ղուկաս Լոռեցու բացատրությունը քաղված է նրա «Ամենայն, որ ատէ զեղբայր իւր` մարդասպան է» (Ա Հովհ. Գ 15) բնաբանով քարոզից. Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 4355, թ. 312բ-313ա:
ՀԱԿՈԲ ՔՅՈՍԵՅԱՆ
[1] Տե՛ս Հ.Գ.Մելքոնյան, Հայ-ասորական հարաբերությունների պատմությունից, Եր., 1970, էջ 161:
[2] Եկեղեցական պատմութիւն, դպր. Ա, գլ. ԺԳ (Վենետիկ, 1877):
[3] Գործք առաքելոց ԺԸ 2 նաև` Եւսեբիոս Կեսարացի, Պատմութ., դպր. Բ, գլ. ԺԸ:
[4] Josephus, Jewish Ant. XX, 5:
[5] Անդ. XX, 2:
[6] Մովսես Խորենացի, Պատմութ. գիրք Բ, գլ. ԼԵ, տե՛ս Հ.Գ.Մելքոնյան, Ադիաբենի պատմությունը և Հայաստանը, Եր., 1980, էջ 97-98:
[7] Տե՛ս Е.Н. Мещерская, Легенда об Авгаре-Раннесирийский литературный памятник, Л., 1985, с. 45:
[8] Տե՛ս Գր.Սարաֆյան, Եկեղեցական առաջին ժողովին գումարումը Յերուսաղէմ - «Հայաստանեայց եկեղեցի», Պաշտօնաթերթ Առաջնորդարանի Հայոց Ամերիկայի, 1947, Թ հատոր, թիւ 9, Հոկտեմբեր, էջ 306-309:
[9] Հ.Գ.Մելքոնյան, Հայ-ասորական հարաբերությունների պատմությունից, էջ 160:
[10] Տե՛ս Լ.Ս. Խաչիկյան, Եղիշեի «Արարածոց մեկնությունը», Երևան, 1992, նաև` «Մատենագիրք Հայոցե», հտ. Ա, Անթիլիաս, 2003, էջ 769-929 (լրացումներով):
[11] Այս է պատճառը, որ նա, անկասկած ծանոթ լինելով Ս. Եփրեմ Ասորու համաբնույթ մեկնությանը («Սրբոյն Եփրեմի մատենագրութիւնք», Ա, Վենետիկ, 1836), այսուամենայնիվ հավատարիմ է մնացել իր որդեգրած սկզբունքին:
[12] Սուրբգրային մեկնաբանության սկզբունքների ու մակարդակների մասին տե՛ս Փ.Փ.Անթաբյան, Հայ մեկնաբանական գրականության տեսական նախահիմքերի շուրջ, «Բանբեր Մատենադարանի» N 15, 1986, էջ 60-93:
[13] Ի դեպ Vincent Mistrih-ի (Կահիրե) կողմից իրականացված է այս աշխատության ֆրանսերեն թարգմանությունը. Elisռe Armռnien, Commentaire de Josuռ et des Juges-“Studia Orientalia Christiana”, 1991, p. 150-195:
[14] Այս մտածումը վարդապետորեն հարաբերվում է ս.Հովնան Ոսկեբերանի Ծննդոց մեկնության այն խորհրդածությանը, թե Աստված մարդու «զնիւթ մարմնոյն ի հողոյ ստեղծ, զի եթէ հոգիովն հպարտասցի` հողովն շիջանեսցի». տե՛ս ս.Յովհան Ոսկեբերան, Ճառք. Ի մեկնութեանց Ս. Գրոց, Ս.Էջմիածին, 2008, էջ 271:
[15] Տե՛ս Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, Գ, Եր., 1977, էջ 615:
[17] Տե՛ս Մատենագիրք Հայոց, հտ. Ժ, Անթիլիաս, 2009, էջ 1017, 1106-1110, Աբր. վրդ.Մկրտչյան, «Հայր մեր»-ի մեկնություններն ըստ ս.Գրիգոր Տաթևացու, Եր., 1992, էջ 7-8, Հ.Ղ.Միրզոյան, Գրիգոր Նարեկացու գրական ժառանգության հարցի շուրջ, «Բանբեր Երևանի Համալսարանի», 2004, թիւ 1, էջ 64-84, Հ.Թամրազյան, Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը, Եր., 2004, էջ 79-91: Ի դեպ, ս.Գրիգոր Նարեկացու անառարկելի հեղինակության ճնշմամբ նրան է ընծայվել նաև ժողովածուիս մեջ ընդգրկված մյուս` «Եռամեծի սուրբ վարդապետին Վարդանայ ի բանն, որ ասէ «Հայեաց ի քեզ…» ճառը (Մատենագիրք Հայոց, Ժ, էջ 1019-1072, ուր չի օգտագործված արդեն հրապարակի վրա եղած ճառի քննական բնագիրը, տպ. Վարդան Արևելցի, Ճառք, Ներբողեանք, Եր., 2000, էջ 63-85):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: